Привет, Երևան

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը շարունակում է անակնկալներ մատուցել հայ (կամ ոչ միայն հայ) հանրությանը: Նա այսօր ոչ միայն  վերադարձավ Մոսկվայից, այլ նույնիսկ հասցրեց մասնակցել սեփական հրավերով կազմակերպված հանրահավաքին: Բայց անակնկալը միայն սեփական հանրահավաքին սեփական մասնակցությունը չէր:

Մոսկվա կատարած այցից  հետո թվում էր, թե Րաֆֆին քաղաքականությանը գոնե փոքր-ինչ մոտ բացատրություն կտա, «հաղթանակած ժողովրդի» հետ կկիսվի, թե ի՞նչը կարող էր իրեն ստիպել այդ պայմաններում մեկնել Մոսկվա և, ի վերջո, «ի՞նչ բերեց Մոսկվայից»: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ միայն նման բան չարեց, այլև շնորհակալություն հայտնեց իր ու իր ընտանիքի «մասնավոր» այցի նկատմամբ ցուցաբերված հետաքրքրության համար՝ միաժամանակ հայտարարելով, որ ՌԴ մայրաքաղաքում հանդիպել է համապատասխան շրջանակների հետ:

Րաֆֆիի գործունեության, խոսքի մեջ հակասություններն, իհարկե, անչափ շատ են, և բոլորին հնարավոր չէ նույնիսկ անդրադառնալ: Բայց այս դեպքում հակասությունը շատ սկզբունքային է: 540 հազար ձայն ստացած մարդը հանրահավաքում հայտարարում է, որ պատրաստ է մեկնել Մոսկվա, հանդիպել «Պուտինի հետ ու բերել ժողովրդի հաղթանակը», Մոսկվայից վերադառնալուց հետո ասում է, թե դա մասնավոր այց էր, միաժամանակ չի զլանում նշել, որ հանդիպել է համապատասխան շրջանակների հետ: Թե որքանով է նորմալ ու ժողովրդի նկատմամբ հարգալից հայտարարել, որ «մասնավոր այցով» մեկնում է Մոսկվա, այն դեպքում, երբ ժողովրդին թվում էր, թե ինքը գնալու մի ճանապարհ ունի, որը կարող է տանել իշխանափոխության, այլ հարց է:

Բայց մեկ այլ հարց է այն, թե այդ ո՞ր «համապատասխան շրջանակներն» են ընդունել մի մարդու, որը Մոսկվա է մեկնել, ասենք, «Կրասնի Օկտյաբր» կոնֆետ գնելու, այսինքն՝ մասնավոր այցով:  Սրանք առաջին հայացքից կարող են մանրուքներ թվալ, սակայն իրականում վկայում են շատ կարևոր երևույթի մասին: Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթաթուղթը, անկախ բոլոր քննադատություններից ու պիտակավորումներից, ազնվությունն էր, կամ հասարակության մեջ իր անձի նկատմամբ առաջացրած ազնվության տպավորությունը: Ապրիլի 9-ից հետո նման պայմաններում Մոսկվայից վերադառնալով ու նման «խորհրդապահություն» դրսևորելով՝ իրականում Րաֆֆին կորցրեց ազնվությունը, որը գուցե միակ հաղթաթուղթն էր ապաքաղաքական մեթոդներով իրականացվող նրա քաղաքական պայքարում:

Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին խոստացել էր այսօրվա հանրահավաքում հանդես գալ ծրագրային ելույթով և ներկայացնել նոր կառավարության կազմը: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, սակայն, նա չարեց: Այսօր նա ընդամենը հայտարարեց, որ շարունակելու է պայքարը: Բայց դրա համար թերևս չարժեր Մոսվայից հասնել Երևան, քանի որ դա ոչ միայն ծրագրային ելույթ, այլ նույնիսկ նորություն չէր. «Ժառանգություն» կուսակցությունը երեկ տեղեկացրել էր, որ «պայքարը շարունակվում է»:

Իսկ պայքարը, ինչպես պարզ դարձավ այսօրվա հանրահավաքի ձևից ու բովանդակությունից, ուղղվելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այսինքն՝ «համապետական, վերկուսակցական, համազգային» պայքարը, «Նոր Հայաստանի» պայքարը հանգեցվեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզչությանը: Պատահական չէ, որ հաջորդ ուրբաթ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն ոչ թե հանրահավաքի հրավիրեց, այլ դահլիճային հանդիպման: Դա, թերևս, շատ իրատեսական որոշում էր, քանի որ այսօրվա հանրահավաքին մասնակցում էր դահլիճային հանդիպման չափ ժողովուրդ:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ էր Րաֆֆին մեկնել Մոսկվա և ի՞նչ է բերել նա Մոսկվայից: Ըստ ամենայնի, որպես ընդդիմություն «պադդերժկա ստանալու» խոստում: Այնպես, ինչպես Հայաստանի գրեթե բոլոր ընդդիմությունները:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ամենացնցող հայտարարությունը՝«երբ ինձ գետնեցին, ես էլ չորսոտանի կենդանի դարձա…», թերևս, շատերն ընդունել են հումորով կամ հեգնանքով: Սակայն, ըստ ամենայնի, չորսոտանի կենդանու մասին հիշատակմամբ Րաֆֆի Հովհաննիսյանը շատ որոշակի քաղաքական ուղերձ է հղել՝ աշխարհաքաղաքական հավասարակշռությունը պահպանելու նպատակով: Նա չի հիշատակել, թե չորսոտանի հատկապես որ կենդանուն է նմանվել «գետնվելիս»:

Իսկ չորսոտանի կենդանիներից առնվազն երկուսը Րաֆֆի Հովհաննիսյանի ծննդավայր ԱՄՆ-ում շատ որոշակի խորհրդանիշեր են. Էշը ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության խորհրդանիշն է, փիղը՝ Հանրապետական: Այս խորհրդանշական ակնարկով Րաֆֆի Հովհաննիսյանը գուցե ակնարկել է, որ մոսկովյան այցից հետո պատրաստ է ստանձնել Հայաստանում երկկուսակցական համակարգի հիմնասյուներից մեկի դերը: Եվ քանի որ Հայաստանում իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է, որը կարծես իշխանությունից հեռանալու մտադրություն չունի, մնում է կռահել, թե որ կուսակցության որ խորհրդանիշին կարող էր նկատի ունենալ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը այսօրվա հանրահավաքում հայտարարել է նաև, որ առաջիկայում կարող են այցելություններ լինել նաև Բրյուսել, Վաշինգտոն, այլ մայրաքաղաքներ:

Կարծում ենք, Րաֆֆի Հովհաննիսյանը ճիշտ կանի՝ սպասի՝ մինչև սնանկացած «Արմավիայի» փոխարեն ավիաշուկայում հայտնվի նոր «ազգային ավիափոխադրող»: Այլապես այնքան էլ գեղեցիկ չէ «հայ ժողովրդի հաղթանակը» տարբեր մայրաքաղաքներ տանել, ասենք, «Աերոֆլոտի» կամ «Էյր Ֆրանսի» ինքնաթիռներով:

Տեսանյութեր

Լրահոս