Ո՞ւմ համար են ազատում շուկան՝ թուրք, ղրղըզ և բելառուս վարորդների՞. 800 անհատ վարորդ կանգնել է հացի խնդրի առաջ

Տեղական բեռնափոխադրողները բողոքում են, որ հայտնվել են անելանելի վիճակում։ Իրենց դուրս են մղում շուկայից, իսկ տեղը զբաղեցնում են այլ երկրների, մասնավորապես՝ թուրք բեռնափոխադրողները։

«Թուրքիայի քաղաքացիները Վրաստանում բացեցին վրացական ֆիրմաներ, գնեցին վրացական մեքենաներ, թուրք վարորդներին նստեցրին ղեկին ու մտան մեր շուկա՝ որպես երրորդ երկրի բեռնափոխադրող։ Սրան գումարվում են թուրքական բեռնատարները, որոնք երկրորդ երկրից են իրականացնում բեռնափոխադրում՝ Թուրքիայից Հայաստան, բայց մենք իրենց երկիր չենք կարողանում մտնել։ Բացի այդ, թուրքական մեքենաները գնում են ՌԴ տարբեր մարզեր, իրենց ձեռնտու է երրորդ երկրից փոխադրում իրականացնել, որովհետև գալիս Հայաստանում բեռը դատարկում են, հետո Գյումրիով, Ախալքալաքով գնում Թուրքիա»,- ասում է բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրենը։

Թուրքերը կարողանում են ազատ ելք ու մուտք անել Հայաստանում, իսկ իրենք զրկված են Թուրքիա մտնելուց։

Սա՝ դեռ Թուրքիայի հետ սահմանը չբացած։ Դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ է լինելու հայ-թուրքական սահմանը բացելուց հետո և ոչ միայն՝ բեռնափոխադրումների ոլորտում։

Կարդացեք նաև

Թուրքերին միացել են ղրղըզները, նաև բելառուսները. Ռուսաստանում բեռը դատարկում են, այնտեղից բեռ են վերցնում դեպի Հայաստան, բեռնաթափում են Հայաստանում ու նույն ճանապարհով գնում են Թուրքիա.

«Ստացվում է, որ հայ բեռնափոխադրողը կամաց-կամաց դաշտից դուրս է մղվում»։

Դիմել են տարբեր պատկան մարմիների, սակայն ոչ մեկը չի ուզում իրենց խնդրին լուծում տալ։ Ստիպված են եղել բողոքի գործողություններ անել, որպեսզի իրենց ձայնը լսելի դարձնեն։

Առաջարկում են որոշակի առաջնահերթություններ սահմանել իրենց համար, ինչպես անում են այլ երկրները, քվոտաներ դնել, թույլտվություն սահմանել։

Այլ կերպ ասած՝ պահանջում են կանոնակարգել ոլորտը, այլապես հարյուրավոր բեռնափոխադրողներ, որոնք այստեղ լուծում են իրենց աշխատանքի խնդիրը, դուրս կմնան դաշտից, իսկ նրանց կփոխարինեն այլազգիները։

Թվում է, թե ազատ շուկա է, ու բեռնափոխադրողներն իրենք պետք է որոշեն իրենց անելիքները, հարմարվեն ստեղծված պայմաններին։ Բայց իրականում խնդիրը շատ ավելի խորն է և գտնվում է կառավարության կարգավորումների դաշտում։

Խնդիրը մրցակցային հավասար դաշտի մեջ է։ Հայկական բեռնափոխադրողները հայտնվել են անհավասար մրցակցային միջավայրում ու չեն կարողանում դիմանալ դրսի խաղացողների թելադրած պայմաններին։

Այստեղ է, որ կառավարությունն անելիքներ ունի՝ տեղական բեռնափոխադրողներին ճնշումներից պաշտպանելու, շուկան կարգավորելու, բարձիթողի վիճակից հանելու ու մարդկանց աշխատելու հնարավորություն ստեղծելու համար:

 Բայց կառավարությունը կարծես ոչինչ չի ուզում անել. պետական տարբեր կառույցներ անտարբերություն են ցուցաբերում։ Նույնիսկ չեն տիրապետում իրավիճակին կամ, ինչպես սովորաբար լինում է, չեն ուզում գլխացավանքի տակ մտնել։

Մինչդեռ խոսքը ո՛չ մեկ, և ո՛չ էլ մեկ տասնյակ մարդու մասին է։ Խոսքը  հարյուրավոր մարդկանց է վերաբերում և մի ամբողջ ոլորտի, որտեղ մրցակցային անհավասար պայմաններ են ստեղծվել և ոչ միայն՝ դրսի, այլև դրսի կազմակերպությունների հետ համագործակցող տեղական ընկերություններից մեկի պատճառով։

Խոսքը հայկական ամենախոշոր բեռնափոխադրող ընկերության՝ «Սպայկայի» մասին է։

Ինչպես ակցիայի մասնակիցներն են պնդում՝ «Սպայկան» համագործակցելով դրսի պատվիրատուների հետ, փորձում է ոլորտում մենաշնորհային հարաբերություններ հաստատել և շուկայից դուրս մղել համեմատաբար փոքր կազմակերպություններին ու անհատ բեռնափոխադրողներին։

««Սպայկան» է քանդում ոլորտը, չի թողում, որ ոչ մի մասնավոր վարորդ աշխատի՝ առանց իր թույլտվության։ Հիմա էլ սկսել է համագործակցել արտերկրի բեռնափոխադրման կազմակերպությունների հետ՝ մեզ շուկայից դուրս մղելու համար։ «Սպայկան» հարկային արտոնություն է ստանում, այլ երկրների բեռնափոխադրողները հարկ չեն տալիս, բայց պետությունը մեզ քամում է»,- լրատվամիջոցներից մեկ հետ զրույցում անկեղծացել էին ակցիայի մասնակիցները։

Այստեղ մեր ընթերցողին հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը 2018-ի չարաբաստիկ հեղափոխություն կոչվածից հետո հետապնդումներ սկսեցին «Սպայկայի» դեմ, «Սպայկա» ընկերության տնօրենին շոու սարքելով՝ 2019թ. ապրիլի 8-ին աղմուկ-աղաղակով կալանավորեցին, հետո շատ սիրո՜ւն կերպով ազատ արձակեցին 1 ամիս անց: Իհարկե, այդ հետապնդումների թիրախում այլ մարդ էր, բայց բեռնափոխադրող խոշոր ընկերությանը պետք էր իրենց դաշտ տանեին՝ «վախեցնելով», ինչը և արեցին:

«Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը մեղադրվում էր առանձնապես խոշոր չափի հարկ ու տուրք չվճարելու համար։ Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառել էր ավելի քան 7 միլիարդ դրամի վնաս։

Ազատ արձակելուց հետո նույն այդ ՊԵԿ-ը հայտարարեց՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերացել են «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանքի տակ պահելու հիմքերը, ինչպես նաև այն, որ քրեական գործի շրջանակներում վերջինս միասնական հաշվեհամարին վճարել է 1 միլիարդ դրամ գումար, նախաքննության նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազի կողմից որոշում է կայացվել խափանման միջոցը՝ կալանավորումը, փոփոխելու մասին:

Ըստ օդում կախված լուրերի՝ «Սպայկան», այսինքն՝ տնօրենը, հարթեց հարաբերությունները Փաշինյանի և նրա վարչախմբի հետ, չար լեզուները նաև ասում են՝ մուծվեց և հանգիստ, առանց հետապնդումների շարունակում է իր աշխատանքը:

Ինչևէ, բողոքի դուրս եկած բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն ասում են, որ կառավարության կողմից «Սպայկան» հարկային արտոնություններ է ստանում, այլ երկրների բեռնափոխադրողները հարկ չեն տալիս, պետությունն իրենց քամում է:

Այդպես է, թե ոչ՝ նույնիսկ էական չէ։ Ակնհայտ է, որ ոլորտում լուրջ խնդիրներ կան, որոնք պետք է կարգավորվեն։ Որպես ոլորտի ամենախոշոր ընկերություն՝ գուցե և «Սպայկան» կարողանում է դիմանալ ու դրա շնորհիվ ընդլայնել իր դիրքերը, մենաշնորհել շուկան, բայց մյուսները դուրս են մղվում։

Դրսի ու ներսի այս ճնշումը բերել է նրան, որ 800 անհատ վարորդ կանգնել է հացի խնդրի առաջ՝ հայտնվել է անհավասար մրցակցային դաշտում, որը սպառնում է նրանց դուրս մղել շուկայից։

Թե ի՞նչ են մտածում իշխանությունները, մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, հայտնի չէ։

Չեղած տեղից հպարտանում են, որ գործարարության համար ստեղծել են իդեալական պայմաններ, հավասար մրցակցային դաշտ, որտեղ չկան արտոնյալներ, բոլորը հավասար են։

Սա ընդամենը մեկ օրինակ է, որը ցույց է տալիս իշխանությունների խոսքերի սնանկությունը։

Մեծ-մեծ խոսելուց բացի, ոչինչ չեն կարողանում անել։ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, որը կոչված է ապահովել արդար մրցակցային դաշտ, բոլորի համար գործելու հավասար պայմաններ, դարձել է շուկայում գների անհարկի բարձրացումներն ու չարաշահումներն արդարացնող, երբեմն էլ՝ գնային քաղաքականությունը թելադրող մարմին։ Այսպիսի մանր-մունր խնդիրները հավանաբար նրան, նաև կառավարությանը քիչ են հուզում։ Ավելի կարևոր «գործեր» կան՝ ամենուրեք հարկային բեռն ավելացնելով  են զբաղված, գործարարներին են ճնշում, ահաբեկում, որ շատ հարկեր վճարեն։

Բեռնափոխադրողները թող սպասեն ու հուսան, որ մի օր Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն իրենց խնդրին լուծում կտան։

«Մեր ակցիայի նպատակն է, որպեսզի բեռնափոխադրման ոլորտի խնդիրները բացահայտենք, և իշխանությունները տեղեկանան այդ մասին»,- օրեր առաջ ասում էր ակցիայի մասնակիցներից մեկը։

Կարծես կառավարությունը չգիտի այդ մասին ու նոր պիտի իմանա։ Բայց եթե նույնիսկ չգիտի, ավելի վատ, նշանակում է՝ իր տեղում չէ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս