Տնտեսագիտական համալսարանի գլխին կախված է հյուրանոցային բիզնես համալիր կամ ՆԳՆ կոլեգիայի դահլիճ դառնալու վտանգը. Էդգար Ղազարյան
Ցանկացած համալսարանի, այդ թվում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գործունեության առաջնահերթություններից է արդյունավետ ուսումնական գործընթացի կազմակերպումը։ Համալսարանի առջև դրված խնդիրները հնարավոր է լուծել առաջին հերթին ուսումնական գործընթացի պատշաճ կազմակերպման արդյունքում։
Այս մասին այսօր ՀՊՏՀ ռեկտորի ընտրության ժամանակ, ներկայացնելով այդ համալսարանի զարգացման իր հայեցակարգը, նման տեսակետ հայտնեց թեկնածու Էդգար Ղազարյանը։
Հայեցակարգի մի հատված ներկայացնում ենք ստորև՝
«2023 թվականի մարտի 25-ին, առանց որևէ մասնագիտական քննարկումների և հիմնավորումների, ՀՀ վարչապետի կողմից հրապարակված տեսանյութի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից սկիզբ է դրվել «Ակադեմիական քաղաք» հիմնելու անմիտ և անիրատեսական ծրագիր, որի հետևանքը կարող է լինել բազմաթիվ առաջատար բուհերի ոչնչացումը, ինչից չի կարող անմասն մնալ նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։
Կառավարության ներկայացուցիչների կողմից արդեն իսկ հայտարարվել է, որ «բարեփոխումների» արդյունքում Հայաստանում կշարունակեն գործել առավելագույնը ութ պետական բուհեր՝ չմասնավորեցնելով, թե որոնք են դրանք՝ վտանգելով գործող բուհերի ճակատագրերը։
Ոչ պաշտոնական մակարդակում շրջանառվող տեղեկությունները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Երևանի պետական համալսարանի միավորման վերաբերյալ՝ առավել առարկայական են դարձնում այն անհանգստությունները, որոնք վերաբերում են մեր բուհի ճակատագրին։
2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունն իր բացասական հետքն է թողել նաև Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հեղինակության և կառավարման արդյունավետության վրա։
Օրինական ճանապարհով ընտրված ռեկտորի անհարկի պաշտոնանկությունից հետո, անհիմն և ակադեմիական բարեխղճության դեֆիցիտ ունեցող անձանց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելը, տևական ժամանակ ռեկտորի ընտրության մրցույթներ չհայտարարելը, ռեկտորի պաշտոնում քաղաքականապես մոտիվացված որոշումներով հանցավոր գործունեության հետ առնչություն ունեցող անպատիվ գործիչներին նշանակելը չէր կարող իր հետքը չթողնել ոչ միայն համալսարանի հեղինակության, այլև ակադեմիական միջավայրի պահպանման, կրթության որակի և գործունեության վրա։
Չնայած այդ ամենին՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շարունակում է մնալ Հայաստանի ամենահեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը, կարողացել է տարիների ընթացքում ոչ միայն ապացուցել իր կարևոր նշանակությունը տնտեսագետ կադրերի պատրաստման, տնտեսագիտության ոլորտի գիտական հետազոտությունների իրականացման առումով, այլև ամրապնդել իր մրցունակ դիրքերը և հնարավորություններ ստեղծել զարգացման նոր ծրագրեր մշակելու և իրագործելու համար։
Հարկ է նկատել, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը Հայաստանի միակ մասնագիտացված տնտեսագիտական ուղղվածությամբ համալսարանն է, որն իր կամարների տակ կարողացել է մեկտեղել հրաշալի գիտնականների, սրտացավ աշխատակիցների, բանիմաց ուսանողների՝ տալով հանրային կյանքի համար բազում օգտակար շրջանավարտներ։
Համալսարանի ներկա կադրային ներուժը, առկա նյութատեխնիկական պայմանները հնարավորություն տալիս են մտածելու ոչ միայն դրա պահպանության, այլև հետագա զարգացման մասին, ինչին էլ ուղղված է սույն հայեցակարգը»։
Մանրամասները՝ տեսանյութում