Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով վարակման 108 դեպք. մահացել է 2 մարդ

Հայաստանում մինչև օրս գրանցվել է Արևմտյան Նեղոսի տենդով 108 հիվանդացության դեպք․ դեպքերի նվազման միտում դեռևս չկա: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն՝ ընդգծելով, որ բոլոր մարզերում իրականացվում է հակահամաճարակային տեղեկատվական աշխատանք:  

Նախարարը նշեց , որ մոծակներից պաշտպանվելու համար համապատասխան դեղորայքի և ցանցերի կիրառություններից զատ, նախարարությունը մարզային իշխանությունների և համապատասխան կառույցների հետ ջրամբարներում և անհրաժեշտ այլ տարածքներում իրականացնում է որոշակի հակահամաճարակային միջոցներ: 

«Այս պահին նվազման տեմպը բավարար չէ, և կարծում ենք՝ առաջիկա մեկ ամսվա ընթացքում շարունակելու ենք ակտիվ պահել աշխատանքները, որպեսզի սեզոնին համընթաց նաև ապահովենք նվազումը»,-ասաց նա: Այն հարցին, թե  հիվանդացության թիվը մտահոգիչ չէ՞, նախարարը նախ նշեց, որ  այս տարի առաջին անգամ է դեպքերի աշխուժացում նկատվում տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Նրա խոսքով՝ այս առումով, բնականաբար, մտահոգիչ է:

«Մենք շատ կարևոր ենք համարում, որ  հենց սկզբնական  օրերից պատշաճ կերպով թեստավորումը և հիվանդության սիմպտոմների մասով պրոտոկոլներն ադապտացվել և ներդրվել են: Եվ, իհարկե, մենք ամեն աշխատանք իրականացնում ենք, որպեսզի թվերի աճ չունենանք, այլ կարողանանք հակառակը՝ նվազեցնել»,- նշեց Ավանեսյանը:Նախարարն ասաց, որ այս պահին հաստատված է Արևմտյան Նեղոսի տենդից մահվան երկու դեպք՝ նշելով, որ յուրաքանչյուր ուրբաթ օր ՀՎԿԱԿ-ը  ներկայացնում է ուսումնասիրված և  ամփոփ տեղեկատվություն հիվանդության արձանագրված դեպքերի և դրա հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ:Հիվանդության գաղտնի շրջանը 2-3 շաբաթ է: 

Վարակվածներից 5-ից 1-ի մոտ զարգանում են այնպիսի կլինիկական երևույթներ, ինչպիսիք են դողը, ջերմության բարձրացումը՝ 38-40°С, գլխացավ, տարածուն մկանացավերը, հոդացավերը,փսխումը, փորլուծությունը, մարմնի ցանավորումը։Վարակվածների 1 %-ի մոտ կարող է առաջանալ կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում՝ էնցեֆալիտ կամ մենինգիտ, որոնց դեպքում կարող են դիտվել սաստիկ, տանջող, պուլսացող գլխացավեր, ջերմության բարձրացում՝ 40 0C և ավելի, անզուսպ փսխումներ, լուսավախություն, ջղաձգումներ, ցնցումներ, գիտակցության խանգարման տարբեր աստիճաններ։ 

Արևմտյան Նեղոսի տենդի դեպքում ռիսկի խմբում են տարեցները, սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ ունեցող անձինք, ուռուցքային հիվանդություններ ունեցող անձինք, շաքարային դիաբետ ունեցող անձինք, քրոնիկական երիկամային խնդիրներ ունեցող անձինք և այլն։

Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու կանխարգելման անհատական պաշտպանության միջոցառումները ներառում են մոծակների դեմ պայքարի միջոցների օգտագործումը, մարմնի մեծ մասը ծածկող հագուստի կրումը և մոծակներից պաշտպանված տարածքներում քնելը: 

Տեսանյութեր

Լրահոս