Այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից․ Ամենայն Հայոց կաթողիկոս
Օգոստոսի 31-ին` 2024-2025 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգը: Հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից:
Արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի ռեկտորներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ և մանկավարժներ:
Oրհնության կարգի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական օրհնությունն ու գնահատանքը փոխանցեց կրթության ոլորտի երախտավորներին` նշելով, որ առանձնակի խորհուրդ ու նշանակություն ունի կրթության մշակների ներկայությունը հայ ժողովրդի հոգևոր կենտրոնում, որտեղից սկիզբ է առել հայալեզու ուսուցումն ու կրթությունը։
«Գիտությունն ու մարդկային հնարավորությունները մեր օրերում արագ են զարգանում, և առավել քան երբևէ, այսօր կարևորվում են ուսումն ու կրթությունը։ Բոլոր ժամանակներում, սակայն, գլխավորը մարդկային ոգին ու նկարագիրը կրթելն է, այն ճշմարտության և բարու մեջ հաստատելը։ Արդարև, գիտելիքը արարելու ուժ ու զորություն է, բայց այն բարիք է դառնում, երբ հաստատված է հոգևոր արժեքների ու բարոյական հիմքերի վրա»,-ասաց Նորին Սրբությունը՝ կարևորելով կրթության մշակների առաքելությունը ազգի զավակներին ոչ միայն ժամանակին համահունչ գիտելիք ու փորձառություն փոխանցելու, այլև նրանց միտքը վարժեցնելու՝ խորհելու արդարն ու ճշմարիտը և գործելու բարին, սովորեցնելու ճանաչել ու սիրել Հայրենիքը, մեր Սուրբ Եկեղեցին, կրթելու գիտակից, պատասխանատու անհատներ և օրինահարգ քաղաքացիներ։
Իր խոսքում Վեհափառ Հայարապետն ընդգծեց, որ համաշխարհայնացման և արժեհամակարգի նենգափոխման մերօրյա հորձանուտում անտեսվում և հետ են մղվում իրական արժեքները՝ ազգերին ու հասարակություններին կանգնեցնելով հակասությունների և գոյաբանական խնդիրների առջև․ «Ազգային մեր կյանքում նման մարտահրավերները հաղթահարելի են մնայուն արժեքներ և ամուր ինքնություն, հայրենասիրության ու ազգանվիրումի ոգի ունեցող անհատներ կրթելու դեպքում, ովքեր ձգտում են նոր գիտելիքների և իմացության և միևնույն ժամանակ քաջատեղյակ են իրենց պատմությանն ու հայրերի ժառանգությանը»։
Անդրադառնալով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում Հայ Եկեղեցու առաքելությանը՝ Հայոց Հայրապետը փաստեց, որ անկախ պետականության հաստատումից ի վեր Եկեղեցին աջակցել է հայրենի պետության կրթադաստիարակչական գործունեությանը և նպաստել ազգային նկարագրով, հայեցի դաստիարակությամբ և հարուստ գիտելիքներով սերնդի կրթմանը։
«Այս կարևոր նպատակին էր ուղղված նաև «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան, որն այլևս չի դասավանդվելու։ Ցավ ի սիրտ ենք արձանագրում, որ այսօր ամեն ջանք գործադրվում է հայ դպրոցի հիմնադիր Հայոց Եկեղեցուն դուրս մղելու նույն դպրոցից, փորձ է արվում արժեզրկել հայ ժողովրդի կյանքում Ազգային Եկեղեցու հոգեփրկչական, ինչպես նաև ազգային արժեքների և ինքնության պահպանման գործում իրականացրած բացառիկ առաքելությունը՝ հանրակրթական նոր դասագրքերում այլափոխված և աղճատված ներկայացնելով նրա պատմությունը։
Պատմությունը պետք է վերանայել սխալները ճանաչելու և ուղղելու նպատակով, իսկ մեր երկրի ու հայրենի պետականության ապահով ներկան և, մանավանդ ապագան, կարող ենք կերտել առ Աստված մեր հավատին և ավանդներին ու դրանցով ներշաղախված մեր ազգային նկարագրին հարազատ ու հավատարիմ մնալով։ Սա է մեր պատմութան մատուցած գլխավոր դասը, որը երբեք չպիտի մոռանանք»,-նշեց Հայոց Հովվապետը՝ պատգամելով ուսուցիչներին սիրով, նախանձնախնդրությամբ ու հավատով նվիրվել իրականություն դարձնելու կենսունակ ու արդար հասարակություն և ինքնիշխան ու հզոր պետություն կերտելու ազգային մեր երազանքը։
Վերջում Վեհափառ Հայրապետը, բարձր գնահատելով կրթագիտական առաքելության նվիրյալների գովարժան ծառայությունը, հայցեց Երկնավորից անսպառ եռանդ, ուժ ու կորով, օգտաշատ ծրագրեր ու համարձակ իրագործումներ՝ ի խնդիր ազգի արժանավոր սերունդների կրթության և գիտության ասպարեզում նորանոր ձեռքբերումների։ Հավարտ օրհնության կարգի ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն: