«ԵՄ դիտորդները գրառումներ կատարեցին, ասացին, որ այսուհետև Ներքին Հանդ հաճախակի կայցելեն». Ներքին Հանդի վարչական ղեկավար

ՀՀ-ում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարեկություն է իրականացրել Սյունիքի մարզի սահմանամերձ Ներքին Հանդ գյուղում։

«Գնահատվել է հայ-ադրբեջանական սահմանի հումանիտար և անվտանգության իրավիճակը»,- նշված է ԵՄ դիտորդական առաքելության ֆեյսբուքյան էջում։

Երեք կողմից ադրբեջանական դիրքերով շրջափակման մեջ գտնվող Ներքին Հանդը 2020 թվականից հետո թշնամու զբաղեցրած դիրքերին ամենամոտ գտնվող գյուղերից մեկն է։

168.am-ի հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը խոսելով ԵՄ առաքելության ներկայացուցիչների այցի մասին, նշեց՝ նրանք եկել են գյուղ, դիտարկումներ արել, գրառումներ կատարել, լուսանկարվել ու հեռացել են՝ խոստանալով կրկին այցելել։

Կարդացեք նաև

«Շատ խորը քննարկումներ չենք ունեցել նրանց հետ։ Մեր անվտանգության հետ կապված մենք ի՞նչ կարող էինք ասել, նրանց առաջին այցն էր գյուղ։ Հետագան ցույց կտա՝ անվտանգություն կապահովե՞ն, թե՞ ոչ, հեռանալիս էլ ասացին, որ այսուհետև Ներքին Հանդ հաճախակի կայցելեն»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Հարցին՝ ԵՄ առաքելությանն արդյո՞ք ներկայացրել են, որ գյուղի մեծ մասն օկուպացված է Ադրբեջանի կողմից, թե՞ նրանք արդեն տեղյակ էին, Խաչատուր Բաղդասարյանը պատասխանեց, որ չգիտի՝ տեղյա՞կ են, թե՞ ոչ, բայց որոշակի բաներ ներկայացվել է։

«Տեղեկացրեցինք, որ գյուղը գերեզմանոց չունի, գյուղի գերեզմանոցը հայտնվել է թշնամու դիտարկման տակ, նաև ասացինք, որ մեր վարելահողերը մնացել են միջդիրքային հատվածներում։ Այսքանը ներկայացրել ենք, թե ինչ ընթացք կտան այդ ամենին, չեմ կարող ասել»,- հավելեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։

Հաջորդ հարցին, թե ԵՄ դիտորդների ներկայությունը Ներքին Հանդում որքանո՞վ կարող է անվտանգություն ապահովել, Խաչատուր Բաղդասարյանը դժվարացավ պատասխանել։

«Դե իրենք ի՞նչ կարող են անել, չեմ կարող ասել, սա այն հարցն է, որին իսկապես պատասխանել չեմ կարող»,- եզրափակեց Խաչատուր Բաղդասարյանը։

Նշենք, որ Ներքին Հանդի գերեզմանոցը 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո թշնամու հսկողության տակ է գտնվում, գյուղում չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին կամ հուղարկավորել հարազատներին։

Հիշեցնենք՝ փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքին՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Տեսանյութեր

Լրահոս