«Տեղեկացրեցինք, որ գյուղը գերեզմանոց չունի, գյուղի գերեզմանոցը հայտնվել է թշնամու դիտարկման տակ, նաև ասացինք, որ մեր վարելահողերը մնացել են միջդիրքային հատվածներում։ Այսքանը ներկայացրել ենք, թե ինչ ընթացք կտան այդ ամենին, չեմ կարող ասել»,- հավելեց Ներքին Հանդի վարչական ղեկավարը։
Հայաստանի իշխանությունները Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանագծման աշխատանքների արդյունքում բնակիչների համար ավելի է մեծացրել անվտանգային խնդիրները, քանի որ, ինչպես բնակիչներն են պնդում՝ քանդել են ամենալավ կահավորված հայկական դիրքերը, փոխարենը քաշել են փշալարեր ու կանգնեցրել սահմանային սյուներ, որոնք որևէ կերպ չեն ապահովելու մարդկանց անվտանգությունը։
Ապրիլի 23-ից հետո, երբ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հայտնվեց առաջին սահմանային սյունը՝ որպես ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող սահմանագծման ապացույց, Բաղանիսում, Կիրանցում, Ոսկեպարում, Բերքաբերում և Տավուշի այլ սահմանամերձ գյուղերում անվտանգային հարցերն ու տագնապները բնակչության շրջանում ավելի խորացան։