«Գնաճ կա, բայց եկամուտների աճ չկա». միայն թվեր գումարել ու բազմապատկելով հնարավոր չէ պատկերացում ստանալ իրական վիճակի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին շուկայում նորից նկատելի է գնաճ: Խոսքն առավելապես միրգ-բանջարեղենի մասին է: Ոմանք այդ գնաճը պայմանավորում են այս ամիսներին զբոսաշրջիկների մեծ հոսքով, մյուսներն՝ այլ գործոններով: «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն ասում է՝ պաշտոնական վիճակագրության համաձայն, կա գնանկում:

«Փոքր՝ մեկ տոկոսի սահմաններում, բայց գնանկում կա: Սա, սակայն, վստահելի չէ: Գնաճը միգրացիոն պրոցեսների հետ ուղիղ կապ ունի: Մեր երկիր շատ են գալիս Ռուսաստանից, Հնդկաստանից, այլ երկրներից: Կա սեզոնային գործոնը ևս: Սեզոնի ավարտին մոտ ծիրանը, պոմիդորը և ձմերուկը թանկանում են: Որոշ ժամանակ հետո գները կկայունանան և կվերադառնան իրենց նախկին տեսքին: Բայց կարևորն այստեղ այն է, որ գնաճի ընդհանուր տեմպը չի նվազում: Մեզ մոտ չկա դիֆերենցում, այն է՝ տարբերակում: Կա բոլոր ապրանքների ընդհանուր պատկեր և առաջին անհրաժեշտության ապրանքների պատկեր: Նույնիսկ եթե ընդհանուր պատկերն ունի գոհացուցիչ արդյունքներ, այն է՝ քիչ գնաճ կամ գնաճի բացակայություն, դա դեռ բավարար ցուցանիշ չէ: Առաջին անհրաժեշտության ապրանքների շրջանում պետք է առանձին վիճակագրական ուսումնասիրություն կատարվի, որը մեզ մոտ չկա: Մեզ մոտ ընդհանուր ձևով են հարցին մոտենում, դրա համար էլ հստակ պատկերը չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը:

Ընդգծում է՝ միջազգային պրակտիկան հետևյալ կերպ է որոշում գնաճը: «Վերցնում են մոտ 470 ապրանք և ծառայություն, որոշում գնաճը, բայց դրա շրջանակներում կատարված վիճակագրությունը ոչ մի կապ չունի մեր կենսական վիճակի հետ: Այս ցուցանիշները, ուսումնասիրություններն անհրաժեշտ են տնտեսագետներին: Պետք է այլ ճանապարհով գնանք, ի դեպ, այդ մեթոդը ես չեմ հնարել: Առանձնացնում ենք 17-20 ամենաանհրաժեշտ ապրանքների և ծառայությունների գները, կատարում ուսումնասիրություն, և գնաճի ու գնանկման լրիվ ուրիշ պատկեր կստանանք: Մարդը չի կարող ապրել առանց բանջարեղենի, կաթնամթերքի, պետք է սնվի կարևոր մթերքներով, ի վերջո, կալորիա ստանա, ծառայությունների մասով՝ էլեկտրաէներգիա, գազ, ջուր, այս բոլորի գներն է պետք ուսումնասիրել և, դրա վրա հիմնվելով, խոսել գնաճի մասին: Եթե այս ուսումնասիրություններն առանձին-առանձին չեն արվում, ապա ընդհանուր պատկերը խեղաթյուրվում է»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, ներկայում գնաճը, վստահաբար, չորս տոկոսից բարձր է: «Մեր օրենսդրության մեջ՝ կառավարության և մնացած ծրագրերում, ամրագրված է, որ սակագները պետք է ունենան կայուն աճի տեմպ ոչ պակաս, քան 4,5 տոկոսը: Սա ամրագրված է, բայց իրական կյանքում ցուցանիշներն այլ են: Պետք է ընդամենը շուկա գնալ գնումներ կատարելու, խոսքը բանջարեղենի, մրգի մասին է: Գոյություն ունի երկու՝ սպառողական զամբյուղ և կենսապահովման նվազագույն զամբյուղ: Դրանց միջև տարբերությունը բավականին մեծ է: Մեզ մոտ այս երկու զամբյուղներն էլ անտեսում են: Ուսումնասիրում են մեկը, թվեր ստանում, բազմապատկում համապատասխան գործակցով և ստանում մի թիվ, որը վերաբերում է կենսապահովման զամբյուղին, բայց արդյունքում ստացվում է, որ մյուս զամբյուղը չուսումնասիրվեց: Միայն թվեր գումարել-բազմապատկելով հնարավոր չէ պատկերացում ստանալ իրական վիճակի մասին: Իմ բնորոշմամբ, սա ուղղակի աբսուրդ է: Այս բոլոր ցուցանիշները կարևոր են ու պետք են վերլուծությունների, ուսումնասիրությունների համար, բայց դրանք ցույց չեն տալիս իրական պատկերը, այն, ինչ ունենք գետնի վրա: Այս պարագայում էլ ստիպված ենք առաջնորդվել մեր փորձով, դատողություններով, ուսումնասիրություններով, բայց դրանք չեն կարող այդքան ստույգ լինել, ինչպես պետական վիճակագրությունն է»,-հավելում է Պողոսյանը:

Ստացվում է, որ քաղաքացիները, փորձագետներն ինչ-որ առումով «առաջնորդվում» են սեփական գրպանի պարունակությամբ, այն է՝ որքան եկամուտ ունեցան, որքան ծախսեցին և ինչի համար, կարողացան խնայել, թե ոչ: Քաղաքացիների գնողունակության մասին խոսելիս նա անդրադառնում է դեցիլային խմբերին: Նշենք, որ, ըստ բնակչության եկամուտների և ծախսերի մակարդակի, տոկոսային հավասարաչափ բաշխված 10 խումբ կա: «Մի 10 տոկոսը ամենաբարեկեցիկ կյանք ունեցողներն են, հաջորդ 10 տոկոսը՝ ավելի քիչ, և այդպես շարունակ, մինչև վերջին 10 տոկոսը:

Հիմա տեսեք՝ առաջին խմբում մեկ շնչին բաժին ընկնող միջին ծախսի ցուցանիշը 200 հազար դրամին մոտ է, վերջին խմբում՝ 15 հազարին մոտ: Սա սարսափ է, ոչ մի զարգացած երկրում նման բան չկա: Օրինակ՝ Շվեդիայում ընթացիկ ծախսերի ցուցանիշի տարբերությունը վեց անգամ է: Մեզ մոտ այդ սանդղակը ոչ թե համաչափորեն է, այլ թռիչքաձև: Առաջին 10-15 տոկոսանոց խավը ոչ մի պրոբլեմ չունի, նրան ապրանքների գները չեն հետաքրքրում, իսկ սանդղակի մոտ 60 տոկոսը աղքատության կամ դրանից մի քիչ ցածր ու բարձր սահմանին է, այսինքն՝ կամ աղքատության սահմանին մոտ է, կամ մի քիչ ցածր ու բարձր է»,-ասում է ՀԿ նախագահը:

Մեր զրուցակիցը հիշեցնում է՝ գնաճը խթան է տնտեսության զարգացման համար, բայց այն պետք է լինի որոշակի սահմաններում, մեզ մոտ անգամ ֆիքսված է թույլատրելի չափը. «Եթե գնաճն այդ սահմանում լիներ, մեզ մոտ այս աղետալի վիճակը չէր լինի: Մեզ մոտ եկամուտները չեն աճում առաջանցիկ տեմպերով, ինչպես զարգացած երկրներում: Գնաճ կա, բայց եկամուտների աճ չկա: Այստեղ է բանալին»: Երբեմն որպես արդարացում լսում ենք՝ ազատ շուկայական հարաբերություններ են, մրցակցային տնտեսություն է, բայց պե՞տք չեն զուգահեռաբար նաև զսպող մեխանիզմներ, որոնք մարդկանց չեն տանի աղքատության, երբ գումարի հիմնական մասը նրանք ստիպված են ծախսել ուտելիքի և կոմունալ ծախսերի վրա: «Հիմա այդ վիճակում ենք:

Մեխանիզմները շատ են: Որպես պետական կառավարման լծակ՝ Կենտրոնական բանկն է կարգավորում փողերի ծավալը և գների դինամիկան: Ազատ շուկայական հարաբերությունների, մեղմ ասած, խեղաթյուրված վիճակ ենք տեսնում: Մեր երկրում ոչինչ չի արտադրվում, բացառությամբ սնունդը և մի քանի այլ արտադրատեսակ: Ինչպե՞ս խոսենք տնտեսության, դրա աճի մասին: Ո՞ւր են մեր ձեռնարկությունները, որոնց վրա պետք է կառուցվեր մեր բարեկեցությունը: Երբ գնում ենք օտար արտադրության ապրանք, կերակրում ենք այդ երկրի բանվորին: Մեր ներմուծման և արտահանման հարաբերակցության մեջ ներմուծումն արտահանումից երեք անգամ ավելի է: Սա սարսափելի թիվ է, երկրների բարեհաջողությունն այդ թվով է երևում»,-եզրափակում է Արմեն Պողոսյանը»:

Տեսանյութեր

Լրահոս