Բյուջեում փող չկա ծախսեր անելու համար՝ իրենց պարգևավճար են բաժանում

Բյուջեում փող չկա թոշակ բարձրացնելու, նպաստ բարձրացնելու, պետական համակարգում զբաղված տասնյակ-հազարավոր աշխատողների չնչին աշխատավարձերը բարձրացնելու, անգամ բյուջեով ստանձնած ծախսերը լիարժեք կատարելու համար, իսկ պետական պաշտոնյաների պարգևավճարների համար գումար միշտ գտնում են։

Օրերս Սահմանադրության օրվա առիթով՝ Ազգային ժողովի նախագահի կարգադրությամբ, խորհրդարանի պատգամավորներին ու աշխատակազմին մեկ աշխատավարձի դրույքաչափով նաև պարգևավճար բաժանեցին։

Սահմանադրությունը չեն ընդունում, թշնամու պարտադրանքով պատրաստվում են փոխել, բայց Սահմանադրության օրվա առիթով իրենց պարգևատրում են։

Դրանից մի քանի օր առաջ էլ Ալեն Սիմոնյանը կարգադրություն էր ստորագրել պետական պահպանության ծառայության աշխատակիցներին՝ «ծառայողական պարտականությունները գերազանց և բարձր պատասխանատվությամբ կատարելու համար», հուշանվերներով պարգևատրելու վերաբերյալ: Հասկանալի է, թե ինչի համար։

Կարդացեք նաև

Հուշանվերը, իհարկե, պարգևավճար չէ, բայց փող արժե, որը վճարում է պետական բյուջեն։

Պետական բյուջեում փող չկա, հարկերը չեն կարողանում հավաքել, ծախսերը չեն կարողանում ամբողջ ծավալով կատարել, բայց պարգևավճարներ ու հուշանվերներ են բաժանում։

Տարին նոր կիսվել է, իսկ բյուջեում արդեն հսկայական ֆինանսական ճեղք է գոյացել։

Առաջին կիսամյակում 117 մլրդ դրամով թերակատարել են հարկային եկամուտները, ինչի պատճառով բյուջեն կանգնած է սեկվեստորի ենթարկվելու ռիսկի առաջ։

Նույնիսկ սկսել են թաքուն սեկվեստոր անել, ծախսերը կրճատել։ Որոշ տեղերում էլ պարտքեր են կուտակվել, չեն կարողանում ժամանակին վճարել կատարված աշխատանքների դիմաց։ Ստիպված շրջաբերականներ են իջեցնում պետական մարմիններին՝ բյուջետային ծրագրերի հետ կապված գործընթացները դանդաղեցնելու, նախատեսված առանձին ծախսեր հետաձգելու կամ կրճատելու վերաբերյալ։

Տարբեր պատրվակներով ծախսերը հնարավորինս սահմանափակելու նպատակով արհեստական խոչընդոտներ են ստեղծում, ծրագրերի իրականացման ժամկետներ են փոխում, ուշացնում են, ինչ է թե՝ կարողանան տեղավորվել հավաքագրվող գումարների մեջ։

Այդքանից հետո իրենց չեն զրկում պարգևավճար բաժանելու գայթակղությունից։

Մի կողմ թողնենք այն, որ ընդդիմադիր պատգամավորները որոշեցին այդ գումարները տրամադրել բարեգործության նպատակներով։ Իշխող խմբակցության պատգամավորները դա էլ չարեցին։ ՔՊ-ական պատգամավորներից մեկը նույնիսկ հայտարարեց, թե առիթ է՝ գումարն ուղղել ձեռք բերած բնակարանի հիփոթեքի վճարմանը։

Պետության փողերով բնակարանի հիփոթեքի հարցերն են լուծում։ Քիչ է՝ եկամտային հարկն են հետ քաշում բյուջեից, դեռ պարգևավճարներ են ստանում՝ պետության հաշվին իրենց բնակարանային հարցերը լուծելու համար։

Իսկ ի՞նչ անեն նրանք, ովքեր ո՛չ բնակարան ունեն, ո՛չ էլ պարգևավճար են ստանում։ Աշխատավարձերն էլ անգամներով ավելի ցածր են, քան պատգամավորներինն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներինը։

Երբ բյուջեում փող չկա անգամ նախատեսված ծախսերն ամբողջ ծավալով կատարելու համար, ինչի՞ համար են պատգամավորները պարգևավճարներ ստանում։ Նրա համա՞ր, որ երկիրը կանգնեցրել են փակուղու առաջ, ոչնչացրել են պետական ինստիտուտները, քայքայել են տնտեսությունը, պետությանը ներքաշել են սպառնալիքներով լի աշխարհաքաղաքական վտանգավոր խաղերի մեջ ու դրել հարվածի տակ։

Ո՞ր լավ աշխատանքի դիմաց է Ալեն Սիմոնյանը պարգևավճարներ  բաժանում պատգամավորներին։ Պարգևավճար տալիս են՝ աշխատանքային հաջողությունների ու ձեռքբերումների, և ոչ թե՝ արտասահմանյան անհասկանալի ու անարդյունք շրջագայությունների մեկնելու համար։

Այդ ի՞նչ քրտնաջան աշխատանք են արել պատգամավորները՝ ժողովրդի ու իրենց ընտրողների հոգսերը թեթևացնելու համար, որ մի բան էլ, բարձր աշխատավարձերից բացի, պիտի պարգևավճարներ ստանան։

Առանց իրենց նեղություն տալու, ուսումնասիրելու, ծանր ու թեթև անելու, հետևանքները հաշվի առնելու՝ մի գլուխ օրենքներ են ընդունում, գործող օրենքներն են փոխում, որոնք միտված են միայն քաղաքացիների ու տնտեսության հարկային բեռն ավելացնելուն։

Բոլոր հնարավոր միջոցներով ճնշում են մարդկանց ու տնտեսությանը, ինչ թե բյուջե շատ փող գա, որպեսզի բավարարեն իրենց քմահաճույքները։

Բոլորովին վերջերս վարչական դատարանի աշխատողները գործադուլ էին անում, հրաժարվել էին ներկայանալ աշխատանքի՝ պահանջելով բարձրացնել իրենց չնչին աշխատավարձերը։ Խոստացել էին բարձրացնել, չեն բարձրացրել՝ բյուջեում փող չլինելու պատճառաբանությամբ։

Բյուջեում 80-120 հազար դրամ ստացող վարչական դատարանի աշխատողների աշխատավարձերը բարձրացնելու համար փող չկա, իսկ  մի քանի հարյուր հազար դրամ ստացող պատգամավորներին մի այդքան էլ պարգևավճար են բաժանում։ Այս խնդիրը միայն վարչական դատարանի աշխատողներին չի վերաբերում, համատարած է։ Պետական համակարգի բազմաթիվ աշխատողներ կոպեկներ են ստանում։ Նրանց աշխատավարձերը չեն բարձրացնում՝ իրենց պարգևավճարներ են բաժանում։

Իրենց պարգևավճարներ են բաժանում, երբ սոցիալական խոցելի խմբերը մի կերպ են գոյություն քարշ տալիս։ Հարյուր-հազարավոր քաղաքացիներ 30-40 հազար դրամ թոշակի ու նպաստի հույսին են։

3000 դրամով թոշակ ու նպաստ են ավելացնում՝ ամեն անգամ երեսով են տալիս։ Իսկ որ իրենք հարյուր-հազարների հասնող աշխատավարձերի հետ նաև հարյուր-հազարների հասնող պարգևավճարներ են ստանում, նորմալ են համարում։ Մի բան էլ նեղվում են, մուննաթ են գալիս, որ մարդիկ դժգոհում են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս