Ադրբեջանը ուժով չի կարող վերցնել Զանգեզուրի միջանցքը. ՆԱՏՕ-ական բանակը հաղթանակի գրավական չէ. Վարդան Ոսկանյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ԵՊՀ պրոֆեսոր, իրանագետ Վարդան Ոսկանյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Չեմ կարծում՝ Իրանի հոգևոր առաջնորդը նախագահական ընտրություններում որևէ մեկին աջակցում է․ նա ավելի շատ արբիտրի դեր է կատարում։ Թերևս հոգևոր առաջնորդն աջակցում էր այն թեկնածուին, որը երկրորդ փուլ չանցավ։ Սա կարող է խոսել այն մասին, թե որքան դեմոկրատական է Իրանի կառավարման համակարգը։
- Իրանում թուրքեր և ադրբեջանցիներ չկան․ դա եզրույթների խաղ է։ Իրանի թյուրքալեզու բնակչությունը բնակեցված է պատմական Ատրպատական նահանգում։ Նրանք թյուրքախոսներ են, բայց ոչ թուրքեր ու ադրբեջանցիներ։ Յակուտներն էլ են թյուրքախոս, բայց թուրքեր չեն։ Եթե ադրբեջանցիները վերցրել են իրանական երկրամասի անունը, դա դեռ չի նշանակում, որ Ատրպատականի թյուրքախոսներն ադրբեջանցիներ են։ Այդ բնակչությունն այնտեղ ապրում է հազարամյակներով։ Հետևաբար՝ մենք գործ ունենք թյուրքալեզու իրանցիների հետ, որի ճշգրիտ հայերեն անվանումն է՝ ատրպատականցիներ։ Էթնիկական իմաստով նրանք իրենց չեն նույնացնում ադրբեջանցիների հետ։
- Իրանին չի կարելի մեկ ոսպնյակով նայել։ Պետք է նայել 2 ոսպնյակով։ 1-ին ոսպնյակն ադրբեջանական ոսպնյակն է՝ համապատասխան քարոզչությամբ։ Մյուս ոսպնյակը հայերիս ոսպնյակով Իրանը դիտարկելն է։ Իրանը վերէթնիկական պետական միավոր է։ Իրանում բնակվող բոլոր ժողովուրդները մասնակցել են Իրանի պետության կերտմանը։
- Իրանում լուսանցքում կան պանթյուրքական միավորումներ, որոնք այժմ կամ առայժմ որևէ ազդեցություն չունեն Իրանի քաղաքականության վրա։ Բնականաբար, հնարավոր է՝ Մասուդ Փեզեշքիանի՝ իշխանության գալու դեպքում իր թիմի որոշ պանթյուրքիստներ պաշտոններ ստանան։ Խոշոր ռիսկ չկա, կա մարտահրավեր։
Սաիդ Ջալիլիի ընտրության պարագայում այս մարտահրավերը չի լինի։ Ով էլ լինի Իրանի նախագահ, Հայաստանի հետ հարաբերությունների քաղաքականությունը չի փոխվելու, բայց կարող է, օրինակ, Փեզեշքիանը զարգացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Բաքվի քարոզչամեքենան է փչել Փեզեշքիանի՝ իբր ադրբեջանցի լինելը, և հենց նրանց դեմ էլ դա կարող է շրջվել։
- Ջալիլին դիրքավորվում է՝ որպես որևէ թևին չհարող անձ։ Փեզեշքիանը խաղում է բողոքի զանգվածի համար, նրա վարքագծում պոպուլիստական տարրեր կան։ Ջալիլին շատ ավելի փաստարկված է հանդես գալիս։ Մեզ համար չպետք է մեծ ողբերգություն կամ բարեբախտություն դիտարկել երկու թեկնածուներից որևէ մեկի ընտրությունը։
- Հայաստանի իշխանություններն ուզում են ջնջել, ոչնչացնել մեր անցյալը, մեր պատմությունը, իսկ Իրանի հոգևոր առաջնորդը խոսում է Հայաստանի հետ հազարամյակների սահմանից, այնպես որ, մեզ համար էական չէ՝ Իրանում ով կընտրվի նախագահի պաշտոնում։
- Իրանի կարմիր գծերը ոչ մի պարագայում չեն փոխվել։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի, Սյունիքի մարզի, Հայաստան-Իրան սահմանի մասին իրենց մոտեցումների մասին է։ Այլ խնդիր է հռետորաբանությունը։ Այս պահի դրությամբ չկա իրական վտանգ, որ Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքը, որն իրանցիներն անվանում են ՆԱՏՕ-ի պանթյուրքական միջանցք, կկորզի ռազմական ճանապարհով։
- Որևէ մեկը չգիտի՝ արդյո՞ք իրանական զորքերը հատել են Արաքսն ու անցել ադրբեջանցիների կողմից բռնազավթված մերձարաքսյան գոտի։ Ամենայն հավանականությամբ, հատել են։
- Իրանի համար կենսական կարևորություն ունի Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը։ Մեզ համար, թերևս, առավել կարևոր է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը: Շատ կարևոր է, որ այստեղ Հայաստանը հանդես գա նախաձեռնողականությամբ, հանդիսանա պլատֆորմ։ Դժբախտաբար, Հայաստանի այսօրվա իշխանությունները դա չեն անելու։ Իսկ դա մեզ շատ կօգներ սեփական անվտանգային կարիքները հոգալու համար։
- Ցամաքային ճանապարհի օգտագործումը մեզ համար շատ կարևոր կարող է լինել նաև Հնդկաստանից մատակարարումներն այդ ուղղությամբ կատարելու համար։ Բոլորս գիտենք՝ ինչի մասին է խոսքը։ Այստեղ մեր և Իրանի շահերը համընկնում են։
- Եթե մենք ուզում ենք Ռուսաստանին կտրենք Ադրբեջանից, ուրեմն մենք պետք է դառնանք այն այլընտրանքը, որը Ռուսաստանին ցամաքային ճանապարհի հնարավորություն կտա։ Ռուսաստանին ևս պետք է Հյուսիս-Հարավ ճանապարհը։ Իրանում կա քաղաքական կամք։ Եթե Հայաստանում պատրաստ լինեն մասնակցել այդ ծրագրին, վստահ եմ՝ Իրանում կընդառաջեն դրան։ Բայց Իրանը չի կարող հավերժ սպասել մեզ։
- «Ինքնիշխանություն» բառը ՀՀ գործող իշխանությունները մաշեցրել են, ինքնիշխան Հայաստանը չի կարող դառնալ Արևելք-Արևմուտք կապի օպերատորը։
- Ադրբեջանն ուժով չի կարող վերցնել Զանգեզուրի միջանցքը, թող մոռանա այդ մասին։ Ադրբեջանից եկող այդ քարոզչական թեզը մեզ վրա էլ է ազդել, բայց մեր բանակի գործոնը չի կարելի անտեսել։
- Մերձավոր Արևելքում չի կարելի ապրել՝ որպես եվրոպացի․ դա հակացուցված է։ Մեր խնդիրն այսօր ոչ թե ԵՄ անդամ դառնալն է, այլ սեփական անվտանգության մասին մտածելը, դաշնակիցների հետ հարաբերությունների ձևավորումը, անգամ, եթե դա Սատանան է, եթե նա կօգնի չեզոքացնել մեր գոյութենաբանական վտանգը։
- Եվրոպան այսօր կախված է ադրբեջանական էներգառեսուրսներից։ Իսկ ո՞ւմ քթի տակով են դրանք հասնում Եվրոպա… Մեր…
- Ի՞նչ սահմանազատում, չկա՛ սահմանազատում․ այն չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Որևէ մեկը կարո՞ղ է ինձ համոզել, որ, օրինակ, Բաքվի բռնապետն Արծվաշենը վերադարձնելու է Հայաստանին… Դա, իհարկե, բավարար չէ, բայց ադրբեջանցի որևէ պաշտոնյա ասե՞լ է, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը Փաշինյանի ասած թվով։
- Մեր ինքնիշխանության թիվ մեկ վտանգն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումն է։ Նրա նպատակն է՝ այլևս թույլ չտալ, որ Հայաստանը երբևէ վերականգնվի։
- Եթե Ադրբեջանն իր օկուպացրած տարածքից 10 մետր կնահանջի, ես միգուցե հավատամ, որ սահմանազատումը ճիշտ է։
- Եթե մենք ճանաչում ենք Պաղեստինի պետությունը, դրան պետք է հաջորդի հաջորդ քայլը՝ փաթեթավորած այն ներկայացնել արաբական պետություններին։ Հայաստանի պես սահմանափակ ռեսուրսներով պետությունը պետք է լինի գերակտիվ։ Դու կարող ես քո բացերը լրացնել շատ աշխատելով, որ հրապուրիչ դառնաս աշխարհի համար։
- Եթե Հարավային Կովկասում թուրքական ներկայություն չլինի, իրանական կողմը շատ վստահորեն չի ցանկանա այստեղ մեծ ներկայություն ունենալ։
- Չեմ կարծում, որ ռուսական կողմի համար Զանգեզուրի միջանցքը շատ ձեռնտու է։ Եթե Ադրբեջանի հետ ցամաքային կապի խնդիրն է, նրանք այդ հարցը կարող են լուծել Գյումրիի երկաթգծի միջոցով։
- Սահմանադրությունը փոխելը կեղծ օրակարգ է։ ՀՀ Սահմանադրությունը կարող է փոխվել միայն երկրի ներսում ինչ-որ բան բարելավելու համար։ Այսօր դրա կարիքը չկա։ ՀՀ Անկախության հռչակագիրը մեր ծննդյան վկայագիրն է, հետևաբար՝ անթույլատրելի է դա մի կողմ նետելը:
- Երբեմն իրականացվում է քարոզչություն, բայց դա հիմնված չէ քո համոզմունքի վրա։ Այսօրվա իշխանությունների պարագան այլ է։ Իրենց համոզմունքն է այն, ինչ իրենք քարոզում են։ Պրոբլեմն այստեղ է։ Մենք իրենց համոզմունքների դաշտում իրականացնում ենք հակաքարոզչություն։
- ՆԱՏՕ-ական բանակը դեռ հաղթանակի գրավական չէ։ Մի խումբ հողաթափերով, չալմաներով թալիբներ այդ բանակը Աֆղանստանից հանեցին։
- Այո՛, համաձայն եմ, Լուկաշենկոյին չպետք է ընդհանրապես բարևել, բայց չպետք է բարևել, խոսել նաև Ալիևի ու Էրդողանի հետ։ Ալիևն ավելի վատ բան է, չէ՞, արել՝ էթնիկ զտում է իրականացրել։
- Չի կարող քո տունը խլել ցանկացողը լավ հարևան լինել քեզ։
- Հայաստանի այս իշխանության համար ո՛չ թշնամի կա, ո՛չ բարեկամ, անսկզբունք մոտեցման հետ գործ ունենք։ Մենք բոլորս Հայաստան անունը կրող մի նավի մեջ ենք․ եթե Հայաստանը սուզվելու է, նրա հետ բոլորս ենք սուզվելու։ Հայաստանի թիվ մեկ աթոռը զբաղեցնողը պետք է ունենա ամենահզոր, ոչ թե ամենալավ ապրող երկիրը տարածաշրջանում։ Եթե հզոր լինես՝ լավ կապրես։ Թիվ մեկ աթոռն Արտաշեսի գահի շարունակությունը պետք է լինի, իսկ լավ ապրելը նշանակի՝ անվտանգ ապրել։
- Մենք պետք է վերադառնանքն իրականությանը: Այ որ ասում են «Իրական Հայաստան», իրական Հայաստանը դա էր: Իրական էր չէ՞ Գանձասար գնալը: Մենք կարող էինք այս ստուդիայում մեր զրույցն ավարտելուց հետո գնալ Գանձասար: Հիմա կարո՞ղ ենք: Մենք կարող էինք չէ՞ գնալ Իշխանասար: Հիմա Կարո՞ղ ենք: Իրական Հայաստանը գոյություն ուներ և ունի, և իրական Հայաստանը քաղաքակրթական Հայաստանի ժառանգն է:
- Երբ դու Հայաստանում մարդկանց ներշնչում ես, որ նրանք Մոնակոյի բնակիչների պես են ապրելու, իսկ նման բան հնարավոր չէ, մարդիկ գնալու են Մոնակո։
Չնայած Հայաստանում, Երևանում ամեն ինչի գներն այնքան են բարձրացել, որ Մոնակոյին տվել-անցել են…
- Մենք այսօր չունենք պետության տեսլական։ Եթե չլինի պետություն, չի լինի նաև իշխանություն։
- Ենթադրենք՝ իրանական կողմը գալիս է ու Սյունիքի մարզը պաշտպանում է Ադրբեջանից, դրանից հետո Սյունիքի մարզի հետ ի՞նչ կլինի։ Միգուցե անունով մնա Հայաստանի Հանրապետություն, բայց դա արդեն կլինի Իրանի Իսլամական Հանրապետություն։
- Իրանցիները խոշոր պետություն են։ Իսկ ո՞վ ասաց, որ Իրանը չի կարող չեզոքացնել նախիջևանյան սցենարը։
- Եթե ուզում ենք Հայաստանում լավ ապրել, մենք պետք է հաղթենք Ադրբեջանին։ Եթե ուզում ենք անվտանգ ապրել Հայաստանում, Ադրբեջան արհեստածին պետությունն իդեալական տարբերակում պետք է տրոհված լինի մի քանի մասերի։
Մանրամասները՝ տեսանյութում։