ԵՄ դրոշը կախում են, բայց մեզ են անվանում այլ երկրի գործակալ. Աննա Գրիգորյան

Հունիսի 21-ին Ազգային ժողովում տեղի ունեցան Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» խորհրդարանական լսումներ, նպատակը, ըստ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի, հանրության ուշադրությունը Հայաստանում առկա միակ հիմնական օրակարգից՝ Նիկոլ Փաշինյանի հեռացման հարցից, շեղելն է։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած լսումների մասին, Գրիգորյանը նաև ընդգծեց.

«Նախ, ուզում եմ շեշտել, որ ԱՊՀ նախկին երկրներից Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ԵՄ անդամության հարցով հայտ չեն ներկայացրել, տարօրինակ է, որ Հայաստանի պարագայում հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե են ուզում անցկացնել։

Հաջորդ խնդիրը, որն ուզում են լուծել նման հարց օրակարգ բերողները, հետևյալն է՝ նպատակ կա շեղել հանրության ուշադրությունը Հայաստանում ձևավորված հիմնական օրակարգից, որն այս ազգադավ իշխանության հեռացման պահանջն է։

Կարդացեք նաև

Հաջորդ խնդիրը, որը նման լսումներ նախաձեռնողները ցանկանում են լուծել, հաջորդ ընտրություններին, երբ էլ դա լինի, իշխանության գրպանային ընդդիմության դերում խորհրդարանում հայտնվելու հարցն է»,- ասաց Գրիգորյանը՝ ընդգծելով, որ այս ամենն ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ, որով Վրաստանում սպասվելիք ընտրություններին ընդառաջ՝ ուզում են ԵՄ-ի կողմից օգտագործվել՝ որպես գործիք։

«Վրաստանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, որ Վրաստանը չի կարող դառնալ ընդդեմ Ռուսաստանի երկրորդ ճակատը։ Այդ տրամադրությունները ձևավորելու համար այս մարդիկ են հիմա օգտագործվում… ԵՄ դրոշ կախողներն ասում են, իբր մենք այլ երկրի շահերն ենք ներկայացնում։ ԵՄ դրոշներով գոռում են, բայց մեզ այլ երկրի գործակալ են անվանում»,- նկատեց Գրիգորյանը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Եվրամիության դրոշներով փաթաթվածներն ու ԵՄ դրոշն Ազգային ժողովի ամբիոնում կախողն այլոց է անվանում գործակալ և այլ երկրի շահի սպասարկու։

«Իրականում, սակայն, Եվրամիությունը Հայաստանին չի սպասում։ Այնպիսի ռիսկեր կան այդ ճանապարհին, որ պետք է մեր ժողովրդին անկեղծորեն ասել, որ առնվազն 10 տարի պետք է հերթ կանգնել և տարբեր զրկանքների միջով պետք է անցնենք, ու չկա երաշխիք, որ կդառնանք ԵՄ անդամ»,- ասաց Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ քանի որ Փաշինյանի համար գերխնդիր է ցանկացած փաստաթղթի ստորագրումը, որի վրա գրված կլինի՝ Խաղաղության մասին պայմանագիր, իսկ ինքը դա կարող է անել Ալիևի հերթական պահանջը բավարարելուց՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելուց հետո, ուստի վիզաների ազատականացում ունենալու անվան տակ հանրաքվեի կդրվի նաև Սահմանադրության փոփոխության հարցը։

«Բացառվում է, որ Փաշինյանին հաջողվի տարածքներ հանձնելու հարցով հանրաքվեի դեպքում 650 հազար մարդու «այո» ստանալ, հետևապես՝ դեպի Եվրոպա գնալու փաթեթավորմամբ փորձելու են տարածքների հանձնման համար արվող հանրաքվեին գոնե մարդկանց մասնակցություն ապահովել»,- ասաց Գրիգորյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում.

 

Տեսանյութեր

Լրահոս