Բաժիններ՝

Նախնական հաշվարկներով, 80-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն է սատկել, վնասը 100 մլն դրամ է, գյուղատնտեսության ոլորտում վնասն ավելի շատ է. Հրաչ Բերբերյան

Մայիսի 25-ի լույս 26-ին Լոռիում ու Տավուշում հորդառատ անձրևների հետևանքով Աղստև ու Դեբեդ գետերը վարարել էին, քանդել ճանապարհներ, կամուրջներ, ջուրը քշել-տարել է այգիներ, խոշոր եղջերավոր անասուններ։ Պաշտոնական տվյալներով՝ եղել է 4 զոհ։ Բազմաթիվ գյուղերում տները լցվել են տիղմերով, հեղեղումները  բնակիչներին հասցրել են մեծ չափերի վնաս։

168.am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը խոսելով ջրեղեղի հասցրած վնասների մոտավոր չափերի, դրա հետևանքների մասին, նախ ասաց՝ եթե ճանապարհները ժամանակին նորմալ վերանորոգեին՝ հաշվի առնելով, որ կարող է գետերը մի օր վարարեն, ապա այսօր այդ աստիճան վնաս չէր հասցվի ենթակառուցվածքներին։

«Դնում՝ տենդեր են շահում ու անորակ ճանապարհներ են վերանորոգում, արդյունքում՝ ունենում ենք սա։ Հավանաբար ավելի հին կառույցներն ավելի շատ են կանգուն մնացել ջրեղեղից հետո, քան նոր վերանորոգվածները։ Դիլիջան-Իջևան ճանապարհի հետ կապված՝ հազար անգամ ասել եմ՝ գետի ափով պատ կառուցեք, այնտեղ մի հատված կա, երբ գետը վարարում է, մտնում է ասֆալտի տակ, տակից այն քանդում է ու արդյունքում՝ ճանապարհը վնասում։ Սակայն պատը չկառուցեցին, ճանապարհն էլ տեսաք՝ ինչ եղավ»,- նշեց Հրաչ Բերբերյանը։

Նա փոխանցեց՝ Լոռիում կան ֆերմերներ, որոնք հեղեղումների պատճառով կորցրել են հեկտարներով կարտոֆիլների դաշտեր՝ հեղեղը քշել-տարել է։

Կարդացեք նաև

«Հիմա փորձում ենք վերականգնել այդ տարածքները, չգիտեմ՝ մի բան կստացվի՞, թե՞ ոչ։ Կառավարությունն այստեղ որևէ լումա չի ներդրել, հետևաբար՝ ամբողջ վնասը կրել է գյուղացին։ Կառավարությունն ասում է՝ փոխհատուցում կտամ, բայց տեսնենք՝ ճտերն աշնանն են հաշվում, ժողովուրդն այլևս ոչ մեկին չի հավատում։

Մեծ վնաս է կրել նաև անասնապահության ոլորտը, մեր ունեցած նախնական հաշվարկներով՝ 80-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն է սատկել՝ ջուրը քշել-տարել է։ Կրկնում եմ՝ սա նախնական հաշվարկ է դեռևս։ Խոզաբուծությունը ևս հսկայական վնաս է կրել։ Առաջիկա մեկ ամսվա ընթացքում ամբողջական հաշվարկներ կանենք ու ընդհանուր վնասների չափը կասենք։

Ուղղակի այսպես կառավարել չի կարելի, մարդկանց համբերության բաժակը մի օր լցվելու է»,- հավելեց Հրաչ Բերբերյանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ խոշոր եղջերավորների գլխաքանակը վերականգնելու համար 3-4 տարի կպահանջվի, խոզաբուծության և ոչխարաբուծության համար էլ՝ 1-2 տարում։ Մնում է Կառավարությունը նորմալ ֆինանսավորի գյուղացուն, որպեսզի նա նոր անասնագլխաքանակ գնի։

«Կառավարության կողմից ստեղծված հանձնաժողովն էլ երևի չգիտի՝ ինչ է կատարվել, ամսի 7-ի տվյալներով՝ դեռ պարզում էր։

Իհարկե, եթե Կառավարությունը ուզի, այնպես կանի, որ մարդիկ մեկ տարում կարողանան ոտքի կանգնել, բայց այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե այդ հանձնաժողովում ինչ մարդիկ են ներգրավված՝ մասնագե՞տ են, թե՞ ոչ։

Կարծում եմ՝ ջրհեղեղը կարող էր ավելի մեղմ լինել, եթե Կառավարությունը վերջին 5-6 տարում մի փոքր նորմալ աշխատանք կատարած լիներ։

Եթե անասնագլխաքանակը հաշվենք, ապա կարծում եմ՝ կրած վնասը 100 մլն դրամ է  կազմում՝ խոշորը, թռչունը միասին վերցրած։ Գյուղատնտեսության ոլորտն ավելի շատ վնաս է»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Նա նաև հիշեցրեց, որ վերջին տարիներին իշխանությունները մշտապես «հեքիաթներ» էր պատմում, թե ջուրը չի լցվում ջրամբարներ։ Իսկ դրա պատճառն այն է, որ հեղեղատարները չէին մաքրում։

«Ասածն այն է, որ ով գալիս է իշխանության, պետք է իր թիմը ներկայացնի, որ այնպես չլինի, որ երևանյան լճի ափից մարդիկ բռնեն-բերեն ու նշանակեն պաշտոնների, որ այսօր այսպիսի վիճակ ստեղծվի»,- եզրափակեց Հրաչ Բերբերյանը։

Տեսանյութեր

Լրահոս