Բաժիններ՝

Գյուղ տանող կենտրոնական ճանապարհը փլված է՝ իսկական աղետ է. մեզ վտանգի ենթարկելով՝ ելումուտ ենք անում. Շնողի վարչական ղեկավար

Մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը հորդառատ անձրևի հետևանքով վարարել են Դեբեդ, Աղստև գետերը և Լոռվա ու Տավուշի մարզերի մի շարք բնակավայրերում ստեղծվել է աղետալի իրավիճակ։ ՆԳՆ-ն արդեն հայտնել է, որ աղետի հետևանքով կա 4 զոհ։ Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, Այրում կայարան Երկաթուղային փողոցում ջրալցվել են մի շարք տներ, Ալավերդի քաղաքում կան ջրալցված տներ և անասնագոմեր:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը երեկ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Դեբեդի վարարման հետևանքով փլվել է 17 կամուրջ, դրանց մի մասը համայնքային նշանակության փոքր կամուրջներ են, բայց առնվազն 5-6 կամուրջ բավականին խոշոր են:

Կան մի շարք գյուղեր, որոնց արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փլուզվել է։

168.am-ի հետ զրույցում Լոռու մարզի Ալավերդու տարածաշրջանի Շնող գյուղի վարչական ղեկավար Սամվել Մկրտումյանն ասաց՝ Շնողում ու հարակից բազմաթիվ գյուղերում իսկական աղետ է, նման բան երբեք չէին տեսել։
«Կենտրոնական ճանապարհը, որով բարձրանում ենք գյուղ՝ առհասարակ փլված է, թե ինչ իրավիճակ է այստեղ տիրում՝ նկարագրելու չէ, աղետալի վիճակ է։ Գյուղում գրեթե այգի չի մնացել, ջուրը քշել-տարել է։ Հիմա փորձում ենք արձանագրել վնասները, գյուղում չկա այնպիսի բնակիչ, որը վնաս կրած չլինի։

Կարդացեք նաև

Գյուղ ելումուտը շատ վտանգավոր է, բայց մեզ ռիսկի ենթարկելով՝ գնում գալիս ենք, մինչև տեսնենք՝ ինչ ենք անելու»,- նշեց Սամվել Մկրտումյանը։

Շնողի վարչական ղեկավարը փոխանցեց, որ տվյալ պահին Շնողում սննդի խնդիր չկա, սակայն հարակից գյուղերում բոլոր կամուրջները փլված են, այդ գյուղեր մուտքը դարձել է անհնարին՝ Քարկոփի, Ճոճկանի, Այրումի, Փոքր Այրումի, Ախթալայի կամուրջները չկան։

«Շնողի կողմով մի անցանելի կամուրջ են վերանորոգել, որպեսզի կարողանանք մարդկանց սնունդ տեղ հասցնել։ Այլընտրանքային ճանապարհներ ունենք՝ Նոյեմբերյանին կապող, բայց էլի շատ վատ վիճակում է, տեխնիկա են բերել, որ կարողանանք մի քիչ անցանելի դարձնենք, որ ժողովուրդը կարողանա կապ ունենալ։ Նման աղետալի վիճակ ես մեր պատմության մեջ չեմ տեսել, խայտառակություն է։ Քարկոփն ամբողջովին տարհանվել է ու տեղափոխվել Ճոճկան։ Առաջին հարկերից սկսած՝ մարդկանց տներով, գարաժներով, դարձել են ավերակ՝ կոյուղի չկա, ջուր չկա, խայտառակ վիճակ է»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Սամվել Մկրտումյանը պատմեց, որ գիշերը, երբ սկսվել է հորդառատ անձրևը և իրավիճակը դարձել է անվերահսկելի, հարակից գյուղերից, որոնք Դեբեդին ավելի մոտ են, զանգահարել են իրեն, ինքն էլ ինչով կարողացել՝ օգնել է բնակիչներին։ Գետի մոտ տներ են եղել, որտեղ երիտասարդ տղաներ են եղել, երկու հոգուն կարողացել են դուրս բերել, մյուսը մեքենայով մնացել է ու զոհվել։

«Մեր կողքի գյուղից մեկ զոհ կա, նրա մեքենան ընկել է Շնողի գետը, նա Շնողում էր աշխատում։ Ծառն ընկել է մեքենայի վրա ու ջուրը քշել-տարել է։ Այսպես ասած՝ ճանապահը մեքենայի տակ փլվել է։ Դեբեդ գետի մյուս կողմում ամբողջովին աղետալի վիճակ է, որևէ կապ չկա։ Չեմ կարող ասել, թե որքան ժամանակ անհրաժեշտ կլինի, որպեսզի գոնե ճանապարհը վերականգնենք, սարերի դոշերից կտրում, բերում, ճանապարհն են սարքում, որ մեքենաները գոնե կարողանան մի բան հասցնել գյուղեր։ Դե, միջպետական ճանապարհի մասին չասեմ՝ Թուֆենկյանի մոտից ճանապարհը պոկված է՝ մինչև Բագրատաշեն, չկա որևէ կամուրջ։ Մի խոսքով՝ որ ասում են՝ աղետ, այդ աղետը հիմա մեզ մոտ է։ Հիմա ինչ կարողանում՝ անում ենք մարդկանց համար՝ համայնքապետի հանձնարարականով»,- եզրափակեց Շնողի վարչական ղեկավարը։

Տեսանյութեր

Լրահոս