Ալմա Աթայի սկզբունքը նմանեցնում եմ Մյունխենյան սկզբունքին. նման բան գոյություն չունի. Սերժ Սարգսյան

«Չեմ կարծում, որ մենք նույնիսկ ի վիճակի ենք կրկնօրինակել այդ տեխնոլոգիաները, որովհետև ոչ նախկին, որ այսօրվա շարժումների հետևում ես չեմ տեսնում ուժեր, ովքեր այդպես վարպետորեն տիրապետում են այդ տեխնոլոգիաներին»,- դիզվառելիքի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հեռացումը 2018 թվականի հեղափոխության տեխնոլոգիաների կիրառմամբ:

Սերժ Սարգսյանն ընդգծեց՝ ավելի լավ է մտածել, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը կհասնի հաջողության, բայց Աստված ոչ անի, եթե հաջողության չհասնի, ապա մենք միշտ դրան ենք ձգտելու։
Հարցին՝ իշխանափոխության դեպքում հնարավոր կլինի՞ բեկանել Տավուշում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, Սերժ Սարգսյանը պատասխանեց.

«Մենք սահմանազատմանը և սահմանագծմանը դեմ չենք, մենք դեմ ենք այն մեթոդներին, որով այսօր այդ գործընթացն իրականացվում է։ Մենք կողմ ենք, որ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի ունենան միջազգային պրակտիկային համահունչ։

Մի՞թե չգիտեք՝ այդ պրակտիկան ինչպիսին է, մեր մամուլում նվազագույնը երեք անգամ եղել է ամբողջը, որ ընդունել է ԵԱՀԿ-ն այդ առնչությամբ։ Կա ՄԱԿ-ի դիրքորոշումը, ես ինչո՞ւ կրկնեմ այդ դիրքորոշումը, իմաստը ո՞րն է»,- շեշտեց Երրորդ նախագահը։

Կարդացեք նաև

Հարցին՝ ՀՀ իշխանություններն ուղիղ երկխոսության են գնացել Ադրբեջանի հետ, առանց միջնորդների, ի՞նչ է պետք անել, որպեսզի վերահսկողություն գոնե լինի, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ պետք է իրականացնել իշխանափոխություն, ուրիշ կերպ հնարավոր չէ։

Խոսելով Ալմա Աթայի հռչակագրից, Սերժ Սարգսյանն ասաց.

«Ալմա Աթայի սկզբունքը, մեր հասարակության մեջ օրվա խոսույթում նմանեցնում եմ, հիշում եք, Մյունխենյան սկզբունք կար, դրան եմ նմանեցնում, որովհետև նման սկզբունք որևէ տեղ գոյություն չուներ։ Այո, եղել է Ալմա Աթայի հայտարարություն, եղել է արձանագրության ստորագրություն, բայց այնտեղ ի՞նչ սկզբունք կար, տեղյա՞կ եք։ Եթե մոտավորապես տեղյակ եք, ապա ինձ նման հարց չպետք է տաք։

Այնտեղ եղել է ԽՍՀՄ փլուզման մասին հայտարարություն, Խորհրդային Հայաստանի տարածքը որոշվել է 1988 թվականի Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագրով։ Վստահաբար այդ քարտեզը կա, բայց չգիտես ինչու՝ ցույց չեն տալիս»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը։

Հաջորդ հարցին՝ հնարավո՞ր է հանրությունը Սերժ Սարգսյանին տեսնի Բագրատ սրբազանի կողքին՝ հարթակի վրա, քանի որ սատարում են շարժմանը, ՀՀ երրորդ նախագահը նախ պատասխանեց՝ պարտադիր չէ, քանի որ հարթակներ բարձրանալու սովորություն չունի, բայց եթե դրա անհրաժեշտությունը լինի, կլինի։
«Մենք ամեն ինչի պատրաստ ենք, միայն այս շարժումը հաջողության հասնի ու իշխանափոխություն լինի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս