«Հայատյացությունն ավելի է ուժեղանում, երբ հետապնդում կամ հալածում են զոհին, եվ դրա միակ լուծումն ուժեղ լինելն է». Էդգար Էլբակյան

Քաղաքագետ Էդգար Էլբակյանի հետ զրուցել ենք Արցախյան հակամարտության, հայատյացության և ատելության խոսքի մասին

Պարոն Էլբակյան, առաջին հարցը, որի մասին ուզում եմ խոսենք, Արցախյան հակամարտությունն է, ի՞նչ փուլերով է անցել այն, ի՞նչ ծագում ու ընթացք է ունեցել։

Գոյություն ունի արցախյան հակամարտության ծագման երկու փուլ՝ երկարաժամկետ պատմական և միջնաժամկետ պատմական։ Երկարաժամկետ պատմականը պայմանավորված է նրանով, որ քոչվոր թյուրքական ցեղերը հազար տարի առաջ աստիճանաբար սկսել են ներթափանցել Հայկական լեռնաշխարհի տարածք, հայերից զավթել իրենց բնակության վայրերը և դրանք համարել հայրենիք։ Այդ նույն գործընթացը մեծ հաշվով տեղի է ունեցել նաև Արցախում։ Միջնաժամկետ պատմական կոնտեքստը պայմանավորված է Ցարական կայսրության փլուզումից հետո՝ 1918-1920 թվականներին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական տարածքի համար պայքարով։ Ստեղծվեց Սովետական Միությունը, որից հետո երկրամասը բռնակցվեց Ադրբեջանին, որտեղից էլ հիմք դրվեց արցախյան հակամարտությանը։

44-օրյա պատերազմը կարծես թե նոր ճանապարհ բացեց Արցախը զավթելու համար։ Ինչպիսի՞ գործողություններ եղան 2020 թվականին և դրանից հետո։

Կարդացեք նաև

Բազմաթիվ պատերազմներ, գլխավորը՝ 44-օրյա պատերազմը, որտեղ Ադրբեջանը և Թուրքիան պատերազմում էին, Թուրքիան՝ անուղղակիորեն, իսկ Ադրբեջանը կռվում էր Հայաստանի դեմ արցախյան ռազմաճակատում։ 2020 թվականի պատերամից հետո մինչև 2023 թվականը Հայաստանն ունեցել է հողային նորանոր կորուստներ, այդ թվում՝ Արցախն ամբողջությամբ։

Ի՞նչ բանակցությունների հետևանքով Արցախը դադարեց գոյություն ունենալ։ Որո՞նք էին մեր սխալները։

Հայաստանի դե ֆակտո իշխանությունների փաստացիորեն դեռ նախապատերազմական շրջանում թույլ տված և կանխամտածված քայլերի հետևանքով տուժեց պատերազմի արդյունավետ կազմակերպումը, հետևաբար՝ նաև հաղթանակի հնարավորությունը։ Հետո սկսեցին ակտիվորեն զբաղվել հայկական ինքնության վերակառուցարկմամբ՝ ասելով, որ Արցախը հայկական չէ, և հողերի համար պայքարը չպիտի լինի օրակարգում, պետք է բավարարվել նրանով, ինչն ընդունված է միջազգայնորեն։

Արցախը գոյություն ունի, պարզապես հայաթափված է, ամբողջությամբ գրավված Ադրբեջանի կողմից։ 1991 թվականից սկսած Արևմուտքը և իրենց տարածաշրջանային օպերատոր Թուրքիան մեծ ջանքեր են գործադրել Հայաստանում սոցիալ-քաղաքական ինժեներիա իրականացնելու վրա, ինչի արդյունքում Հայաստանում 2018 թվականին իշխանության են բերվել փաստացիորեն թուրքական կողմնորոշում ունեցող ուժեր, հիմնականում դա է պատճառը, որովհետև թուրքական շահին դեմ է հայկական ազգային պայքարը, իսկ այդ պայքարը 2018 թվականի դրությամբ առաջին հերթին դրսևորվում էր Արցախի տեսքով։

Հիմա, երբ փաստացի Արցախի Հանրապետությունը դատարկված է, ի՞նչ քայլերով կարող ենք վերադարձնել և այն դարձնել հայաբնակ։

Արցախը հնարավոր է վերադարձնել նման նոր քաղաքական նպատակ դնելով և պետական մակարդակով, իսկ դրա համար հարկավոր են այնպիսի ազգային իշխանություններ, որոնք կունենան այդպիսի նպատակներ։ Եթե հայ զինվորը նորից կանգնի Արցախում, Արցախը կդառնա հայաբնակ։

Ի՞նչ քաղաքականություն է վարում Ադրբեջանը ներկայումս։

Հայատյացությունը, բնականաբար, շարունակում է ավելի թափ առնել և մոլեգնել, հակառակ հայերի այն հույսերի, որ 2020 թվականի պատերազմից հետո հայտյացությունը կվերանա, և սա, իհարկե, անգրագետ մոտեցում էր, որովհետև հայատյացությունն ավելի է ուժեղանում, երբ հետապնդում կամ հալածում են զոհին, և դրա միակ լուծումն ուժեղ լինելն է։

Առանձնացրեք, խնդրում եմ, մի քանի հայատյաց դրսևորումներ, որոնց հանդիպել եք ադրբեջանական մամուլում, որոնք ատելության տարր են պարունակում։

Դրսևորումները շատ են, հայերին ներկայացնում են՝ որպես անհայրենիք, որպես անբարոյական, վախկոտ, արնախում, սեփական հայրենիք և սեփական ծագում չունեցող ազգ, հայերին համեմատել են շների հետ, 44-օրյա պատերազմի ժամանակ, որը հետո դարձել է մեմ։ Սրանք, թերևս, ամենացայտուն դրսևորումներն էին։

Ալբինա Հովսեփյան

Տեսանյութեր

Լրահոս