«Րաֆֆին մինիմումն էլ չի ստանա` առանց հստակ իշխանությանը մաս կազմելու»

«Մենք տեսանք, որ սկզբից հայտարարվեց, թե հացադուլը քաղաքական ակցիա է, ծոմ չէ, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ դա ծոմ չէ, այլ քաղաքական պայքարի ձև է, իսկ երբ երեկ հացադուլից դուրս եկավ, հայտարարեց, որ դա ծոմ էր, և ինքը, որպես քրիստոնյա՝ դուրս է գալիս այդ ճգնավորությունից: Այստեղ հակասական գնահատականներ էին, բայց միակ հակասական մոտեցումը չէ, որը ցուցաբերեց Րաֆֆի Հովհաննիսյանն այս ընթացքում»,- երեկ հրավիրված մամլո ասուլիսում վերլուծելով «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի քայլերը՝ ասաց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
Գնահատելով Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլին զուգահեռ՝ Ազատության հրապարակում ընթացող գործընթացները՝ քաղաքագետը մասնավորապես խոսեց, այսպես ասած, ստվերային կամ այլընտրանքային կառավարության ստեղծման վերաբերյալ քննարկումների մասին՝ այդ գործընթացն անվանելով «չափազանց ճղճիմ»:
«Այդ գործընթացը բերեց նրան, որ այն պասիոնար, զգացմունքային մթնոլորտը, որը ստեղծվել էր հրապարակում ընտրություններից անմիջապես հետո, կարծես լիցքաթափվեց, պարպվեց այդ էներգիան»,- ասաց Հ.Հովհաննիսյանը՝ այս համատեքստում դիտելով նաև Րաֆֆի Հովհաննիսյան-Սերժ Սարգսյան նամակագրությունը: Հովհաննիսյանը զուգահեռներ անցկացրեց ղարաբաղյան շարժման հետ՝ նշելով, որ այն ժամանակ էլ, երբ շարժումը գնաց դեպի իշխանություն, այսինքն՝ իր առջև խնդիր դրեց կոնկրետ լծակներ ստանալու համար, ոգևորությունը ժողովրդի շրջանում սկսեց նվազել: «Այսինքն՝ իշխանությունը և հրապարակը անհարիր հասկացություններ են»,- ասաց Հ.Հովհաննիսյանը, ում կարծիքով՝ իշխանության սակարկումը միշտ էլ հիասթափություն է առաջացնում ժողովրդի մոտ: Քաղաքագետը մասնավորապես կանգ առավ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ առաջարկի երկրորդ կետին. «իշխանության կիսում ժողովրդի հետ»՝ կարծիք հայտնելով, որ ըստ Սահմանադրության՝ իշխանության տերը ժողովուրդն է, և հնարավոր չէ այն կիսել ժողովրդի հետ:
«Հիշո՞ւմ եք` ինչից սկսվեց ՀԱԿ-ի անկումը, երբ Լևոն Զուրաբյանն ասաց, թե «ջրբաժանը կա ու կա, մենք հիմա կգնանք, կերկխոսենք, եթե տեսնենք, որ այս ճանապարհը հաջողությամբ չի պսակվի, մենք նորից ջրբաժան կհայտարարենք: Ես այն ժամանակ առարկեցի, ասացի՝ ժողովուրդը խաղալիք չէ, որ երբ ցանկանաս, ասես՝ «ֆու», երբ ցանկանաս, ասես՝ «ֆաս»: Ժողովուրդը շատ զգայուն է և վիրավորվող»,- ասաց Հ.Հովհաննիսյանը:
Իսկ միգուցե իշխանությունները հաշվի՞ են առնում ժողովրդի վերաբերմունքը նման երկխոսությունների ժամանակ և ամեն անգամ այս մարտավարությո՞ւնն են կիրառում: Այս հարցին ի պատասխան՝ Հ. Հովհաննիսյանն ասաց. «Իշխանությունները մի իրավիճակում, երբ ստեղծվել է ընտրակեղծարարության մեքենա, քաղաքական ընտրություններն օգտագործում են որպես մահակ՝ քաղաքական ուժերի և դեմքերի դեմ: Ձեր խոնարհ ծառան դրա վառ ապացույցն է. ընտրությունների ժամանակ 3 գործ հարուցեցին, և ստիպված եղա մանդատը վայր դնել: Հիշո՞ւմ եք` 2012 թ. ԱԺ ընտրություններին երկար ժամանակ ՀԱԿ-ին պահել էին 7 և 6,5 տոկոսների արանքում, ինչո՞ւ, կգնա՞ ՀԱԿ-ը հետընտրական զարգացումների Միասնական շտաբի շրջանակներում, այդ մահակը կիջնի նրա գլխին, և կհայտարարեն, որ ՀԱԿ-ը ստացել է 6,5 տոկոս (այսինքն՝ չէր հաղթահարի ընտրական շեմը.- Ա.Ս.): Եվ այս իրավիճակում «Ժառանգությունը» և Րաֆֆի Հովհաննիսյանը չեն կարող մտավախություն չունենալ, որ քաղաքապետի ընտրությունները կարող են նույն ձևով օգտագործվել` իրեն պատժելու համար: Իշխանությունն իր ձեռքում «Բարգավաճ Հայաստան» քարտ ունի, լուրջ խաղաքարտ, կարող է հնարավորություն ընձեռել, որպեսզի ԲՀԿ-ն իր բարեգործական ծրագրերն ամբողջ թափով ծավալի ավագանու ընտրություններից առաջ»,- նշեց քաղաքագետը: Հ. Հովհաննիսյանն առաջարկեց «Ժառանգություն» խմբակցությանը՝ «Սերժ Սարգսյանի կողմից ուղարկված նամակները կարդալու փոխարեն»՝ ԱԺ-ում բարձրացնել ընտրություններից առաջ և ընտրարշավի ընթացքում բարեգործության անվան տակ մարդկանց շահագրգռելն օրենքով արգելելու հարցը, որպեսզի այդ ժամանակահատվածում արգելափակվեն այն բարեգործական ընկերությունները, որոնք ղեկավարվում են այս կամ այն կուսակցապետի կողմից: Ըստ Հովհաննիսյանի` «Ժառանգությունը» պետք է պահանջի այդ փոփոխությունների իրականացումը, հակառակ դեպքում չպետք է մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին, նույնիսկ պետք է վայր դնի իր պատգամավորական մանդատները: Քաղաքագետն այս շարքում դիտեց նաև Ընտրական օրենսգրքում փոփոխությունների, մասնավորապես՝ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակի հրապարակումն ընտրություններից հետո իրականացնելու պահանջի ներկայացումն ԱԺ-ում: «Եթե այդ պահանջները չընդունվեն, ուրեմն պետք է վայր դնեն մանդատները և չմասնակցեն քաղաքապետի ու ավագանու ընտրություններին, և իրենց գործունեությունն իրականացնեն հրապարակում ուղղակի ժողովրդավարության մեխանիզմների գործադրման ուղղությամբ, այսինքն՝ Հայաստանի քաղաքացիների համընդհանուր ժողովում` ուղղակի ժողովրդավարության միջոցով, որը երկրի առջև ծառացած խնդիրների լուծման համար համապատասխան ճանապարհն է»,- շարունակեց Հ. Հովհաննիսյանը:
Իսկ որտե՞ղ է ընդհանրապես ավարտվում քաղաքական համագործակցության սահմանը և սկսվում քաղաքական առևտուրը: Մեր այս հարցին էլ ի պատասխան` Հ.Հովհաննիսյանն ասաց. «Քաղաքական երկխոսությունները և քաղաքական բանակցությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ քաղաքական կողմերը, որոնք մտնում են երկխոսության մեջ, մեկը մյուսին ճանաչում են այն դերում, որում դրանցից յուրաքանչյուրը ձգտում է ներկայանալ: Եթե դու ճանաչում ես տվյալ վարչախմբի օրինականությունը, այդ դեպքում դու բանակցությունների միջոցով պետք է փորձես հասնել նրան, որ այդ վարչախումբը նաև ճանաչի այն դերը, որը դու պատրաստ ես ստանձնել: Նա ասում է`«ես նախագահ եմ»: Եթե դու ճանաչում ես նրա դերակատարության օրինակարգությունը և իր այդ դերակատարության շրջանակներում փորձում ես հասնել նրա կողմից քո դերակատարության ճանաչմանը, ուրեմն դու գնում ես բանակցությունների, բայց եթե դու չես ճանաչում նրա կարգավիճակը, ինչպե՞ս ես պատկերացնում նրա հետ բանակցությունները»:
Մենք հիշեցրեցինք ասուլիսում քաղաքագետի կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի` «իշխանությունը ժողովրդի հետ կիսելու» վերաբերյալ հնչեցված միտքը` «եթե դու համարում ես, որ դիմացինդ ավազակ է, ինչպե՞ս ես նրա հետ իշխանությունը կիսում», և հետաքրքրվեցինք` արդյո՞ք Րաֆֆի Հովհաննիսյանը ճանաչում է գործող նախագահին՝ որպես այդպիսին:
«Եթե դու համարում ես, որ ժողովուրդը ձայն է տվել քեզ, իսկ Սերժ Սարգսյանը գողացել է քո քվեն, ուրեմն նա ավազակ է,- պատասխանեց Հովհաննիսյանը` ավելացնելով,- Դրանից հետո բանակցությունը, երկխոսությունն անիմաստ են դառնում: Այդ դեպքում` երխոսությունը կարող է վերաբերել միայն իշխանության փոխանցման հարցին, իսկ բանակցություն և երկխոսություն` այդ հարցից դուրս, անիմաստ են: Բայց եթե նա ասում է, որ իշխանությունը չեմ փոխանցելուգնույն պատմությունն է, ինչ որ ՀԱԿ-ի հետ. ՀԱԿ-ն ասում էր. «գնում ենք երկխոսելու Սերժ Սարգսյանի կողմից իշխանությունը հանձնելու հարցով: Նույն պատմությունն է, նույն փակուղին, դեժավյու է, հասկանո՞ւմ եք: ՀԱԿ-ն ասում էր` «գնում ենք երկխոսելու այս օրակարգով», բայց իշխանությունն ասում էր, որ չի ընդունում այդ օրակարգը, կոնը, ղեկը Սերժ Սարգսյանի ձեռքում է, որովհետև նա դե ֆակտո նախագահ է»:
Հ. Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ՀԱԿ-ի այս քայլն ավարտվեց ձախողմամբ, և դրա պատճառով ընդդիմադիր ուժը կորցրեց հրապարակը, այսինքն` ժողովրդի զանգվածային աջակցությունը: «Նույնը հիմա է տեղի ունենում. իշխանությունն ասում է, որ պատրաստ է բանակցել միայն մեկ հարցով` պորտֆելների»,- ասաց քաղաքագետը և միաժամանակ կարծիք հայտնեց, որ արդեն հիմա բանակցությունները նենգափոխության են ենթարկվել. «Սկզբից Րաֆֆին ասում էր` բանակցելու է միայն իշխանությունը հանձնելու կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով, հետո ներկայացրեց մի ամբողջական ցանկ` մաքսիմալիստական պահանջ, այն սկզբունքով, որ՝ «պահանջիր առավելագույնը, որպեսզի հասնես նվազագույնին»: Իշխանությունն էլ ասաց` «մինիմումը պատրաստ եմ տրամադրել, մաքսիմումը` ոչ, այսինքն` ուժային նախարարությունները չեմ տա, դա իմ սրբության սրբոցն է, բայց երկրորդական լծակները կտամ»»: Այս առումով` Հովհաննիսյանը մեջբերեց հայտնի ասուլիսում Սերժ Սարգսյանի ակնարկն այն մասին, որ չի թույլատրի որևէ մեկին լինել իշխանության մեջ և միաժամանակ ընդդիմադիր կեցվածք ընդունել: «Դա ուղղված էր ոչ միայն ԲՀԿ-ին, այլ նաև Րաֆֆի Հովհաննիսյանին… Րաֆֆին պահանջեց ուժային կառույցները, բայց միաժամանակ մինիմումն էլ չի ստանա` առանց հստակ իշխանությանը մաս կազմելու»,- ավելացրեց Հմ.Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս