Բանակին սնուցող արտերիան փակելու մասին Անդրանիկ Քոչարյանի գնահատականը հետադարձ ուժ ունի՞. 2018 թվականի «թավշյա» փաստերի հետքերով

Մայիսի 14-ին Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է.

«…Իրական արժեքների տակ կեղծ բարեպաշտությամբ քողարկվելը հաստատ արժեքները փրկելու լավագույն մեթոդը չէ: Ցավոք, շատերը դրա մասին տեղյակ չեն ու գլխի չեն էլ ընկնում: Օրինակները շատ են, բայց որպես ամենաակնառու օրինակ՝ կենսական նշանակություն ունեցող ճանապարհները փակելու ու դրա մասին հպարտորեն հայտարարելու մասին կարող եմ խոսել: Իսկ դուք գոնե գիտե՞ք, թե որ ճանապարհներով է մեր բանակին անհրաժեշտ իրեր տրամադրվում (ու էստեղ իրերի տակ կարելի է հասկանալ հնարավոր ամեն բան): Առանց այդ էլ ներքին ու արտաքին ճանապարհատրանսպորտային կաթվածահար իրավիճակում, փակել ճանապարհներ, որտեղից քո բանակը մատակարարվում է, ու դրա մասին հպարտորեն հայտարարելը հաստատ հայրենասիրության դրսևորում չէ՝ համենայնդեպս իմ պատկերացմամբ»:

Լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում Քոչարյանը նշել է, որ խոսքը Բագրատաշենի ճանապարհը փակելու մասին է:

«Փակում ենք Բագրատաշենը, երբ մեր զինված ուժերն այսօր մարզանքներ են անցկացնում, դուք ինչ գիտեք՝ այդ ճանապարհը, որ փակում եք, այդ ճանապարհով մեր զինված ուժերի կարիքների համար ինչ պիտի գար: Եթե բանակի արտերիաները դուք փակում եք, այդ ճանապարհն առաջին հերթին պետք է դիտել բանակը սնուցող արտերիա, արտաքին մեր սահմանները պետք է այդ տեսանկյունից դիտել»,1in TV-ի հետ զրույցում նշել է նա՝ հավելելով, որ սահմանագծման գործընթացը պետք է տեղի ունենա, ՀՀ-ն պետք է ունենա պետական սահման, թեպետ չկա երաշխիք, որ այդ դեպքում ևս չեն լինի էսկալացիաներ:

Կարդացեք նաև

Առաջին հայացքից թվում է՝ բանակի մասին մտահոգ մարդու կարծիք է: Գուցեև իշխանական պատգամավորին իրապես շատ է մտահոգում բանակի զարգացմանը կամ բանակի կարիքների բավարարմանը խոչընդոտող ցանկացած քայլ:

Բայց այստեղ հարց է՝ ծագում Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այս գնահատականը հետադարձ ուժ ունի՞, քանի որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի «թավշյա հեղափոխության» օրերին ևս կարևոր ճանապարհներ և մայրուղիներ էին փակվում, այդ թվում՝ Բագրատաշենի հատվածում:

Խոսենք փաստերի լեզվով.

-2018, մայիս 2 «Հետք» 

«Այսօր հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետի ճանապարհը ցուցարարները փակել են առավոտյան 8։30-ից: Օրվա կեսին անցակետի ճանապարհի արգելափակված հատվածի երկու կողմերում կանգնած էին շուրջ 250 մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ: Ժամերով անցակետի մոտ կանգնած վարորդներն ու ուղևորները միացել էին ցուցարարներին։ Ցուցարարները վանկարկում էին՝ «ՀՀԿ հեռացիր», «Մենք ենք տերը մեր երկրի», «Նիկոլ վարչապետ»: Շրջակա գյուղերից բնակիչների նոր ու մեծ խմբեր էին միանում ցուցարարներին»:

-2018, ապրիլ 22, «Առավոտ»

«Այսօր Աշոցքի և տարածաշրջանի մյուս գյուղերի՝ Ղազանչիի, Սեպասարի, Զույգաղբյուրի և մյուսների բնակիչները մոտ 4-5 ժամով փակել էին Գյումրի-Աշոցք-Բավրա միջպետական ճանապարհը՝ պահանջելով իշխանափոխություն։ Վրաստանից դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարների վարորդները, որոնք հիմնականում եղել են ազգությամբ վրացիներ, համբերատար սպասել են՝ հայտարարելով՝ ինչքան ձեզ պետք է, կսպասենք։ Բնակիչները ցանկացել են ամբողջ օրը փակ պահել ճանապարհը, սակայն այն բացելու հորդոր է ներկայացրել Շիրակի փոխոստիկանապետ Աշոտ Գրիգորյանը, որը ծնունդով Աշոցքի Սեպասար գյուղից է: Մոտ 4-5 ժամ փակ պահելուց հետո, բնակիչները որոշել են վաղը նորից բողոքի դուրս գալ: Նրանք մեզ հետ զրույցում հայտարարեցին, որ դուրս կգան բողոքի այնքան ժամանակ, մինչև որ իշխանափոխություն լինի երկրում։ Ոստիկանների ու ցուցարարների միջև թեթևակի բախումներ, քաշքշոցներ են եղել»:

-2018, ապրիլ 26, «Առավոտ» 

«Ապրիլի 26-ի կեսօրին մարզկենտրոն Իջևան քաղաքում ցուցարարները փակել են միջպետական ավտոճանապարհը, ավտոմեքենաների մեծ կուտակում էր: Ժամը 16-ի դրությամբ Իջևանում ցուցարարները Անկախության փողոցով և միջպետական ավտոճանապարհով երթ են արել:

Ժամը 16-ի դրությամբ Բագրատաշենի մաքսակետ տանող ավտոճանապարհը, մաքսակետի հին ու նոր շենքեր տանող ճանապարհների խաչմերուկի մոտ, ցուցարարների կողմից փակված էր: Ժամը 16.30-ի դրությամբ մաքսակետի ճանապարհը բացվել է»:

-2018, ապրիլի 26, «Ազատություն» 

«Դսեղի և մոտակա գյուղերի բնակիչները ժամանակ առ ժամանակ փակում են Վանաձոր-Բագրատաշեն միջպետական ավտոճանապարհի Դսեղ գյուղի խաչմերուկը։ Նրանք այսպես իրենց ձայնն են բարձրացնում և միանում Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։

Նշենք, որ այս պահին մոտ հազար ցուցարարներ փակել են նաև մայրուղու Բագրատաշեն-Նոյեմբերյան հատվածը»:

-2018, մայիս 2, «Հետք»

«Հայ-վրացական սահմանի դեպի Բագրատաշեն գնացող և և Հայաստան եկող ճանապարհը կաթվածահար վիճակում է, երթևեկությունը դադարեցված է: Մոտ 200 մեքենաներ կանգնած են մնացել: Հատկապես դժվար կացության մեջ են հայտնվել զբողաշրջիկները, որոնք համբերատար սպասում են ճանապարհի բացմանը:

Երևան-Մոսկվա մեկնող ավտոբուսի ուղևորները նույնես խցանման մեջ են, սակայն միացել են ցուցարարներին: Նրանք ավտոբուսի վրա փակցրել են Նիկոլ Փաշինյանի նկարը և հայտարում են, որ չեն դժգոհում իրավիճակից, պատրաստ են մնալ որքան պետք է և պայքարել ժողովրդի հետ:

Բագրատաշենի և հարևան գյուղերի բնակիչներն իրենց ընտանիքի անդամների, երեխաների հետ գալիս են դեպի անցակետ»:

-2018, ապրիլի 22, «Հետք»

«Նոյեմբերյանի և Տավուշի մարզի հարակից բնակավայրերից ու Ալավերդուց ժամանած ցուցարարներն այսօր ժամը 15:00-ից փակեցին Նոյեմբերյան-Ալավերդի միջպետական ճանապարհը:

…Ցուցարարները այդ ժամանակ փակեցին Բագրատաշենի մաքսատուն գնացող ճանապարհի մուտքը: Ժամը 15:30-18:30 սահմանային անցակետի ճանապարհը ոստիկաններին չէր հաջողվում բացել: Կաթվածահար վիճակում հայտնված ճանապարհի երկու կողմերում ավտոմեքենաների կուտակումներ էին առաջացել: Տավուշի մարզի ոստիկանապետ, գնդապետ Գ. Գրիգորյանը ոչ մի կերպ չէր կարողանում ցուցարարներին համոզել բացել մաքսատան ճանապարհը: Ժամը 18:30-ի սահմաններում ցուցարարները ինքնակամ բացեցին Բագրատաշենի մաքսատան փակված ճանապարհը»:

-2018, ապրիլ 21, «Հետք» 

«Ցուցարարները կանգնեցրել են Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհի երթևեկությունը և մոտ մեկ ժամ պարբերաբար փակ պահել միջպետական ճանապարհը»:

-2018, ապրիլ 22, Hraparak TV

«Այսօր Նոյեմբերյան- Բագրատաշեն անցակետում թեժ է եղել»:

-2018, ապրիլ 25 «Հայկական ժամանակ» 

«Տավուշի մարզի բնակիչները փակել են Վանաձոր-Բագրատաշեն և Բագրատաշեն-Երևան միջպետական ավտոճանապարհը»:

-2018, ապրիլ 25 «Հետք» 

«Կողբ համայնքի երիտասարդները միացել են Բերդավանի և Նոյեմբերյանի ցուցարարներին և միասին շարժվեցին դեպի Բագրատաշեն՝ փակելու Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Այս պահին փակ է Բագրատաշենի մաքսակետը»:

Բագրատաշենի հետ կապված այս փաստերի շարքը կարելի է լրացնել, բայց սահմանափակվենք այսքանով: Փոխարենը որպես հավելում՝ հարկ ենք համարում հիշեցնել ևս մեկ «բանակային» դեպք:

-2018, ապրիլ 20, «Հայկական ժամանակ»

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Երևանի Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ապրիլի 20-ին ցուցարարները փակել էին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենայի ճանապարհը:

«ՀՀ պաշտպանության նախարարը, որպես ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, հանդիսանում է պետական պահպանության ենթակա անձ, որի տեղաշարժի արհեստական սահմանափակումներն անթույլատրելի են։ Ըստ այդմ՝ բացարձակ անընդունելի է, երբ պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենան արգելափակվում է անհայտ անձանց կողմից։

Նշված դեպքում, ապրիլի 20-ին, ժամը 18։00-ի սահմաններում, Կոմիտաս և Տիգրանյան փողոցների խաչմերուկում ցուցարարները, որոնց մեջ նաև ակնհայտ սադրիչներ և անչափահասներ են եղել, ոչ միայն արգելափակել են ՀՀ պաշտպանության նախարարի՝ աշխատավայր վերադարձող ծառայողական ավտոմեքենան, այլև անտեսել են անվտանգության ծառայության աշխատակիցների՝ մեքենան ապաարգելափակելու վերաբերյալ քաղաքակիրթ հորդորները, հարվածներ հասցրել ուղեկցող ավտոմեքենային, իսկ դիմակավորված ցուցարարներից մեկը փորձել է բացել պաշտպանության նախարարի ավտոմեքենայի դուռը։

Ստեղծված իրադրությունում նախարարի անվտանգությունն ապահովող աշխատակիցները ստիպված են եղել ուժի գործադրմամբ բացել պաշտպանության նախարարի ծառայողական ավտոմեքենայի ճանապարհը։

Պաշտպանության նախարարությունը, մտահոգություն հայտնելով տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, միաժամանակ հորդորում է չխոչընդոտել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի անվտանգությունն ապահովող կառույցի ավտոմեքենաների՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված տեղաշարժերը։

Դա էապես կարող է վտանգել ամեն օր մարտական խնդիր կատարող բանակի բնականոն կենսագործունեությունն ապահովող ենթակառուցվածքների անխափան աշխատանքը»,- ՊՆ-ի հայտարարությունը փոխանցել էր Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը:

Արդյո՞ք այս փաստերը հիշում է՝ բանակին սնուցող արտերիաները չփակելու հորդոր անող Անդրանիկ Քոչարյանը, և, կրկնում ենք, կարո՞ղ ենք ենթադրել, որ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ռազմավարական ճանապարհներ փակելով որևէ վնաս է հասցրել բանակին այդ օրերին: Մի կողմ ենք դնում պաշտոնավարման 6 տարիների, և հատկապես 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ՀՀ զինված ուժերին հասցված վնասները:

Ի դեպ, Ադրբեջանի պահանջով Նիկոլ Փաշինյանի՝ Տավուշում իրականացվող սահմանազատման և սահմանագծման գործընթացը ողջունող Անդրանիկ Քոչարյանը գիտակցո՞ւմ է, որ գյուղերը հայտնվելու են շրջափակման մեջ, որ Ադրբեջանը մխրճվելու է ՀՀ հյուսիսարևելյան տարածքներ՝ փաստացի բլոկադայի ենթարկելով Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, նաև վերհսկողություն սահմանելով ու սպառնալիք ստեղծելով ՀՀ խորքում գտնվող տասնյակ բնակավայրերի և տարածքների նկատմամբ։ Գուցե՝ այո, գուցե՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս