Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Իսրայելի կառավարությունը պատվիրակություն չի ուղարկի Կահիրեում բանակցությունները շարունակելու համար, քանի դեռ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը չի արձագանքել պատանդներին ազատ արձակելու դիմաց Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքի հրատապ առաջարկին: Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իսրայելական ԶԼՄ-ներում հաղորդված տեղեկությունները։
Ավելի վաղ Walla տեղեկատվական հարթակը, հղում անելով իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյայի, հաղորդել էր, որ ապրիլի 30-ին իսրայելական պատվիրակությունը կմեկնի Եգիպտոս՝ շարունակելու բանակցությունները պաղեստինյան անկլավում պահվող պատանդների ազատ արձակման շուրջ։
«Այս փուլում որոշվել է, որ պատվիրակությունն ընդհանրապես չի մեկնի Կահիրե: Իսրայելում սպասում են ՀԱՄԱՍ-ի պատասխանին, որը (ինչպես սպասվում է) կլինի մայիսի 1-ի երեկոյան, և այդ ժամանակ կընդունվի որոշում», – ասել է իսրայելական Kan ռադիոկայանի աղբյուրը։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրների, առանձին մանրամասներ էր հրապարակել ՀԱՄԱՍ-ին ուղղված Եգիպտոսի նոր առաջարկից, որը վերաբերում է Գազայի հատվածում հրադադարին և իսրայելցի պատանդների ազատ արձակմանը։ Ըստ լրատվամիջոցի՝ նոր առաջարկը կազմվել է Իսրայելի օգնությամբ։ Համաձայնագրի առաջին փուլը ներառում է մի քանի շաբաթվա ընթացքում 20-33 պատանդների ազատ արձակում՝ մարտական գործողությունների դադարի և Իսրայելում պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց: Հրադադարի տևողությունը կախված կլինի պատանդների թվից, որոնց կհաջողվի ազատ արձակել։
Երկրորդ փուլը ենթադրում է Գազայի հատվածում «կայուն անդորրի վերականգնում»։ Այս փուլում ՀԱՄԱՍ-ի մոտ մնացած պատանդները, ներառյալ Իսրայելի պաշտպանության բանակի գերի ընկած զինվորները և զոհվածների մարմինները կփոխանակվեն էլ ավելի մեծ թվով պաղեստինցի պատանդների հետ: