«Պետք է այնպես աշխատես, որ տարիներ հետո խոսելու իրավունք ունենաս»
168.am-ի զրուցակիցը երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն է:
– Գրիգոր, Ձեզ տարբեր ժամանակներում տեսնում ենք տարբեր նախագծերի մասնակցելիս: Կպատմե՞ք՝ ինչի՞ց ամեն ինչ սկսվեց, ու ե՞րբ զգացիք, որ երգի, երաժշտության ճանապարհով եք ցանկանում Ձեր կյանքը շարունակել։
– Առհասարակ երաժշտության հանդեպ ակնհայտ սերն ինձ մոտ նկատելի էր արդեն 5 տարեկան հասակում, երբ ես անչափ շատ ուզում էի դաշնամուր նվագել: Յոթ տարեկան հասակում ընդունվեցի Սարաջևի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը: Այդպես, կարելի է ասել, սկսվեց իմ երաժշտական կարիերան: Իսկ ինչ վերաբերում է կոնկրետ երգելուն, ապա նշեմ, որ մասնակցելով «Հայ Սուպերսթար» նախագծին և հայտնվելով եզրափակիչ մասնակիցների շարքում՝ հասկացա, որ ցանկանում եմ երգարվեստով լուրջ զբաղվել:
– Վերջերս մասնակցում էիք «Հայաստանի ձայնը» նախագծին, ու, եթե չեմ սխալվում՝ Արտո Թունջբոյաջյանի խմբից էիք: Ինչո՞ւ հենց նրան ընտրեցիք, ու ի՞նչ տվեց մրցույթը Ձեզ։
– Այո, մասնակցում էի «Հայաաստանի ձայնը» նախագծին, որտեղ ունեի հնարավորություն՝ ընտրելու բոլոր 4 մարզիչներից յուրաքանչյուրին, բայց ընտրեցի Արտոյին, քանի որ վերջինս ինձ համար հետաքրքիր էր՝ որպես երաժիշտ:
– Ձեզ ավելի շատ տեսնում ենք երգահանի դերում, որպես երգիչ՝ նորություններ ունե՞ք։
– Այո, մարդիկ ինձ ավելի շուտ ճանաչեցին՝ որպես երգահան, քանի որ վերջին տարիներին բավական շատ եմ ստեղծագործել հայտնի երգիչների համար, իսկ ինքս՝ որպես մեներգիչ, աշխատում եմ Երգի պետական թատրոնում՝ ավելի շատ հանդես գալով մյուզիքլներում, բայց արդեն, բացի Երգի պետական թատրոնի խմբում հանդես գալուց, ցանկություն ունեմ ներկայանալ նաև՝ որպես անհատ կատարող:
– Ինչո՞վ եք այս պահին զբաղված։ Նոր համագործակցություններ կա՞ն։
– Այս պահին զբաղվածությունս շատ է, քանի որ Երգի թատրոնի կազմով պատրաստվում ենք ներկայացնել «Կոմիտաս… Եկել եմ» մյուզիքլն Արցախում, բացի այդ, ունենք նոր տեսահոլովակ Երևանի մասին, որը մի քանի օրից լույս կտեսնի, ունենք մի քանի նոր երգեր: Որպես երգահան՝ ևս ունեմ նոր գործեր` տարբեր երգիչների համար նախատեսված: Եվ այս ամենից բացի, աշխատում եմ արդեն ինձ համար գրված երգերի վրա՝ ցանկանալով հանդես գալ՝ որպես անհատ կատարող:
– Ընդհանրապես Ձեզ ո՞ր ոճում եք տեսնում։
– Առհասարակ ժանրային սահմանափակումներին կողմնակից չեմ, բայց ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ ուզում եմ հանդես գալ փոփ-ռոք ոճում:
– Ի՞նչ եք կարծում` տարիքային ո՞ր խումբն են կազմում Ձեր երկրպագուները։
– Չեմ կարող դեռ հստակ առանձնացնել տարիքային կոնկրետ խումբ, որը պիտի դառնա իմ լսարանը, բայց դատելով «Հայաստանի ձայնը» նախագծում ունեցած իմ հաջողություններից՝ կարող եմ ասել, որ առավել մեծ թիվ են կազմում երիտասարդ աղջիկները, ինչի համար բավական ուրախ եմ:
– Երկրպագուների բանակն արդեն ձևավորված կլինի: Ի՞նչ հետաքրքիր արձագանքներ եք նրանց կողմից լսել։
– Առհասարակ լավ առիթ է՝ շնորհակալություն հայտնելու բոլոր այն մարդկանց, ովքեր եղել են կողքիս նախագծի ընթացքում, քանի որ յուրաքանչյուր մարդու ամեն դրական կարծիք ինձ ոգևորում է, իսկ վերջին շրջանում իրոք հասկանում եմ, որ մարդիկ ինձ համակրում են, զգում եմ, որ իսկապես սիրում են իմ տեսակը, և ուրախ եմ, որ «Հայաստանի ձայնը» տվեց ինձ հնարավորություն ծանոթանալու շատ մարդկանց հետ, ու այս նախագծի միջոցով կարողացա ներկայացնել երաժշտական իմ ընդունակությունների մի մասը:
– Դժվա՞ր է հայկական շոու-բիզնես մուտք գործել։ Ի՞նչ դժվարությունների եք հանդիպել։
– Չնայած դեռ ձևավորված հայկական շոու-բիզնես չունենք, բայց այն այժմ հենց ձևավորման փուլում է, և աստիճանաբար ամրանում են այն հստակ օրենքները, որոնց առկայության դեպքում միայն կարելի է խոսել շոու-բիզնեսից: Սակայն նույնիսկ լավ չձևավորված այս դաշտ մուտք գործելը և, առավել ևս, դաշտում ամուր դիրք ունենալը բավականաչափ բարդ է: Հիմնական խնդիրներն են ֆինանսական ռեսուրսների բացակայությունն ու, իհարկե, լսարանի փոքր թիվը: Ու այս պայմաններում չափազանց բարդ է կարողանալ կարծրատիպային մտածելակերպը ջարդել, կարողանալ փոխել արդեն ամրագրված օրենքներն ու փորձել ճաշակով երաժշտությամբ հանդես գալ:
– Հայկական երգարվեստում կա՞ն երևույթներ, որոնք Ձեզ դուր չեն գալիս։
– Հայկական երգարվեստում շատ երևույթներ կան, որոնք խանգարում են ինձ և դուր չեն գալիս: Բայց ինձ իրավունք չեմ վերապահում քննարկել ու քննադատել դրանք, փոխարենը՝ փորձում եմ ինչ-որ բան ինքս փոխել դեպի ավելի ճաշակովը:
– Հասցրե՞լ եք արդեն հիասթափություններ ունենալ։ Ինչպե՞ս եք դրանք հաղթահարում։
– Իհարկե, հիասթափություններից չես փախչի, սակայն, եթե ռեալ ես նայում տվյալ խնդրին, հասկանում ես, որ ամեն ինչ բնական է, ու պետք չէ հիասթափվել, այլ պետք է փոխարենը՝ փորձել փոխել դեպի լավը, աշխատել այնպես, որ տարիներ հետո ունենաս խոսելու իրավունք և զգաս, որ ինքդ ինչ-որ բան իսկապես արել ես, այլ ոչ թե զուր ժամանակ ես անցկացրել՝ պարզապես ինչ-որ կարճ ժամանակահատվածում լինելով հայտնի կամ, առավելագույնը, սիրված: