«Քարոզչության պատճառով թուրք հանրության շրջանում Հայաստանի և հայ ազգի նկատմամբ տրամադրությունները բացասական են». Մելինե Անումյան
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ դրա նկատմամբ Թուրքիայում տիրող հանրային կարծիքի, թուրքական կողմի պաշտոնական դիրքորոշման, գիտական շրջանակների հայացքների և դրանցում փոփոխությունների մասին Ermenihaber.am-ը հատուկ հարցազրույց է պատրաստել թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Մելինե Անումյանի հետ:
– Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցն ի՞նչ տեղ կարող է զբաղեցնել։
– Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ մեկնարկած երկխոսության շրջանակներում Հայոց ցեղասպանության հարցը, եթե անգամ ոչ բացահայտ, ապա քողարկված կերպով գլխավոր տեղ է զբաղեցնում։ Բոլորս ենք հիշում, որ ՀՀ նախկին իշխանությունները նախընտրել էին առանց նախապայմանների կարգավորման ճանապարհը, սակայն Թուրքիան այդ դեպքում անգամ չէր հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը վերջնականապես հօգուտ իրեն հանգուցալուծելու փորձերից («պատմաբանների հանձնաժողով» ստեղծելու առաջարկ և այլն)։
Հայոց ցեղասպանության հարցը հենց այն գլխավոր կետն է, որտեղ հանդիպում են այս երկու կողմերը՝ մարդասպանը և զոհը։ Այսինքն, կարծում եմ, որ անհնար է խոսել որևէ հայ-թուրքական առնչությունից՝ փորձելով անտեսել երկու կողմերի միջև համառորեն կանգնած այդ խնդիրը։ Հայոց ցեղասպանության հարցը միաժամանակ իրական հնարավորություն է Թուրքիայի համար՝ ապացուցելու իր բարեկամական վերաբերմունքի անկեղծությունը՝ առերեսվելով պատմական ճշմարտությանը՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ (ներման հայցում, փոխհատուցում և այլն)։
– Ի՞նչ գործոններ կարող են հանգեցնել Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի պետական դիրքորոշման փոփոխությանը։ Արդյո՞ք այդպիսի գործոն կարող է լինել միջազգային հանրության ճնշումը, և կամ իշխանափոխությունը։
– Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի պետական դիրքորոշման փոփոխությանը կարող են հանգեցնել ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործոններ։ Բնականաբար, արտաքին ճնշման առումով անգնահատելի է միջազգային հանրության դերը, որը, սակայն, արդյունավետ լինելու համար պետք է գործադրվի ճիշտ մեխանիզմների միջոցով։ Այսինքն՝ օտարերկրյա, հատկապես՝ մեծ տերությունները պետք է իրապես ցանկություն ունենան ճնշել Թուրքիային՝ պատմական արդարությունը վերականգնելու համար, այլ ոչ թե դա անեն սեփական այսրոպեական շահերից ելնելով, ինչին, ցավոք, հաճախ ենք հանդիպել այս 100 տարվա ընթացքում։
Շատ կարևոր է նաև, որ արտաքին կամ միջազգային ճնշումը լինի միաբանված և համատեղ, այլապես՝ անհնար կլինի որևէ արդյունքի հասնել, եթե այն ցուցաբերվի միայն 1 կամ 2 պետության կողմից։ Ինչ վերաբերում է ներքին ճնշումին, որը պետք է արդեն գործադրվի թուրք հասարակության կողմից, ապա միգուցե դա հնարավոր կլինի իշխանափոխության դեպքում։ Սակայն, ըստ իս, Թուրքիայում իշխանափոխության հավակնող այժմյան քաղաքական ուժերը նման գաղափարներ չեն կրում։ Հատկապես եթե խոսենք իշխանափոխության համար ամենամեծ շանսերն ունեցող ներկայիս ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ-CHP) մասին, ապա պետք է արձանագրենք, որ այն ոչ միայն այսօրվա իշխանությունների հետ միանման վերաբերմունք ունի Հայոց ցեղասպանության և, առհասարակ, Հայկական հարցի հանդեպ, այլ՝ անգամ ավելի բացասական է տրամադրված հայության նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, հարկ է արձանագրել, որ Թուրքիայում գրեթե բոլոր քաղաքական ուժերը եթե տարբեր մոտեցումներ ունեն մյուս խնդիրներին, ապա երբ հարցը վերաբերում է հայկական խնդրին, նրանք միաբանված և միանման են դառնում՝ Հայոց ցեղասպանությունն ուրանալու գործում․․․
– Ներկայումս թուրք հանրության շրջանակներում մեծամասամբ ինչպիսի՞ն են տրամադրությունները Հայաստանի և առհասարակ հայ ազգի նկատմամբ։
– Թուրք հանրության շրջանում, ինչպես նախկինում, ներկայում ևս բացասական տրամադրություններ են առկա Հայաստանի և հայ ազգի նկատմամբ։ Դա պայմանավորված է հատկապես թուրքական պետության կողմից տարվող քարոզչության հետ։ Ինչպես հայտնի է, Թուրքիայի Հանրապետությունն իր 100-ամյա գոյության ընթացքում վարել է հակահայկական տրամադրություններ հարուցող քաղաքականություն՝ որպես քարոզչության գործիքներ օգտագործելով ինչպես զանգվածային լրատվամիջոցները, այնպես էլ՝ կրթության ոլորտը։ Ինչպես ցույց են տալիս նաև «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից կատարված ուսումնասիրութունները, վերջին տարիներին, մասնավորապես 2018-2019թթ․ թուրքական մամուլում ամենաշատ ատելության խոսքը կիրառվել է հենց հայերի նկատմամբ։
Հայտնի է նաև, որ այժմյան թուրքական դպրոցական դասագրքերում նույնպես հայերը հանդես են գալիս «դավաճանի» կամ «թշնամու» կերպարի դերում։ Բնականաբար, այդ քարոզչությունը չէր կարող անհետևանք մնալ։ Եթե դրան գումարենք նաև քրիստոնյաների և հատկապես հայերի հանդեպ այն բացասական տրամադրությունները, որոնք միշտ են առկա եղել դեռ օսմանյան ժամանակաշրջանից, ապա հասկանալի կդառնա, որ նման քարոզչության պայմաններում հայը կամ Հայաստանը չեն կարող դրական վերաբերմունքի արժանանալ ներկայիս թուրք հանրության կողմից։ Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ հայերի մասին ավելի իրական կարծիք կազմելու հարցում որոշակի դեր ունի համացանցը, որի պտուղները, սակայն, առայժմ տեսանելի չեն, քանի որ կրթության և լրատվության ոլորտները շատ ավելի ազդեցիկ են։
– Թուրքիայի գիտական և փորձագիտական շրջանակներում կա՞ որևիցե փոփոխություն՝ Հայոց ցեղասպանութունը որպես պատմական իրողություն ընդունելու հարցում:
– Այո՛, կարելի է արձանագրել, որ վերջին տասնամյակներին, հատկապես՝ վերջին 20 տարում Թուրքիայի գիտական և փորձագիտական շրջանակներում որոշակի դրական միտում էր նկատվում՝ Հայոց ցեղասպանությունը որպես պատմական իրողություն ընդունելու հարցում։
Հատկապես 2016թ․ հուլիսին Թուրքիայում կատարված ռազմական հեղաշրջման փորձին նախորդած տասնամյակում այդ երկրում սկսել էին ավելի մեծ թվով գրքեր հրատարակվել նախկինում տաբու եղած այնպիսի թեմաներով, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, Հայկական հարցը, իսլամացած հայերը, լքյալ գույքերը, ինչպես նաև՝ Ունեցվածքի հարկը, 1955 թ․ սեպտեմբերի 6-7-ի պոգրոմները և այլն: Դա հիմնականում պայմանավորված էր Թուրքիայի` ԵՄ անդամակցելու գործընթացով և այլ հարակից գործոններով:
2008թ․ մեկնարկած հայ-թուրքական «ֆուտբոլային դիւանագիտության» եւ 2009 թ․ հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրություններից հետո Թուրքիայում սկսվել էր «Հայկական նախաձեռնությունը» (Ermeni Açılımı), որի շրջանակներում հետագա մի քանի տարում հայկական թեմատիկան համեմատաբար ավելի արդիական էր դարձել այստեղ: Սակայն, միաժամանակ, դա հանգեցրել է տաբու դարձած թեմաների մասին բարձրաձայնող հեղինակների, գիտնականների, լրագրողների նկատմամբ բռնությունների և հետապնդումների դեպքերի աճին, ինչի հետևանքով նրանք կա՛մ ձերբակալվել են, կա՛մ՝ սպանվել (Հրանտ Դինք), կա՛մ էլ հարկադրված են եղել լքել Թուրքիան (Ռագըփ Զարաքոլու)։