«Թշնամին կարող է հարվածել այլ ուղղությունից, ոչ Տավուշից. այնտեղ ինքն արդեն անհանգստանալու առիթ չունի, դա նվեր է ստացել Փաշինյանից». Դավիթ Ջամալյան

Ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Տավուշում սահմանազատման աշխատանքներն ավարտելուց հետո, սահմանին կկանգնեն սահմանապահները։

«Շատ է քննարկվում հարցը, թե բանակն ի՞նչ գործառույթ է կատարելու՝ սահմանը հանձնվելու է սահմանապահին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։ Այսօր արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունն ինչպես են իրականացնելու»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Այս հայտարարությունից հետո բազմաթիվ փորձագետներ հայտարարեցին՝  եթե սահմանին կանգնում է  ադրբեջանական սահմանապահ զորքը, դա չի նշանակում, որ սահմանն անվտանգ է լինելու, քանի որ  այդ զորքը գործում է Ադրբեջանի ՊՆ-ին կից, հաճախ իրականացնում է  տարբեր մարտավարական զորավարժություններ:

168.amի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն էլ հաստատեց, որ Ադրբեջանի սահմանապահ զորքերը զինված ուժերի բաղկացուցիչ մասն են կազմում։

Կարդացեք նաև

«Պաշտպանության նախարարության ստրուկտուրաների հետ նրանց համագործակցությունն այնքան սերտ է, որ խոսքն ընդհանուր զինված ուժերի մի բաղադրիչի մասին է։ Այսինքն՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը զուտ սահմանի պահպանության ֆունկցիա չեն կատարում, այլ ներգրավված են մարտական խնդիրներում։

Իրենց բոլոր պլանների համաձայն՝ Ադրբեջանի սահմանապահ զորքերը Զինված ուժերի հետ միասին պետք է ներգրավվեն մարտական խնդիրներ լուծելուն։ Անգամ, եթե հիմա այդ պայմանավորվածությունների հատվածում կանգնեն սահմանապահ ծառայության ստորաբաժանումները, սա չի կանխելու և չի կարող կանխել Ադրբեջանի նոր ագրեսիան ՀՀ-ի նկատմամբ։ Այդ ագրեսիան կարող է լինել պետական սահմանի այլ հատվածից։ Այսինքն՝ բոլորովին պարտադիր չէ, որ թուրքը հարվածի հենց այն բարձունքից, որն իբրև նվեր երեկ ստացավ ու շարունակում է  ստանալ»,- նշեց Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ թշնամին իր դիրքերը բարելավում է Տավուշի սահմանում՝ հայկական կողմին զրկելով նախաձեռնություն հանդես բերելու հնարավորությունից, այսինքն՝ թշնամին իրեն ապահովագրեց այդ հատվածում։

«Կրկնում եմ՝ թշնամին կարող է հարվածել այլ ուղղությունից, ոչ Տավուշից, հաշվի առնելով այն, որ ինքն արդեն անհանգստանալու առիթ չունի այն տեղամասի հետ կապված, որը նվեր է ստացել Փաշինյանից։

Սահմանապահների վերաբերյալ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակի» ոճով արված էժանագին մանիպուլյացիա է, թե զինվորներին հանգիստ տանք։ Սրանով ակնհայտորեն վտանգելու է զինվորին, բերելու է նոր պատերազմ ու արհավիրք։ Սրանով նա զոհեր, ավերածություննր ու կորուստներ է բերելու, այլ հարց է, թե այդ ամենը պետական սահմանի որ մասում կլինի։

Ալիևի երեկվա հայտարարությունից հետո ուղղակի կասկածի տեղ չի մնում, որ Ադրբեջանը հարվածելու է այնտեղ, որտեղ նպատակահարմար է համարելու։

Տավուշում մեր հայկական գյուղերի հարակից հատվածներում բարձունքներ տալով՝ օրվա ապազգային իշխանությունն ավելի հավանական է դարձնում Ադրբեջանի հաջորդ ագրեսիան մեր երկրի դեմ»,- եզրափակեց Դավիթ Ջամալյանը։

Տեսանյութեր

Լրահոս