Հայաստան-Ադրբեջան գործընթացի ստվերային խաղացողն ու շահառուն

Հայաստան-Ադրբեջան գործընթացում մերժելով բոլոր միջնորդների առաջարկները՝ սկզբից՝ Արևելքից, հետո՝ Արևմուտքից՝ ԵՄ, ԱՄՆ, Գերմանիա, Ֆրանսիա, Ալիևը, գոհունակություն հայտնելով մեկնարկած, այսպես կոչված, սահմանազատման գործընթացից, որով հայկական կողմը միակողմանիորեն տարածքներ հանձնեց Ադրբեջանին, ազդարարում է՝ Հայաստանին ու Ադրբեջանին միջնորդներ պետք չեն։ Ալիևը, որը կարողացավ բոլոր միջնորդներից կորզել «նվերներ» Ադրբեջանի համար, այդ թվում՝ Արցախն առանց հայերի, անցել է ՀՀ սահմաններին, սահմանազատման գործընթացին ու Խաղաղության համաձայնագրին։

Նախօրեին ելույթ ունենալով ադրբեջանական համալսարաններից մեկում՝ Ադրբեջանի ղեկավարը մի շարք առանցքային հայտարարություններ է արել, որոնք ուշագրավ են ռեգիոնալ հետագա զարգացումների տեսանկյունից։ Նախ՝ Ալիևը հայտարարում է, որ՝

  • սահմանազատման գործընթացը տարանջատել են Խաղաղության համաձայնագրից,
  • խաղաղության համաձայնագրի վերաբերյալ կա ընդհանուր ընկալում, և այն կարող է լինել ընդհանրական մի փաստաթուղթ, որի ստորագրումից հետո համաձայնեցվեն մնացած մանրամասները,
  • հաջողվեց լուծել 4 գյուղերի հարցը, սակայն կա սահմանազատման հետագա հարցն ու «էքսկլավների» հարցը, որն ավելի բարդ է»,
  • «Եռակողմ հայտարարության մեջ «Զանգեզուրի միջանցքը» հիշատակված չէ, սակայն նշվում է, որ պետք է լինի ճանապարհային կապ Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև, որի նկատմամբ վերահսկողությունը պետք է ապահովեն ռուս սահմանապահները: Հայաստանը, երեք տարուց ավելի է՝ «խախտում է այս դրույթը և մտադիր է այն չեղարկել։ Բայց դա անհնար է»։
  • Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության պայմանագրի կնքման նախապայման է,
  • Մինչև նոյեմբեր ամսին Ադրբեջանում անցկացվելիք COP29 համաժողովը Ադրբեջանի և Հայաստանի միջև համաձայնության ձեռքբերումը՝ թեկուզ հիմնարար սկզբունքների շուրջ, միանգամայն իրատեսական է թվում։

Դատելով Ալիևի հայտարարություններից, գործընթացից, բանակցությունները և լուծումները միմիայն ադրբեջանական սցենարով են ընթանում, ավելին, Ադրբեջանը չի հրաժարվում, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի գաղափարից և ՀՀ Սահմանադրության վերաբերյալ նախապայմաններից՝ գործելով տանդեմով Թուրքիայի հետ, ինչը ևս վաղուց ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը չեն թաքցնում։

Ուշագրավն այն է, որ կան պայմանավորվածություններ կամ ստվերային գործընթացներ, որոնք շատ ուշ են հանրային դառնում, որոնցից մեկն այն է, որ վերջին ամիսներին կա ծրագիր ՀՀ-Ադրբեջան, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել մինչև նոյեմբեր, կա նաև որոշակի պատկերացում, թե ինչ համաձայնագիր կարող են կողմերը ստանալ մինչ դա, և հետաքրքրականն այն է, որ, եթե նույնիսկ կողմերին չհաջողվի խնդիրների ողջ սպեկտրն, ըստ իրենց, քննարկել և լուծումներ տալ, ապա կստորագրվի համաձայնագիր, որում միայն ամենակարևոր սկզբունքները կարձանագրվեն։ Այսինքն՝ Ադրբեջանը շտապում է համաձայնագիրը ստորագրել մինչև նոյեմբեր։

Կարդացեք նաև

Ի դեպ, այս մասին առաջինն ակնարկել էր Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը դեռևս մարտ ամսին, և սա՝ այն դեպքում, երբ Մեծ Բրիտանիան որևէ փուլում չի հանդիսացել բանակցային միջնորդ։ Մարտի 14-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը, ելույթ ունենալով Բաքվի 11-րդ գլոբալ ֆորումի պաշտոնական բացման արարողության ժամանակ, նշել էր, որ Բաքուն նոյեմբերին կհյուրընկալի COP29-ը։ Սունակը հավելել էր, որ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի միջև հարաբերությունները զարգանում են։

«Մենք շարունակում ենք աջակցել Ադրբեջանին՝ COP29-ի հետ կապված: Մենք հավատում ենք, որ մինչև COP29-ը Ադրբեջանը և Հայաստանը կհասնեն խաղաղության»,- այս ուշագրավ մանրամասնը առաջին անգամ ասել էր Սունակը։

Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն առանձնահատուկ հարաբերություններ է փորձում ձևավորել Մեծ Բրիտանիայի հետ, հյուրընկալում է Երևանում, ապա ամիսներ անց Մյունխենում հանդիպում MI6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի՝ Էրդողանի ընկերոջ հետ, ընդլայնում երկխոսությունը, իսկ բրիտանացի պաշտոնյաները խոսում են միայն Միջին միջանցքի, դրա մասը կազմող, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի, ՀՀ Բրիտանիայից ապօրինի ներգաղթյալներ ուղարկելու, ինչպես նաև Ռուսաստանի դեմ Հայաստանին աջակցելու մասին։ Թերևս, պատահական չէր նաև, այսպես կոչված, սահմանազատման գործընթացի մեկնարկին զուգահեռ՝ Փաշինյանի հարցազրույցը մի շարք հեղինակավոր բրիտանական լրատվամիջոցների լրագրողներին The Guardian-ից, The Independent-ից, The Telegraph-ից, The Critic-ից, Adam Smith Institute-ից, BBC-ից։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին 168.am-ի հետ զրույցում ասաց, թե գաղտնիք չէ, որ ԵՄ-ն լիարժեք միատարր չէ, ԵՄ-ի ներսում ևս լուրջ մրցակցություն կա մի շարք երկրների միջև։

Ըստ նրա, Մեծ Բրիտանիան ձգտում է ավելի մեծ ազդեցության՝ ինչպես ԵՄ-ի ներսում, այլ նաև՝ այլ ռեգիոններում,  նոր «ցանցեր» է փորձում գցել՝ ինչպես Կենտրոնական Ասիայում, այնպես էլ՝ Հարավային Կովկասում։

Վերլուծաբանի կարծիքով, բնականաբար, նման գործընթացները գեներացվում են գործընկեր երկրների միջոցով։

«Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի համար նման երկիր է Ադրբեջանը, ում միջոցով էլ գործընթացները գեներացվում են, և Բրիտանիան ստանում է անհրաժեշտ ազդեցությունը։ Ընդ որում՝ դա տեղի է ունենում նաև Հայաստանի հետ հարաբերությունների ակտիվացման միջոցով, թեև այստեղ Ադրբեջանը բոլորովին այլ դիրք ու տեղ ունի այս երկրի համար։ Բոլոր միջնորդ և շահագրգիռ երկրների հիմնական շահագրգռությունը ռեգիոնով անցնող հաղորդուղիներն են, այս դեպքում Բրիտանիան ևս հետաքրքրված է դրանցով։ Սակայն մինչ դա, իհարկե, Ռուսաստանի ու Իրանի դերի նվազեցման նպատակն է գործում»,- ասաց վերլուծաբանը։

Կախա Գոգոլաշվիլին չի բացառում, որ գործընթացը պաշտոնապես առանց միջնորդների է, սակայն կան ստվերային ազդեցություններ, ստվերային խաղացողներ, որոնցից մեկը՝ գուցե առանցքայինը, կարող է լինել Մեծ Բրիտանիան։

«Դա է պատճառը, որ համաձայնագրի ստորագրման հնարավոր ժամկետներից Մեծ Բրիտանիան գուցե ավելի լավատեղյակ է, քան ԵՄ-ն կամ, օրինակ, Ֆրանսիան, ում Ադրբեջանն ինտենսիվորեն ու ոչ պատահականորեն մերժում է, որը ևս պետք է ընկալել ներեվրոպական մրցակցության շրջանակում։ Իսկ այն, որ միջնորդների ինստիտուտը ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի տապալմամբ փլուզվեց, միանշանակ է, չհաջողվեց արդյունավետ միջնորդություն իրականացնել պատերազմից հետո։ Ի դեպ, դա չհաջողվեց ոչ ԱՄՆ-ին, ԵՄ-ին, Ռուսաստանին, Գերմանիային, Ֆրանսիային, սա ուշագրավ ֆենոմեն է, գուցե նրանցից որևէ մեկն էլ իսկապես չցանկացավ միջնորդել՝ չստանձնելով իրադարձությունների ու որոշումների պատասխանատվությունը»,- ասաց Կախա Գոգոլաշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս