Բաժիններ՝

Մի լուսանկարի պատմություն

Շիրակի մարզի Ջաջուռ գյուղից 3 կմ հեռու Հերհերի ձորն է, որը շատերին հայտնի է որպես «Ջարդի ձոր»: Այն ներկայիս ՀՀ տարածքում միակ տեղն է, որտեղ թուրքերի կողմից իրականացվել են հայերի զանգվածային ջարդեր: Ըստ պատմական որոշ վկայությունների` 1918-21 թվականներին այս տարածքում է նահատակվել Ալեքպոլ գավառի և Ղարաքիլիսայի 50 գյուղի ավելի քան 12 հազար բնակիչ:

1920 թվականին թուրքերը հարձակվել են գյուղերի վրա, ներխուժել նաև Շիրակի մարզի Հայրենյաց գյուղ։ Մինչ այդ, մոտալուտ վտանգը զգալով, գյուղացիները թաքնվել են գյուղին մոտ գտնվող քարանձավներում։ Թուրքերը թալանել են գյուղացիների տները, գոմերը, ոսկեղենը, տարել են անասուններին, այնուհետև փնտրել ու գտել են քարանձավներում 80 պատսպարվածի՝ երիտասարդների, ծերերի, երեխաների ու կանանց և գերեվարել։

«Հորական տատիկիս, վաստակաշատ մանկավարժ Ռոզա Բաղդասարյանի մորեղբայրը՝ Գևորգ Հովսեփյանը, որը զինվորական էր, լսելով համագյուղացիների, նրանց մեջ նաև հարազատ եղբոր՝ Հուսիկի գերեվարման մասին, միանգամից շտապել է գյուղ՝ օգնելու թուրք հրոսակների ճիրաններում գտնվողներին»,-«Արմենպրես»-ին պատմում է Ռոզա տատիկի թոռը՝ Հովհաննես Սարգսյանը՝ տեղեկացնելով, որ Գևորգին չի հաջողվել փրկել հարազատ եղբորը։

Հիշելով լուսահոգի տատիկի պատմածները՝ Հովհաննեսը պատմում է, որ թուրքերը գյուղի քարանձավներից հանել ու կապված վիճակում մարդկանց տարել են Ջաջուռ գյուղի մոտակայքը, դաժանաբար սպանել են, այրել ու սարից գլորել մոտակա Հերհերի ձորը։ «Եղել են 6 զինված ասկյար ու մեկ թուրք փաշա։ Ջաջուռի ճանապարհին սպանվել է նաև Գևորգը, ապա դիակը կապել են ձիուց և քարշ տալով տարել, նույնպես գլորել ձորը։ Մեր գյուղից սպանել են 80 հոգու, այդ թվում Գևորգ և Հուսիկ Հովսեփյան եղբայրներին»,-ասում է Հովհաննեսը։

Թուրքական յաթաղանի զոհ դարձած Գևորգ Հովսեփյանի ընտանեկան ալբոմում մի լուսանկար կա, որտեղ Գևորգը պատկերված է իր ընտանիքի հետ միասին։ «Գևորգի աղջիկը՝ Հեղինեն, այդ լուսանկարը թուրքերից թաքցրել է քարանձավում և միայն 10 տարի անց է համարձակվել հանել այն։ Այս լուսանկարը պահպանվում է որպես մեծ գերդաստանի թեկուզ ցավոտ հիշողությունների Սուրբ մասունք»,-ասում է Հովհաննեսը՝ ցույց տալով լուսանկարը։

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս