ՆԳՆ հերքում է լուրերը Հայաստանի ինքնիշխան տարածքից որևէ հատված Ադրբեջանին հանձնելու մասին
Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է տարածվող լուրերը, թե ապրիլի 23-ին Տավուշի հատվածում Հայաստան-Ադրբեջան շփման գծի փոփոխություն է իրականացվելու։ ՆԳՆ-ն հերքել է նաև լուրերը, թե Հայաստանի ինքնիշխան տարածքներ են հանձնվելու Ադրբեջանին։
ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Ի պատասխան սոցիալական ցանցերում եւ ԶԼՄ-ներում տարածվող տեղեկությունների հայտնում ենք, որ Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհը փակվել է հարակից տարածքում իրականացվող ականազերծման աշխատանքներն ապահովելու եւ քաղաքացիների մուտքը մոտակա ականապատ տարածքներ թույլ չտալու համար, վերջիններիս անվտանգությունն ապահովելու նկատառումով: Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում:
Տեղեկացնում ենք նաեւ, որ լուրերը, թե Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի որեւէ հատված հանձնվելու է Ադրբեջանին, չեն համապատասխանում իրականությանը:
Ընդգծում ենք, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որեւէ փոփոխություն այսօր չի նախատեսվում: Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին»: