ՌԴ-ՀՀ հարաբերություններում չի կարելի թերագնահատել պատմական հիշողության դերը. Կոպիրկին
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ ռուս-հայկական հարաբերություններում չի կարելի թերագնահատել պատմական հիշողության դերն ու տեղը:
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ դիվանագետը կարևորեց, որ երկու երկրում էլ հարգում են մեր ժողովուրդների ընդհանուր սխրանքի և ընդհանուր պատմության հիշողությունը, Մեծ հաղթանակի համար զոհվածների հիշատակը։
«Այսօր այդ թեման առավել արդիական է դառնում, քանի որ այդ սխրանքը մոռացության մատնելու, պատմությունը խեղաթյուրելու փորձեր կան, և այն, որ մենք այստեղ միասնական դիրքերում ենք, շատ կարևոր քաղաքական գործոն է, որն իսկապես ամրապնդում է հարաբերությունները ոչ միայն մեր երկրների, այլև մեր ժողովուրդների միջև։ Ես հույս ունեմ և վստահ եմ, որ այն կպահպանվի նաև հետագայում՝ անկախ բոլոր խնդիրներից, մարտահրավերներից և իրավիճակը փոխելու արտաքին ուժերի փորձերից»,-լրագրողներին ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ ընդհանուր պատմության հիշողության և ճշմարտության պահպանումը կարևոր է պատմական և քաղաքական տեսանկյունից:
Դեսպանը կարծում է, որ ժողովուրդներն իրավունք չունեն մոռացության մատնելու իրենց պապերի ու նախապապերի սխրանքը։ Նա ընդգծեց` նրանք, ովքեր չեն ցանկանում հիշել իրենց պատմությունը, դատապարտված են սխալների կրկնության։
«Այսօր մենք տեսնում ենք, որ թափ է հավաքում այն միտումը, երբ փորձում են վերաշարադրել պատերազմի և մեր մեծ հաղթանակի պատմությունը կամ լռության մատնել եղածը։ Դա ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր»,-ասաց նա։
Դեսպանը մատնանշեց որոշ երկրների քաղաքականության մեջ նեոնացիստական դրսևորումների ակտիվացումը, ինչի համար Ռուսաստանն այսօր կրկին շատ բարձր գին է վճարում։