«Ակնհայտ է՝ Ադրբեջանը երբեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում. Սա միակողմանի զիջում է՝ պատրանքի դիմաց». Վարդան Ոսկանյան
ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ երկրների տարածքային ամբողջականության վերաբերյալ Իրանի կողմից հնչեցրած «Կարմիր գծերի» մասին հայտարարությունը եղել է ամենաբարձր մակարդակով։
«Այդ «կարմիր գծերը», ինչպես մեկնաբանել է ՀՀ-ում Իրանի դեսպանը՝ վերաբերում են ՀՀ անխտիր բոլոր սահմաններին։ Հետևաբար՝ իրանցիներն այս ուղղությամբ աշխատելու են իրենց ունեցած ողջ գործիքակազմով։ Բայց Իրանի համար առաջնային կարևորություն ունի Հայաստանի հենց Սյունիքի մարզը, որը դիտարկում է՝ որպես իր կենսական շահերի տիրույթ»,- «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վարդան Ոսկանյանը։
Ինչ վերաբերում է սահմանազատման վերաբերյալ Հայաստանի իշխանական վերնախավի հայտարարություններին, իրանագետը նկատեց՝ յուրաքանչյուր հայտարարություն պետք է լինի խելամտության սահմանում և յուրաքանչյուր սահմանազատում պետք է ենթադրի գործընթաց, որը վերաբերում է երկու կողմին։
«Ուզում եմ հասկանալ, Բերքաբերից Արևելք ընկած՝ Ջողազի ջրամաբարից վերև՝ ՀՀ անխախտ սահմաններից ներս ընկած հատվածն արդյո՞ք վերադարձնելու է Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը։ Դատելով պաշտոնական հաղորդագրությունից՝ ոչ։ Ուզում եմ հստակորեն արձանագրել, որ այս պահին չկա ոչ մի սահմանազատման գործընթաց, կա միակողմանի զիջում, որը մեր պետության համար բերելու է լրացուցիչ ռիսկեր, մարտահրավերներ, լրացուցիչ խնդիրներ անվտանգային տիրույթում, իսկ մնացածը հեքիաթ է»,- շեշտեց իրանագետը։
Ըստ նրա, սահմանազատումն անհրաժեշտ է, բայց հասկանալի չէ տրամաբանությունը՝ ինչո՞ւ հենց այդ հատվածից։ Հայաստան, արհեստածին Ադրբեջան և Վրաստան սահմանների հատման կետում և դրանից փոքր-ինչ հարավ կա գրեթե նմանատիպ վիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունը դուրս է նախկին Խորհրդային Հայաստանի սահմաններից, այսինքն՝ մեր զինված ուժերը, իսկ Ադրբեջանի Զու-ն ներս է այդ վարչական սահմաններից։ Հետևաբար՝ հարց է առաջանում, ինչո՞ւ գործընթացը հենց այդ հատվածից չեն սկսում։
«Ակնհայտ է, որ Ադրբեջան կոչված արհեստածին պետությունը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, այլ լուծում է Հայաստանն ավելի պակաս կենսունակ դարձնելու խնդիր, ավելի շատ ռիսկեր ստեղծել և ըստ էության մեր պետության կենսական գործունեությունը խոչընդոտելու հարց։ Տեղի է ունենում միակողմանի զիջում՝ պատրանքի դիմաց»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում.