Արցախցիների դիմադրությունն ու ադրբեջանցիների նահանջը 1920թ. Շուշիի կոտորածի ժամանակ

1919 թվականի հունվարին անգլիացիների համաձայնությամբ Արցախի գեներալ-նահանգապետ նշանակվեց Խոսրով-բեկ Սուլթանովը: Նրա նշանակումն ազդարարեց, որ բրիտանացիների լուռ համաձայնությամբ և օժանդակությամբ Արցախում սկսվելու են հայերի կոտորածները:

Կոտորածների առաջին փուլը սկսվեց նույն թվականի ամռանը՝ հունիսին: Թուրք-թաթարական հրոսակների գործողության հետևանքով մոտ 500 հայ սպանվեց Շուշիում:

Բրիտանացիները բացառապես սահմանափակվեցին հայտարարություններով և նշեցին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի ապահովեն հայերի կյանքի և ունեցվածքի անվտանգությունը: Դեպքերից ամիսներ անց անգլիացիները հեռացան, իսկ թուրք-թաթարական ծրագրերը նոր կյանք ստացան:

Կարդացեք նաև

1920 թվականի մարտի 23-26-ն ընկած ժամանակահատվածում Արցախի Շուշի քաղաքում տեղի ունեցավ հայերի նոր կոտորած։ Նախքան կոտորածների կազմակերպումն ամեն ինչ արվում էր, որպեսզի Շուշին մեկուսացման մեջ հայտնվի: Փակվում էին քաղաքը սնուցող ճանապարհները։ Սկզբում փակվեց Շուշի-Ակնա ճանապարհը, և քաղաքի հայ բնակչությունը հայտնվեց տնտեսական շրջափակման մեջ։ Այդ ամենին հաջորդեց արցախահայության բռնի զինաթափումը։ 3 օրվա ընթացքում Արցախի հայությունը հանձնեց զենքերը։ Բաքվից Արցախ ուղարկվեց մի քանի տասնյակ վագոն զենք և զինամթերք։ Թուրք-ադրբեջանական խմբի կողմից կոտորածների նախապատրաստման մասին հայտնում է նաև ժամանակի մամուլը: Թերթերում և ամսագրերում հայտնվում են տեղեկություններ այն մասին, որ Արցախում թշնամին կենտրոնացնում էր մեծ թվով զենք և զինամթերք.

«Ադրբէջանից մարտի սկզբին հաղորդւած ստոյգ տեղեկութիւններից երևում է, որ Ազրբէջանի կառավարութիւնն եռանդով պատրաստւում է յարձակւելու Զանգեզուրի և Ղարաբաղի վրայ: Այդ նպատակով Ջիբրայիլի վրայով ուղարկում է բազմաթիւ զօրքեր: Ղարաբաղում և Ջիբրայիլում կենտրոնացւած է մօտ 10 հազար զօրք թնդանոթներով ու գնդացիրներով: Շտապ կերպով կազմակերպւում է քրդական մի դիւիզիա: Ամեն կողմ կատարւում է զորահաւաք: Նուրի փաշան 10 տաճիկ սպաներով Շուշում է. նա է կազմել Ղարաբաղի զինւորական գործողութիւնների ծրագիրը: Թիւրքերը թշնամական վերաբերմունք են ցոյց տալիս հայերին: Մթնոլորտը շատ է խտացած: Եթէ ադրբէջանցիք առաջ շարժւեն, ընդհարումները անխուսափելի են»: («Աշխատաւոր», 1920, N 66):

Մարտի 22-ին Սուլթանովի հրամանով Արցախում գտնվող թուրք-թաթարական զորքերը սկսեցին խուզարկություններ իրականացնել նաև Շուշիում։ Խուզարկություններն իրականացվում էին բացառապես հայկական թաղամասերում։ Խուզարկության անվան տակ նրանք բռնի զինաթափեցին նաև Շուշիի բնակչությանը: Մարտի 23-ին Սուլթանովի և մի շարք թուրք սպաների ղեկավարությամբ զորքերը մտան Շուշի, և սկսվեց հայերի կոտորածը։ Արցախից տեղեկությունները բնականաբար այլ վայրեր հասնում էին ուշ: Սակայն այդ ամենի ֆոնին ժամանակի մամուլը կարողանում էր հնարավորինս արագ տեղեկություններ փոխանցել կատարվող իրադարձությունների մասին.

«Շուշիէն ստացուած վերջին տեղեկութիւններէն կերևի, որ Ազրբէջանի կառավարութիւնը վերջնագիր է տւած ղարաբաղցիներուն և ստանալով մերժում, սկսած է զինաթափ ընել հայերին: Միևնույն ժամանակ Սուլթանովը հրաման է տուած իր զորքերուն և հրոսակախմբերուն ընդհանուր յարձակման դիմելու: Ղարաբաղի հայերը կը դիմադրեն: Տեղի կունենան կռիւներ: Սուլթանովն օգտուելով քաղաքական ընդհանուր խուճապէն, կաշխատէ արիւնով նուաճել Ղարաբաղը»: («Հայաստանի ձայն», 1920, N 32):

Հարկ է նշել, որ զինաթափված ու ամիսներ շարունակ հյուծված արցախցիները կարողանում էին դիմադրել թուրք-թաթարական զորքերին: Տեղ-տեղ դիմադրությունը լինում էր նաև այնքան ուժգին, որ գրոհների հետմղման հետ մեկտեղ՝ իրականացվում էին նաև հակահարձակման գործողություններ: Հայերը մի շարք վայրերում կարողանում են հասնել նաև հաջողությունների.

«Ստացուած է հեռագիր, որ Ղարաբաղի կռիւներ կատաղի կերպարանք են ստացեր: Հայերը գրաւած են Ասկերանի անառիկ կիրճը. Այսպիսով կտրած են յարաբերութիւն Եւլախի հետ»: («Հայաստանի ձայն», 1920, N 31):

Արցախահայերը մասնավորապես հաջողություններ են գրանցում մի շարք վայրերում ևս: Եվ հայերի հաջողությունների մասին Հայաստանի և սահմաններից դուրս հայալեզու թերթերի խմբագրությունները տեղեկանում էին հենց ադրբեջանական աղբյուրներից:

«Ըստ վերջին տեղեկութիւններուն՝ թուրքերու յարձակումները Ղարաբաղի բոլոր կէտերէն ետ մղուած են: Հայերը գրաւած են Ասկերան, Թարթառ և Ստեփանակերտը: Թիֆլիսէն «Ժողովուրդ թերթէրին կը հաղորդեն, թէ Ադրբէջանի միսսիայի ստացած հեռագրի համաձայն՝ հայերը գրաւած են Ստեփանակերտը և Ղարաբաղի մէջ անջատած են Ազրբէջանեան զորամասերը»: («Հայաստանի ձայն», 1920, N 32):

Նույն ժամանակամիջոցում թուրք-ադրբեջանական մամուլը տալիս էր իրեն բնորոշ կեղծ տեղեկություններ՝ նշելով, որ Արցախում հայերը իբր սկսել են ապստամբության գործողություններ, իբր սպանվել են զորանոցներում խաղաղ քնած զինվորները: Այս համատեքստում ևս ադրբեջանական ձեռագիրը մինչ օրս չի փոխվել:

1920 թվականի մարտ ամսի կոտորածների արդյունքում սպանվեց մոտ 20 հազար հայ: Այս թիվը, բնականաբար, կարող էր ավելի մեծ լինել, եթե դիմադրություն ցույց չտային հյուծված և զինաթափված հայերը: Սակայն այս իրադարձությունները, պատմական փաստերը ևս ցույց տվեցին, որ անգամ ամենաանհնարին պայմաններում թուրք-ադրբեջանական հրոսակները դիմադրություն ստանալիս նահանջում են: 1920 թվականի Շուշիի դեպքերի ժամանակ տեղի ունեցած այս իրադարձություններն այդ ամենի պատմական փաստերն են:

Զ. Շուշեցի

Տեսանյութեր

Լրահոս