Նիկոլ Փաշինյան, այո՛, հաստատում եմ. դու վախենում ես Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից. Նաիրա Զոհրաբյան
«Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Զոհրաբյանը վստահեցրեց, որ իր համար սպասելի էր դատարանի կայացրած վերդիկտը, որ Նարեկ Մալյանին մեղավոր կճանաչեն: Ինչպես երեկ Արմեն Աշոտյանի դատական նիստի ժամանակ էր պնդում, որ նիստը նախագահում է ոչ թե դատավոր Դոլմազյանը, այլ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ այսօր Նարեկ Մալյանի գործով դատական նիստը ոչ թե նախագահում է «բլանդինկա» դատավորը՝ Սուսաննա Գզոգյանը, այլ՝ Նիկոլ Փաշինյանը։
«Ինձ համար նրանք նման են, քանի որ իրականացնում են նույն քաղաքական հետապնդումը։ Հասկանալի չէ՞, որ վճիռը սույն տիկինը չէ կայացնում, այս վճիռները բոլորը կայացվում են Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում։ Սրանք քաղաքական հաշվեհարդարներ են:
Բոլորիս համար էլ հասկանալի է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է այն քաղաքական գործիչներից, որոնք չեն կզում իր ռեժիմի առաջ, իսկ թե Արմեն Աշոտյանը, թե Նարեկ Մալյանը լինելով անազատության մեջ և հասկանալով, որ Նիկոլ Փաշինյանը չի գոհանալու և շարունակելու է իրենց կալանքի ժամկետը երկարաձգել, չեն հրաժարվում իրենց սկզբունքներից։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանը երեկ մատնեց իրեն՝ ասելով, թե իբր տարածում են, որ վախենում ենք անազատության մեջ գտնվողներից։ Չեն տարածում, Նիկոլ Փաշինյան, հաստատում եմ ես, այո՛, դու վախենում ես Արմեն Աշոտյանից, Նարեկ Մալյանից»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր դատավոր Սուսաննա Գզոգյանը հրապարակեց վերդիկտը, մեղավոր ճանաչեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանին և նրան դատապարտեց 1 տարի ժամկետով ազատազրկման: Նա կալանավայրում կանցկացնի 5 ամիս, 7 օր, քանի որ մնացած ժամկետն արդեն անցկացրել է անազատության մեջ։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում