Տավուշեցին մեծ ու փոքրով պետք է գա Երևան. սա այլևս քաղաքական հարց չէ, պետության, մարդու անվտանգության հարց է. Արթուր Գևորգյան

ՀՀ իշխանությունները շարունակում են բացահայտ հայտարարել, որ պատրաստ են Տավուշից տարածքներ զիջել Ադրբեջանին, քանի որ ըստ իշխանությունների՝ «դրանք հայկական տարածքներ չեն, այլ ադրբեջանական»։ Վերջերս նույնիսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, թե «փնտրում է այն մարդուն, որը կկանգնի ու կասի, որ դրանք հայկական տարածքներ են»։ ԱԺ նախագահին Տավուշի մարզից արձագանքեցին՝ եթե նման մարդ է փնտրում, կարող է գնալ Ոսկեպար, Բաղանիս և այլ գյուղեր և իր հարցերի պատասխանները կստանա։

Տավուշի  մարզի և, մասնավորապես, այդ բնակավայրերի բնակիչներն իրենց այցելած լրագրողներին վստահ ասել են, որ համաձայն են Ադրբեջանին տարածքներ հանձնել միայն մի դեպքում, եթե «Նիկոլ Փաշինյանն իր կնոջ և ընտանիքի հետ գնա ու Տավուշի սահմանամերձ գյուղում ապրի»:

168.am հետ զրույցում Գյումրու Քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն, հանրության կառավարման փորձագետ Արթուր Գևորգյանի կարծիքով՝ իշխանությունների այս ծրագրած պլանը կարող է խաթարվել, եթե հանրությանը հստակ ներկայացվի ծրագիր, որից հետո նա ոտքի կկանգնի։

«Իշխանությունները խոսում են Հայաստանի ամենաուժեղ, ռազմավարական նշանակություն ունեցող Տավուշի մասին, որտեղ պաշտպանական մի քանի դիրք դնելով՝ կարելի է անվտանգային համակարգն ավելի ամրապնդել այդ հատվածում, ու հսկողության տակ վերցնել ադրբեջանական բնակավայրեր, այնպես, ինչպես իրենք են մեր բնակավայրերը պահում հսկողության տակ։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը Տավուշ է ուղարկել ոստիկանական ուժեր, որպեսզի քաղաքացիները ինքնուրույն որևէ քայլ չկատարեն, սա հղի է ամենատարբեր հետևանքներով։ Այսինքն՝ եթե պետությունը, որն ունի բանակ, գործողությունների մեջ չի մտնում ու ինչ-որ պահի հետ է քաշելու, ապա քաղաքացիների դիմադրությունն արդեն դառնում է խիստ խոցելի թշնամու համար։ Այդ դեպքում թշնամին կարող է ասել՝ այդ հատվածում «տեռորիստական» խմբեր կան, որոնք վտանգ են ներկայացնում, և, կոպիտ ասած, կրկնվի Արցախի սցենարը»,- նշեց Արթուր Գևորգյանը։

Ըստ մեր զրուցակցի՝ Հայաստանի ցանկացած տարածքին վերաբերող հարց համայն հայության հարցն է, բայց կոնկրետ տավուշցիներն այս դեպքում, որոնք սահմանին կանգնած չեն՝ մեծ ու փոքրով, կանանցով ու տղամարդկանցով պետք է գան Երևան ու գնան կոնկրետ այն մարդու մոտ, որն այս «գորդյան հանգույցը» գցել է Տավուշ։

«Պիտի Նիկոլ Փաշինյանին հստակ ասեն, որ իր ասածներն անհնար է, որ իրականություն դառնան, որովհետև դրանք մեր հողերն են: Դա Հայաստանի սահմանն է, և եթե շարունակես ասել, որ դա Ադրբեջանի տարածքն է՝ կունենաս խնդիր։ Տավուշցին դրանով կկարողանա խնդիրը Տավուշի տեղային մակարդակից տեղափոխել համահայկական մակարդակ։ Այստեղ արդեն ՀՀ մյուս բնակավայրերի մարդիկ հայտնեն իրենց կարծիքը։ Քանի դեռ տավուշցիները չեն եկել Երևան՝ հարցնելու, թե ինչո՞ւ այդ խնդիրը երկրի ղեկավարը բարդեց իրենց վրա,  ցանկացած քայլ լինելու է այնպիսին, որը շարունակություն ու զարգացում չի ունենալու»,- հավելեց Ա. Գևորգյանը։

Արթուր Գևորգյանը հիշեցնելով Փառուխի, Քարագլխի, Արցախի ու առհասարակ հայկական տարածքներն Ադրբեջանին զիջելն ու գործող իշխանությունների վարած քաղաքականությունը, շեշտեց, որ հենց դա ցույց է տվել, որ հայկական կողմը հայտնվել է ոչ թե կայուն, այլ ճիշտ հակառակը՝ խիստ անկայուն  իրավիճակում։

«Այսօր 500 կմ զիջել են թշնամուն՝ այժմ էլ վտանգի տակ է դրվում Հայաստանի հյուսիսարևելյան հատվածը։ Չեմ էլ ուզում խոսել այն մասին, որ Քարագլխի ժամանակ Ադրբեջանը փակեց գազը, այստեղ էլ կփակի, կպայթեցնի, այսպես մինչև ո՞ւր ենք գնալու։ Ի վերջո, հասարակությունը պետք է գիտակցի, որ սա այլևս քաղաքական հարց չէ, այլ պետության, մարդու, քաղաքացու անվտանգության հարց։ Մարդիկ արդեն շատ լավ տեսնում են, որ թուրքն իրենց դուռն է թակում։

Կրկնում եմ՝ եթե տավուշեցին չի գալու Երևան և իր ճակատագիրը որոշողին հարցեր չի տվել, ապա ՀՀ մյուս շրջանների բնակիչներին թույլ չեն տա վաղը-մյուս օրը գնա-հասնի Տավուշ ու օգնի տեղացիներին»,- շեշտեց Արթուր Գևորգյանը։

Արթուր Գևորգյանի խոսքով՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը հարձակվեց և օկուպացրեց Արցախը, Երևանում ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ հայտնելով իր անհամաձայնությունը։ Թե  հասարակության քանի տոկոսն էր փողոցում այդ պահին, էական չէր, քանի որ կարող էր այդ շարժումն աճել ու հասնել մինչև իշխանափոխության։ Բայց ինչ-որ պահի հայտնվեցին ուժեր, որոնք հարցը տեղափոխեցին հումանիտար հարթակ ու այդպիսով շարժման էներգիան սպառեցին։

«Ինչ-որ խումբ ասում է, թե՝ մենք գալիս ենք իշխանության, բայց չի նշում՝ հետագայում ինչ է լինելու։ Դրա համար պետք է լինի հստակ ծրագիր, հանրությանը պետք է ներկայացվի հեռանկարային ծրագիր, որպեսզի մարդիկ դուրս գան փողոց երկարատև պայքարի։

Պետք է գնահատական տրվի անցյալին, ժողովրդի հետ շփումը լինի հարգանքով, և ամենագլխավորը՝ պետք է ասվի, թե հանուն ինչի է արվում իշխանափոխությունը։ Հասարակությունն այսօր դարդերի մեջ է, պետք է նրան հեռանկար ներկայացվի ու դուրս բերվի փողոց»,- եզրափակեց Արթուր Գևորգյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս