Օլիմպիական խաղերի համար Ֆրանսիայի բյուջեի ծախսերը կկազմեն 3-5 մլրդ եվրո
Ֆրանսիայի Հաշվիչ պալատն Օլիմպիական խաղերի կազմակերպման համար պետության ծախսերը գնահատում է 3-ից 5 միլիարդ եվրո: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է պալատի առաջին նախագահ Պիեռ Մոսկովիսին France Inter ռադիոկայանի եթերում։
«Մենք մինչ օրս չգիտենք Օլիմպիական խաղերի իրական արժեքը: Հաշվիչ պալատն աուդիտ կանցկացնի խաղերից հետո։ Այդ խաղերը պետք է արժենան 3 միլիարդ եվրո, 4 միլիարդ եվրո կամ 5 միլիարդ եվրո, կտեսնենք, բայց դա բացարձակապես մեծ ազդեցություն չի ունենա (խմբ․՝ պետական պարտքի մակարդակի վրա)», – ասել է Մոսկովիսին:
Ֆրանսիայի վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտի հաշվետվության համաձայն՝ 2023 թվականին հանրապետության բյուջեի պակասուրդը կազմել է 154 մլրդ եվրո (ՀՆԱ-ի 5,5 %-ը)՝ գերազանցելով կառավարության կանխատեսումը (4,9 %)։ Պետական պարտքն աճել է 147,6 մլրդ եվրոյով՝ հասնելով 3,1 տրլն եվրոյի (ՀՆԱ-ի 110,6 %-ը)։
Օլիմպիական խաղերը տեղի կունենան Փարիզում հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 11-ը։ Խաղերի բացման արարողությունը պետք է կայանա Սեն գետում, որտեղ թիմերը նավերով կանցնեն Փարիզի կենտրոնով: