Փորձել են թաքցված 7500 տուփ ծխախոտ տեղափոխել. Կլինկերի փոխարեն Իրանից ծխախոտ էին ներմուծում
Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչությունը, շարունակելով պայքարը մաքսային իրավախախտումների դեմ, օրերս բացահայտել է ծխախոտի ապօրինի ներմուծման խոշոր դեպք։
Իրանից Հայաստան նախնական մաքսային հայտարարագրով ցեմենտային կլինկերի խմբաքանակ ներմուծած 8 բեռնատարի նկատմամբ Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացվել է մաքսային հսկողություն, այդ թվում՝ ռենտգեն տեսազննում: Արդյունքում կասկածներ են առաջացել, որ հնարավոր է ինքնաթափ բեռնատարներում թաքցված լինի ծխախոտ։ Խորը զննում անցկացնելու նպատակով՝ բեռնատարներն ուղեկցվել են Հարավային տերմինալ ՓԲԸ մաքսային հսկողության տարածք, որտեղ իրականացված մաքսային զննման արդյունքում, հայկական հաշվառման 8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 7500 տուփ ծխախոտ։
Վերջին տարիներին Իրանից Հայաստան ծխախոտի ապօրինի ներմուծման համար օգագործվում են թաքցման տարբեր եղանակներ: Բացահայտված այս դեպքը, սակայն ուշագրավ է, քանի որ կիրառված եղանակը բավականին դժվար հայտնաբերվող է համարվում: Որպես քողարկող ապրանք օգտագործվել է ավելի քան 20 տոննա քաշով ցեմենտային կլինկերը, որի մեջ էլ հենց յուրաքանչյուր բեռնատարում թաքցվել է 1000-ից 1500 տուփ ծխախոտ։
Փաստի առթիվ ՊԵԿ Հարավային մաքսատուն-վարչությունում հարուցվել են մաքսային կանոնների խախտման վերաբերյալ վարչական վարույթներ Մաքսային կարգավորման մասին ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով։ Վարույթների ավարտից հետո հիշյալ բեռնատարների վարորդների նկատմամբ կարող է կիրառվել 1 միլիոն դրամի չափով տուգանք։
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին