«Թուրքիայի կողմից «ok»-ի արժանացած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ասածներն ի՞նչ մեկնաբանեմ». Թևան Պողոսյան

Տարածաշրջանային այցի շրջանակում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 17-ին Ադրբեջան կատարած այցից հետո X հարթակում գրառում է կատարել հայ-ադրբեջանական հարաբերությունների ու հնարավոր խաղաղության հասնելու վերաբերյալ։

«Կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից։

Ուրախ էի Բաքվում հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի վաղեմի գործընկերն է, և ես անհամբեր սպասում եմ գործընկերության հետագա ամրապնդմանը: Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ավելի լայն անվտանգության համար. կոչ եմ անում Ադրբեջանին և Հայաստանին օգտվել հարատև խաղաղություն հաստատելու հնարավորությունից»,- գրել է նա։

168.am-ի հետ զրույցում Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանը մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այս հայտարարությունը, նշեց, որ ՆԱՏՕ-ն իրենից ներկայացնում է կոլեկտիվ անվտանգության ինստիտուտ, որտեղ կա վետոյի իրավունք ու 29 անդամներ։

Կարդացեք նաև

«ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իրավունք չունի ասելու որևէ նախադասություն կամ հայտարարություն, որը չի ընդունելու ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր։ Սա  բնորոշ է բոլոր կոլեկտիվ անվտանգության համակարգերին։

Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, ինչը նշանակում է, որ Ստոլտենբերգն առանց որևէ նախադասություն ճշտելու և առանց Թուրքիայի համաձայնության, իրավունք չունի արտաբերելու։ Հիմա Թուրքիայի կողմից «ok»-ի արժանացած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի ասածներն ի՞նչ մեկնաբանեմ։ Սա թուրքական և արևմտյան շահերի հավաքածուն է»,- նշեց Թևան Պողոսյանը։

Ըստ քաղաքագետի, Արևմուտքը փորձում է տարածաշրջանից հանել Ռուսաստանին, իսկ Թուրքիան փորձում է ասել, որ ինքն է լինելու տարածաշրջանի «պապան»։

«Ստոլտենբերգը ներկայացնում է միայն ՆԱՏՕ-ի անդամ երկրների շահերը, նրա ասած բոլոր նախադասությունները պետք է դիտարկենք հենց այս պրիզմայով։ Եթե իրենք տեսնում են խաղաղության հնարավորություն, ապա ինչի՞ հաշվին՝ Արցախը տվեցին, Հայաստանից հողեր տվեցին, իսկ Ադրբեջանից էլ գազ են ստանում ու շատ լավ վայելում։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հույս էր հայտնել, չէ՞, որ Թուրքիան տարածաշրջանում առաջնորդի դերում է լինելու, այսինքն՝ իրենք Թուրքիային առաջ են բերում։

Եթե Ստոլտենբերգի հայտարարությունը հաստատված չէ ՆԱՏՕ-ի բոլոր երկրների կողմից, ապա այդ հայտարարությունը չէր լինի, նա ինքնուրույն ֆիգուր չէ, կախվածության մեջ է 29 երկրներից»,- եզրափակեց Թևան Պողոսյանը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մարտի 19-ին կայցելի նաև Հայաստան, որի ընթացքում հանդիպում կունենա Վահագն Խաչատուրյանի և Նիկոլ Փաշինյանի հետ։

Նույն օրը Ստոլտենբերգը կմեկնի նաև Թբիլիսի և կհանդիպի Վրաստանի նախագահի և վարչապետի հետ։

Տեսանյութեր

Լրահոս