Եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի. Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է, որ եթե ինքը պարտվի 2024 թվականի ընտրություններում, երկրի համար «արյունահեղություն » կլինի, գրում է cnn.com-ը:
Հանրապետականը, մասնավորապես, նկատի է ունեցել ԱՄՆ-ի ավտոարդյունաբերության ոլորտը:
Թրամփն այս մասին ասել է այն ժամանակ, երբ խոստացել է «100% մաքսատուրք» սահմանել ԱՄՆ-ից դուրս արտադրված մեքենաների համար՝ պնդելով, որ ներքին ավտոարտադրությունը պաշտպանված կլինի միայն այն դեպքում, եթե նա ընտրվի:
«Մենք պատրաստվում ենք 100% մաքսատուրք սահմանել յուրաքանչյուր մեքենայի վրա, որն անցնում է գիծը… Հիմա, եթե ես չընտրվեմ, առնվազն արյունահեղություն կլինի երկրի համար», – ասել է Թրամփը:
Նախագահ Ջո Բայդենի նախընտրական շտաբն արձագանքել է սրան՝ հայտարարելով, որ նախկին նախագահը «ուզում է ևս մեկ հունվարի 6» (2021-ի հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը-Խմբ.):
«Ահա թե ով է Դոնալդ Թրամփը. պարտվող, որը կրկնապատկում է քաղաքական բռնության իր սպառնալիքները», – հայտարարել է Բայդենի նախընտրական արշավի խոսնակ Ջեյմս Սինգերը: