Բաժիններ՝

Գերմանիայում կանանց երեք քառորդը տղամարդկանցից քիչ է վաստակում

Գերմանիայում դեռևս պահպանվում է կանանց և տղամարդկանց աշխատավարձերի միջև տարբերությունը: Այդ մասին DPA գործակալությանը հայտնել է Բունդեսթագի պատգամավոր Սահրա Վագենկնեխտը։

Խորհրդարանականը, հիմնվելով Դաշնային վիճակագրական ծառայության տվյալներին՝ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ Գերմանիայում լրիվ դրույքով աշխատող չորս կանանցից երեքը վաստակում են ավելի քիչ, քան տղամարդիկ: Կանանց միայն 26 տոկոսն ունի տղամարդկանցից բարձր կամ հավասար աշխատավարձ: Անհավասարություն է նկատվում նաև 1 ժամվա միջին աշխատավարձի տվյալներում: Անցյալ տարի այդ ցուցանիշը տղամարդկանց պարագայում կազմել է 26.63, իսկ կանանց՝ 22.54 եվրո։ Տարբերությունը հիմնականում բացատրվում է այն հանգամանքով, որ շատ ոլորտներում, որոնցում աշխատում են կանայք, ավելի ցածր ժամավճար է սահմանված: Փաստորեն, տղամարդիկ մեծամասամբ աշխատում են ավելի բարձր վարձատրվող ոլորտներում:

Եվրոպական միության չափանիշների համաձայն՝ հավասար աշխատանքի կամ հավասար արժեք ունեցող աշխատանքի վարձատրությունը պետք է համարժեք լինի։

Վագենկնեխտը համարում է, որ աշխատավարձի անհավասարության նվազեցման ուղղությամբ առաջին քայլը կարող է լինել նվազագույն ժամավճարի բարձրացումը մինչև 14 եվրոյի։

Deutsche Welle-ն նշում է, որ լրիվ դրույքով աշխատող, բայց տղամարդկանց հավասար կամ նրանցից ավելի բարձր վարձատրվող կանանց մասնաբաժինը միջինից ցածր է Բավարիա և Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային երկրամասերում՝ համապատասխանաբար 22 և 21 տոկոս: Այնտեղ կանանց 45 տոկոսի աշխատավարձը չի հասնում նույնիսկ երկրի ​​միջին ցուցանիշին: Իսկ ահա Մեքլենբուրգ-Պոմերանիա, Բրանդենբուրգ, Սաքսոնիա-Անհալթ, Թյուրինգիա և Սաքսոնիա արևելյան երկրամասերում ամբողջությամբ հակառակ պատկերն է:

Վիճակագրական ուսումնասիրությունը հիմնված է Գերմանիայում լրիվ դրույքով աշխատող 6.5 միլիոն կանանց աշխատավարձի մասին տվյալներին: Սակայն, հաշվի չեն առնվել պետական կառավարման մարմիններում, պաշտպանության և սոցիալական ապահովության ոլորտներում, ինչպես նաև 10-ից ավելի աշխատող ունեցող ընկերություններում ընդգրկված կանանց աշխատավարձի մասին տվյալները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս