Ինչո՞ւ է իրավիճակը լարվել Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 հիմնական դպրոցում իրավիճակը, մեղմ ասած, լարված է: Տնօրենի հետ ունեցած անհամաձայնությունների պատճառով երեք փոխտնօրենները որոշել են դադարեցնել իրենց լիազորությունները:
Դպրոցի մեր աղբյուրը փոխանցեց. «Ուսուցիչները փոխտնօրենների այս որոշման առնչությամբ տնօրենից պահանջել են մանկավարժական խորհրդի արտահերթ նիստ: Դպրոցը լարված վիճակում է: Մարդը չի կարողանում դպրոց կառավարել, իրեն որևէ մեկը չի լսում. իր խոսքը չի ընդունվում աշակերտների ու ուսուցիչների կողմից: Իր պատասխանատվությունն անընդհատ դնում է փոխտնօրենների ուսերին:
Ուսուցիչները սպասում են այս մանկավարժական խորհրդի նիստին, որին կմասնակցեն նաև փոխտնօրենները, որոնց կանչել էին քաղաքապետարան՝ պարզաբանումներ լսելու համար»:
Շուրջ մեկ տարի տնօրենի լիազորությունները ստանձնած Նվարդ Հովսեփյանին, մեր զրուցակցի հավաստմամբ, դպրոցում շատ մեծ ջերմությամբ են ընդունել, բայց նախորդ տարի ապրիլին արդեն հասկացել են, որ նա ի վիճակի չէ դպրոց կառավարել:
«Այդ ժամանակ մանկխորհրդի նիստ հրավիրեցինք, որոշեցինք շարունակել աշխատանքը՝ հույս ունենալով, որ ինչ-որ բան կշտկվի, բայց այդպես չեղավ: Օրումեջ ուսուցիչ է դասարանից հրաժարվում, որևէ մեկի հետ չի նստել, չի փորձել խնդիր լուծել, իսկ դպրոցն ուսուցչի խնդիր ունի»,- հավելեց նա:
168.am-ը կապ հաստատեց նաև դպրոցի տնօրեն Նվարդ Հովսեփյանի հետ:
Նա իր հասցեին հնչող մեղադրանքներին հակադարձեց՝ ասելով. «Իմ հասցեին հնչող դժգոհությունները միանշանակ չեն, որովհետև բազմաթիվ գործընկերներ ու ծնողական մի մեծ համայնք էլ դժգոհում են նույն փոխտնօրեններից և կանգնած են իմ կողքին»:
Դիտարկմանը, թե ինչո՞ւ են 3 փոխտնօրենները միաժամանակ վայր դնում լիազորությունները, եթե իսկապես խնդիրներ չկան, Նվարդ Հովսեփյանն արձագանքեց՝ դրանք պայմանավորելով իր խստապահանջությամբ:
Հստակեցմանը, որ դպրոցից հնչում են կարծիքներ, որ նա ունակ չէ կառավարել, հետևողական չէ, տնօրենը պատասխանեց.
«Կառավարումից բան չհասկանալով, կարծում եմ, չէի հայտնվի տնօրենի աշխատասենյակում: Ես 20 տարի ծավալել եմ մանկավարժական գործունեություն, 18 տարի աշխատել եմ Պուշկինի անվան դպրոցում, վայելել գործընկերների, ծնողների ու աշակերտների հարգանքն ու համակրանքը: Երբ պահանջում եմ կոնկրետ գործել, իրենք թերանում են ու դա կապում են իմ կոպտության հետ, ասում են՝ կոպիտ եք, մեզ նեղացնում եք»:
Այդուհանդերձ, Նվարդ Հովսեփյանը նշեց՝ պատրաստ է փոխզիջումների, բայց՝ ոչ ուլտիմատումների:
Այս պահին, մեր տեղեկություններով, մանկավարժական խորհրդի նիստը սկսվել է, բակում են ուսուցիչներ ու ծնողներ: