«Yeremyan Products»-ի աշխատակիցները չեն իմացել, որ իրենց անունից ՔՊ դրամահավաքին գումարներ են փոխանցվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեմյանների մասին պատմող շարքը շատ սպասեցնել չտվեց։ «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունները, որոնք, ինչպես արդեն գրել էինք, համարվում են իշխանությունների կողմից արտոնյալ, որոնք մասնակցում են պետական մասշտաբի բոլոր գնման մրցույթներին, հաղթում դրանք եւ իրականացնում են մեկ անձից գնման ընթացակարգով բոլոր ներկայացուցչական աշխատանքները, խոշոր փոխանցումներ են կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կազմակերպած դրամահավաքին։
Բանն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթը հետեւել եւ նկատել է, որ անձինք, որոնք փոխանցումներ են կատարել դրամահավաքի ընթացքում, փաստացի ֆինանսական նման եկամուտներ ստանում են ամբողջ տարվա ընթացքում։ Նրանք նույնիսկ քաղաքական հայացքներով չեն հարում ներկայիս իշխանությանը, ինչը նկատելի է նրանց սոցանցերի անձնական էջերից։
«Ժողովուրդ» օրաթերթին փոխանցած տեղեկությունների համաձայն՝ Երեմյաններին պատկանող ընկերություններում կա հստակ սահմանված աշխատանքի վարձատրության սանդղակ։ Աշխատակիցների մի մասը աշխատանքի վարձատրություն է ստանում 100-ից մինչ 200 հազար դրամ, իսկ, այսպես կողչված, վերնախավը՝ 1 մլն եւ ավելի։ Բանն այն է, որ ՔՊ-ի դրամահավաքին 2,5 մլն դրամ հանգանակած քաղաքացիները այս երկու սանդղակի մեջտեղում են, որոնք վաստակում են գրեթե 400 հազար դրամ։
Ստացվում է, որ մեկ անգամ 2 մլն 500 հազար փոխանցելու համար նրանք պետք է խնայեին 6 եւ ավել ամսվա աշխատանքի վարձատրությունը։ Կարծում ենք, որ ՔՊ հիմնադրամն այն կառույցը չէ, որի համար արժե վեց ամիս առանց հացի եւ ջրի մնալ, որպեսզի օգնեն նրանց կազմակերպել նախընտրական քարոզարշավ։ Երեմյանների աշխատակիցները, որոնք ցանկացան մնալ անանուն, դեպքեր են հիշում, երբ իշխանության սիրելի ընկերությունը աշխատակիցներին գրանցել է կես դրույքով, որպեսզի պետությանը քիչ հարկ վճարի։ Այս է իշխանության սիրելիի մենաշնորհը վայելող ընկերության գործելաոճը։
«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց «Հայր եւ որդի Երեմյաններ» եւ «Yeremyan Products» ընկերությունների սեփականատեր Դավիթ Երեմյանի հետ, փորձեցինք ճշտել եւ մեկնաբանություն ստանալ՝ արդյոք հնարավոր է աշխատել իրենց ընկերության ոչ գործադիր մարմնում եւ կարողանալ 2,5 մլն դրամ հանգանակել ՔՊ հիմնադրամին. «Ես երկրում չեմ, մենք հայտարարությամբ հանդես եկել ենք»։
Փորձեցինք ճշտել՝ ինչպես է ստացվել, որ Երեմյանների աշխատակիցները գումարներ են փոխանցել, սակայն դրա մասին տեղյակ չեն եղել, ինչին ի պատասխան՝ Դավիթ Երեմյանը նշեց․ «Մեր հետ կապված նման բան գոյություն չունի. դա կարող է ուրիշների մասին լինել»։
Այս ամենին զուգահեռ՝ տեղեկացանք, որ ցուցակում տեղ գտած անձանցից մի քանիսը Info.com-ի հրապարակած հոդվածից են տեղեկացել, որ իրենց անունից փոխանցումներ են կատարվել այն դեպքում, երբ նրանք այդ նպատակով բանկ չեն այցելել»։