Բաժիններ՝

«Հայասաթ-1»-ից ստացվող ազդանշաններով իրականացվում է տվյալների նախատեսված վերլուծություն

Հայրենական առաջին արբանյակը ստեղծած «Հայասաթ» թիմը բարեհաջող գրանցում է անկախ Հայաստանում ստեղծված առաջին «Հայասաթ-1» քյուբսաթ ձևաչափի արբանյակից ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծություն։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ Հայասաթ թիմը բարեհաջող գրանցում է արբանյակի ստացվող ազդանշանները և իրականացնում տվյալների նախատեսված վերլուծությունը։ Թիմը շատ ոգևորված է, քանի որ այդ աշխատանքները, ինչպես նաև օրինաչափորեն ծագող որոշակի դժվարությունները հանդիսանում են կրթական, հետազոտական և նոր բացահայտումների անփոխարինելի հարթակ»,- այս մասին տեղեկացնում են «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայից:

Դեկտեմբերի 1-ին «Հայասաթ-1» արբանյակն ուղարկվել է տիեզերք SpaceX ընկերության Falcon-9 հրթիռով ԱՄՆ-ի Վանդենբերգ ավիաբազայից։ Հրթիռը տիեզերք էր արձակվել Երևանի ժամանակով 22։20-ին, մոտ մեկ ժամ հետո «Հայասաթ-1» արբանյակն հաջողությամբ անջատվել էր հրթիռից ու դուրս եկել ուղեծիր։

«Հայասաթ-1» առաջին հայրենական արբանյակի մշակման, ստեղծման և ծրագրավորման բոլոր աշխատանքներն արվել են Հայաստանում։ Նախագիծը մեկնարկել է 2022 թվականի հունվարին, ծրագրի ամբողջ շղթան իրականացվում է ««Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիա» հիմնադրամի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի (CSIE) համագործակցությամբ։

«Հայասաթ-1» արբանյակը CubeSat ձևաչափի փոքր՝ մեկ միավորանոց (10սմ x 10սմ x 10սմ) արբանյակ է։ Այն զինված է արևային վահանակներով, տարբեր կողմերից եկող լույսի ինտենսիվությունը չափող տվիչներով, արբանյակի համար կողմնացույցի դեր կատարող մագնիսաչափերով, արբանյակի պտույտները մարող մագնիսական դարձիչներով, տարբեր մոդուլների (էլեկտրասնուցման և կապի մոդուլներ և բորտ-համակարգիչ) առավել կրիտիկական մասերի ջերմաստիճանները չափող տվիչներով, ինչպես նաև կողմնորոշման փոփոխություները չափող իներցիոն տվիչներով։

Արբանյակն ունի նաև երկրորդային օգտակար բեռ, որի միջոցով տվյալներ են ստացվելու արբանյակի պտույտների, դիրքի և շարժման վերաբերյալ։ Այն կազմված է GPS ընդունիչից՝ իր անտենաներով հանդերձ, և Հայաստանում մշակված ու ստեղծված փորձնական իներցիոն չափիչ սարքից (IMU), որը Երկրի վրա իր չափումների ճշտությամբ ավելի լավ է դրսևորում իրեն, քան քյուբսաթերում օգտագործվող նմանատիպ սարքերը, ինչի համար էլ այն տեղադրվել է «Հայասաթ-1»-ում՝ տիեզերքի պայմաններում փորձարկելու համար։

Արբանյակի հետ երկկողմանի կապը ապահովվելու է «Բազումք»-ի տարածքում գտնվող վերգետնյա կայանքի միջոցով։

Թե ինչպես տիեզերական գաղափարը միավորեց «Բազումք»-ին ու CSIE-ին, և ստեղծվեց «Հայասաթ 1»-ը, կարող եք կարդալ «Արմենպրես»-ի անդրադարձում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս