Գերմանացի պատգամավորն ԱՄՆ-ին անվանել է գազի անվստահելի մատակարար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերջին որոշումը՝ կասեցնելու դեպի արտասահման հեղուկ գազի մատակարարման նոր պայմանագրերի հաստատումը, ցույց է տալիս Միացյալ Նահանգների՝ որպես Գերմանիային էներգակիրներ մատակարարողի անվստահելիությունը, սակայն երկրի համար ավելի մեծ վտանգ է ներկայացնում հենց Գերմանիայի էներգետիկ քաղաքականությունը։ Այդ մասին հայտարարել է Գերմանիայի խորհրդարանում «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից պատգամավոր, էներգետիկայի և կլիմայի պաշտպանության կոմիտեի անդամ Շտեֆեն Կոտրեն:
Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կդադարեցնի հեղուկ գազի արտահանման նոր պայմանագրերի հաստատման գործընթացը՝ կլիմայի փոփոխության հետ կապված իրավիճակի պատճառով։ Համապատասխան քայլը քննադատությունների տեղիք տվեց, այդ թվում՝ հանրապետական ճամբարից։ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնն ասել էր, որ Բայդենի որոշումը «ուժ է տալիս Ռուսաստանին» և Եվրոպային ստիպում ապավինել նրա «կեղտոտ արտահանմանը»։
«Բայդենի որոշումը հստակ ցույց է տալիս, որ նրա օրոք ԱՄՆ-ն Գերմանիայի համար էներգետիկ ռեսուրսների հուսալի մատակարար չէ: Ներկայիս նախագահը կլիմայական հիստերիայի էկո-սոցիալիստական գաղափարախոսությունը վեր է դասում հուսալի միջազգային առևտրային հարաբերություններից»,- ասել է Կոտրեն:
Նրա կարծիքով՝ Բայդենի հակամարտությունը Հանրապետական կուսակցության հետ նույնպես դեր է խաղում։ ԱՄՆ նախագահի կողմից հեղուկ գազի արտահանման նոր պայմանագրերի հաստատման կասեցումը հնարավորություն է տալիս պայքարել կանաչ և ձախ հայացքներ ունեցող ամերիկացիների ձայների համար։