Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել. Միյատովիչ
Դունյա Միյատովիչը վերջին անգամ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնում ելույթ է ունեցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, անդրադարձել է Հարավային Կովկասում զարգացումներին, Հայաստան, Ադրբեջան և Լեռնային Ղարաբաղ հոկտեմբերյան այցերին: Նա ընդգծել է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ էր, որ նման իրավապաշտպան առաքելությունը կարողացել է այցելել ԼՂ:
Միյատովիչը մտահոգություն է հայտնել, որ այժմ աշխարհի տարբեր անկյուններում ռազմական բախումներ են, որոնց ընթացքում խախտվում են մարդու հիմնարար իրավունքները:
Դունյա Միյատովիչ (Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար) – Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև հակամարտության ընթացքում Մարդու իրավունքների էական խախտումներ են եղել: Հուսով ենք՝ սա այդ հակամարտության վերջին գլուխն էր: Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեցի, շեշտեցի, որ Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակամարտությունից տուժած բոլոր անձանց մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությունը խաղաղ գործընթացի հաջողության բանալին է։ Պատերազմի և հակամարտությունների գոտիներում, մարդու իրավունքների վիճակից բացի, դեռ այլ լուրջ մարտահրավերներ կան, որոնք պետք է ավելի լավ հասցեագրվեն:
Միյատովիչը հավելել է՝ օրենքի գերակայությունը քաղաքակրթությունների մեծագույն նվաճումներից մեկն է և այն հակաթույնը, որը կարող է պաշտպանել մարդկությանը բռնակապետությունից և բռնաճնշումներից։