Տիրան Խաչատրյանը հարբած չի եղել, չի հիմնավորվել, որ տուժող քաղաքացին գնդակից է վիրավորում ստացել. Փաստաբան․ Aravot.am
Արամուսի ռեստորաններից մեկում տեղի ունեցած միջադեպով երկու ամսով կալանավորված Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը չի ընդունում խուլիգանության հոդվածով իրեն առաջադրված մեղադրանքը: Այս մասին Aravot.am-ին ասել է նրա պաշտպան՝ փաստաբան Վարազդատ Հարությունյանը, որն առաջիկա օրերին կբողոքարկի կալանքի որոշումը:
Թե ում հրավերով կամ ինչ առիթով էր Տիրան Խաչատրյանը Արամուսի ռեստորան գնացել, պաշտպանը չասաց, ինչպես նաեւ վեճի պատճառների մասին չցանկացավ խոսել, բայց հերքեց մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե Արցախի անկման պատճառով է վեճն առաջացել:
«Վեճի պատճառը ո՛չ Արցախն է եղել, ո՛չ էլ քաղաքական քննադատությունը: Վեճի շարժառիթին չեմ կարող անդրադառնալ, քանի որ գործի փաստական հանգամանքներին է վերաբերում: Բայց քանի որ հնչեղ գործ է ու վեճի պատճառը Արցախի հետ են կապում, որ հատուկ չդրամատիզացվի այդ հարցը, ստիպված հերքում եմ, որովհետեւ չի համապատասխանում իրականությանը»,-ասաց փաստաբանը:
Ըստ մեր զրուցակցի՝ իր պաշտպանյալին երկու ամսով կալանավորելու որոշումը պատժիչ բնույթ ունի. «Շատ մտահոգիչ է, որ Խաչատրյանի նկատմամբ կալանք կիրառվեց, որը գտնում ենք՝ համաչափ չէ, եւ կալանքի հիմքում դրված խոչընդոտման եւ փախուստի հիմքերն իսպառ բացակայում են: Գործն ինքնին քաղաքական չէ, բայց ես ունեմ մտավախություն, որ այս առիթը օգտագործելով՝ Խաչատրյանին փորձում են կալանքի միջոցով պատժել: Ես միջնորդեցի, որ քննարկման առարկա դարձվի Խաչատրյանի նկատմամբ տնային կալանքը որպես խափանման միջոց՝ 10 միլիոն դրամ գրավի համակցությամբ: Մեղադրական կողմը հայտարարեց, թե տնային կալանքը միգուցե թաքնվելու կամ փախուստի ռիսկը զսպում է, բայց խոչընդոտման ռիսկը չի զսպում, շփումները կարող են հանգեցնել նրան, որ դեռեւս չհարցաքննված անձինք իրենց ցուցմունքների մեջ խեղաթյուրեն իրականությունը: Ես ավելացրեցի՝ ասելով, որ դատարանը հնարավորություն ունի տնային կալանքի հետ միասին սահմանափակել բոլոր տիպի շփումները՝ հյուրերի ընդունումն իր բնակարան։ Մեղադրող կողմն ասաց, որ դա լիովին չի կարող ապահովել շփումների բացակայությունը, որովհետեւ տեխնիկական միջոցներ եւ այլն: Բայց ամենահետաքրքրիրն այն է, որ քննիչը կալանքի միջնորդությունը ներկայացրել է առանց Խաչատրյանի տեսակցությունները սահմանափակելու, դատարանն էլ բավարարել է միջնորդությունը՝ առանց տեսակցություններն ու զանգերը սահմանափակելու: Սրանից ակնհայտ է դառնում, որ մեղադրանքի պատճառաբանություններն անհիմն են, մտացածին ու ընդամենը ստեղծում են ռիսկերի պատրանք: Այս կալանքի ամբողջ իմաստը դառնում է նրան պատժելն ու ինքնանպատակ կերպով ազատության սահմանափակումը»:
Անդրադառնալով լրատվամիջոցների հրապարակումներին, թե դեպքի պահին Տիրան Խաչատրյանը եղել է հարբած ու խուլիգանական արարքներ է արել, փաստաբանն ասաց. «Քանի որ միակողմանի իշխանամերձ մամուլը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին վերագրում է գործողություններ եւ վարք, որը չի համապատասխանում իրականությանը, ստիպված եմ հերքել, որովհետեւ խոսքը գնում է ազգային հերոսի հեղինակության մասին: Խաչատրյանը խմած չի եղել, ալկոհոլ չի օգտագործել, հարբած վիճակում չի եղել: Խաչատրյանը խուլիգանական վարք չի ցուցաբերել՝ հայհոյանքներ, խուլիգանական դրսեւորումներ, հրազենի օգտագործումը եղել է բացառապես իր կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով, եւ դրսեւորվել է բացառապես նախազգուշական օդ կրակելու միջոցով: Ինչ վերաբերում է վիրավորում ստացած տուժող քաղաքացուն, նախ այդ քաղաքացու մարմնական վնասվածքները, ըստ դատաբժշկական փորձաքննության, թեթեւ են, այդ անձը բողոք չի ներկայացրել, չկա այդ մասով առաջադրված մեղադրանք: Նույնիսկ չի հիմնավորվել, որ գնդակի արդյունքում է այդ վիրավորումը, կա կասկած, որ դռան բռնակին է կպել ու դրա արդյունքում է ձեռքը վնասվել: Վիրավորում ստացած անձը դեպքի վիճաբանության հետ ընդհանրապես կապ չի ունեցել ու վիրավորումը եղել է զուտ պատահականության արդյունք»:
Այս պահին վարույթի շրջանակում, բացի Տիրան Խաչատրյանից կա եւս 4 մեղադրյալ: Խաչատրյանի հետ վիճաբանած անձանց մեջ կան նաեւ արցախցիներ: