Սա խաղերով տարված անձանց համար լրացուցիչ խթան և մոտիվացիա է. տնտեսագետը նոր նախագծի շուրջ մտավախություններ ունի
Օրերս 168.am-ը տեղեկացրել էր՝ գործադիրը հավանություն է տվել «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերին:
Ըստ Պետեկամուտների կոմիտեի՝ նախագծի ընդունման նպատակը խաղային գործունեության կարգավորման ոլորտում իրավահարաբերությունների հստակեցումն է:
Կառավարության վերջին նիստում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը 2 նպատակ է առանձնացրել ՝ թափանցիկության ապահովումն և պատասխանատու խաղի կանոնների ներդրումը: ՊԵԿ նախագահի խոսքով՝ նորամուծություններից մեկն ինտերնետ մոլախաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ծրագրավորված ընդհանուր մեծության նվազագույն չափի՝ 90 տոկոս կազմելու պահանջն է:
«…սա միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, բայց սա վերաբերում է յուրաքանչյուր խաղային արտադրանքին: Եվ շատ կարևոր է նկատի ունենալ, որ այն սահմանափակված է որոշակի ժամանակահատվածի մեջ: Այսինքն՝ անպայման չէ, որ ամեն օր, ինչքան խաղադրույք արվում է, դրա 90 տոկոսը հետշահում դրվի: Դա ծրագրավորվում է համապատասխան խաղային արտադրանքի մեջ..»,- պարզաբանել էր նա:
Տնտեսագետ Լիլյա Ամիրխանյանը հենց այս հատվածն է մտահոգիչ համարում:
«Սա նշանակում է, որ առնվազն 90 տոկոս շահում պետք է հետապնդի: Սա, իրականում, չնայած պարբերաբար մտցվող սահմանափակումներին, խաղերով տարված անձանց համար լրացուցիչ խթան և մոտիվացիա է, երբ գիտես՝ միջազգային ստանդարտներով ապահովված նման պահանջ կա: Կա մտավախություն, որ սա լրացուցիչ շահագրգռություն կդառնա այն անձանց համար, որոնք չեն մտնում նոր սահմանափակումների ներքո»,- 168.am-ի հետ զրույցում պարզաբանեց նա:
Անդրադառնալով ոլորտի ընդհանուր միտումներին՝ մասնագետը նկատեց, որ չնայած վիճակագրորեն տեսնում ենք, որ և՛ ծառայությունների կառուցվածքում, և՛ ՀՆԱ- ի համամասնության մեջ շահումով խաղերի մասնաբաժինը փոքրացել է, բայց չպետք է մոռանանք, որ առնվազն վերջին 2 տարում ծառայությունների ոլորտում տարբեր ճյուղերի աճերը պայմանավորված են արտածին գործոններով, հետևաբար, այդ գործոնների թուլացման պարագայում՝ հարակից ճյուղերի աճերը ևս կնվազեն:
«Այսինքն, չունենք վստահություն, որ այդ համամասնությունը նույնքանով նորից չի մեծանա՝ մյուս ճյուղերում նպաստավոր գործոնների թուլացման պարագայում»,- հավելեց Լիլյա Ամիրխանյանը:
Նախագծի ու կարգավորումների մասին իր ընդհանուր դիտարկումներում տնտեսագետը ողջունելի համարեց ցանկացած ոլորտում թափանցիկությանը, վերահսկողությանը միտված քաղաքականությունը, սակայն նկատեց.
«Խաղամոլության, շահումով խաղերի հետ կապված կարգավորումները, որոնք այդ թվում նաև՝ հայտարարված նպատակով նախատեսում են նաև որոշակի նոր սահմանափակումներ, բնականաբար, պետք են՝ հաշվի առնելով մեր հանրության մեջ այդ խաղերի լայն տարածումը:
Բայց դրա արդյունավետության կանխատեսման համար պետք է նայել երկու ուղղությամբ. մեկը՝ նախադեպերն են, թե որքանով են այս ուղղությամբ նախկինում իրականացված գործողություններն արդյունավետ եղել, ապա նաև՝ իրականացվող քաղաքականության կառավարման արդյունավետության խնդիրը, քանի որ մի բան է՝ ինչ հայտարարվում է, մի այլ բան՝ ինչ ունենք փաստացի:
Նախադեպերի հետ կապված՝ նկատենք, որ չնայած սահմանափակումներն ավելանում են, բայց տեսնում ենք, որ հանրության լայն շրջանակներում, ամեն դեպքում, դեռ բավական բարձր ծավալ է կազմում շահումով խաղերին մասնակցությունը՝ չճանաչելով սեռ, տարիք:
Հետևաբար, այստեղ արդյունավետության հետ կապված կան խնդիրներ, ուստի նոր սահմանափակումների արդյունավետությունը որքանո՞վ բարձր կլինի, պետք է թողնել՝ ժամանակն իր գնահատականը տա»: