Տարածաշրջանում Թուրքիայի դերակատարման  արժեքը բարձրացավ նաև մեր կառավարության գործունեության հետևանքով. թուրքագետ

«Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այցելել է Թուրքիա», «Թուրքիայում պատրաստվում են Պուտին-Էրդողան հանդիպմանը», «Իրանի նախագահի այցը Թուրքիա հետաձգվել է». այս գլխագրերը վերջին օրերին տարածաշրջանին առնչվող լուրերի ցանկում են:

Տարածաշրջանային դերակատարների՝  թուրքական կողմի ուղղությամբ ակտիվությունը վկայում է Թուրքիայի գործոնի աճի՞ մասին, թե՞ ճշգրտվում են «գործընկերային» շրջանակները՝ 168.am-ն այս հարցադրումն ուղղեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանին:

Ի պատասխան՝ թուրքագետն արձանագրեց. «Թուրքական կողմը տարածաշրջանում վերածվել է կարևորագույն դերակատարներից մեկի, իսկ նրա դերակատարման  արժեքը բարձրացավ նաև մեր կառավարության գործունեության հետևանքով»:

Վերջինի մասին իր դիտարկումներում Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց գործող իշխանությունների տարաբնույթ դեմարշներն ընդդեմ Ռուսաստանի, ապա նաև՝ փորձերը, որով կանխում են Իրանի հնարավոր միջամտությունները: Ըստ նրա՝ Սյունիքով թուրքական անցուդարձը թույլատրելը հենց այդ փորձերից է, մինչդեռ  Իրանի համար այդ ճանապարհը միակ շնչափողն է:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով նշել է, որ պետության սուվերենության հաշվին չի տալու որևէ ճանապարհ, որ միջանցք կոչվածը կարմիր գիծ է մեզ համար, նա արձագանքեց. «Փաշինյանը շատ բան ասեց ու վերջում ճիշտ հակառակն արեց»:

Նկատենք՝ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են իրենց քաղաքական օրակարգում պահել Հայաստանի սուվերեն տարածքով՝ Սյունիքով միջանցք, և ոչ թե՝ ճանապարհ ստանալու հարցը: «Խաղաղության» մասին  հերթական հայտարարությունների համատեքստում օրերս սրան էր անդրադարձել նաև Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը՝ շեշտելով, որ Հայաստանից պահանջում են ճանապարհ՝ անխոչընդոտ, առանց սահմանային և մաքսային վերահսկողության, Ադրբեջանը Նախիջևանին կապելու նպատակով։

«Մենք ակնկալում ենք սահմանային ու մաքսային վերահսկողության չեղարկում միայն Ադրբեջանից Նախիջևան տեղափոխվող բեռների համար»,- ասել է Ալիևի օգնականը՝ առաջարկելով դիտարկել Կալինինգրադի տարբերակը։

Թուրքական կողմը ևս պասիվ չէ «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման մասին հայտարարությունների առումով:

Առհասարակ, Տիրան Լոքմագյոզյանը նկատեց՝ երբ այսօր խոսում են հայ-ադրբեջանական ինչ-ինչ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության հնարավորության մասին, պետք է հիշեն, որ 44-օրյա պատերազմից արդեն ակնհայտ էր. «Չկա առանձին Ադրբեջան ու Թուրքիա պետություն. կա «Թուրքիա 1», «Թուրքիա 2», որովհետև Ադրբեջանի ամբողջ բանակը ղեկավարվում էր թուրքերի կողմից:

Իսկ այսօր արդեն ասում եմ՝ տարածաշրջանում կա «Թուրքիա 1», «Թուրքիա 2», «Թուրքիա 3», քանի որ տպավորություն է, թե Հայաստանի իշխանությունները համագործակցում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ և աշխատում են նրանց շահերի համար. այն, որ, օրինակ, Նիկոլը ասում էր, թե Արցախյան հարցը լուծվելու է Հայաստանի, Ադրբեջանի և արցախցիների շահով, այժմ տեսանք, որ Հայաստանի և արցախցիների շահը լրիվ անտեսվեց, ու այդ հարցը լուծվեց միայն հօգուտ Ադրբեջանի ու Թուրքիայի:

Եվ դրա համար, այլ է, թե  ինչ է այսօր Փաշինյանն ասում Սյունիքի հետ կապված, և այլ՝ թե ինչ է անում Սյունիքի հետ կապված»:

Տարածաշրջանային զարգացումներին անդրադառնալով՝ մասնագետը նկատեց, որ 2023 թ.-ին  ոչ միայն շարունակվելու է տարածաշրջանային լարվածությունը, այլև ավելի է թեժանալու:

«Մեր տարածաշրջանում 2024-ն ավելի վատ է լինելու, քան 2023 թվականը, եթե ինչ-որ մեկը դրսից չկանխի այդ ընթացքը. էսկալացիա չի լինելու, բայց մենք ամեն օր ինչ-որ բան կորցնելու ենք»,- ամփոփեց Տիրան Լոքմագյոզյանը:

Տեսանյութեր

Լրահոս