Բաժիններ՝

Քրիստոնյայի համար սուրբ օրը կիրակին է

Տասը պատվիրաններից չորրորդը՝ «Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն» (Ելք 20:8), մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն՝ հատկացնել աստվածապաշտության, ձեռնպահ մնալ աշխարհիկ գործերից և այդ օրը նվիրել Աստծուն: Աստվածաշնչի առաջին էջերում կարդում ենք, որ. «Աստված վեցերորդ օրն ավարտեց արարչագործությունը և Իր կատարած բոլոր գործերից հետո՝ յոթերորդ օրը, հանգստացավ» (Ծննդոց 2:2): Տերը մեզ օրինակ ծառայեց, որ մենք էլ վեց օր աշխատենք, իսկ յոթերորդ օրը հանգստանանք: Հրեաների համար հանգստյան այդ օրը շաբաթն է, այն բոլորին աշխատանքից հանգստանալու ընդմիջում էր տալիս՝ ազատներին ու ստրուկներին և նույնիսկ ընտանի կենդանիներին: Հինկտակարանյան ժամանակաշրջանում շաբաթվա օրերը չեն ունեցել հատուկ անվանումներ, այլ պարզապես թվերով են անվանվել՝ առաջին, երկրորդ օր և այսպես շարունակ: Միայն յոթերորդ օրն է անուն ունեցել՝ շաբաթ, որ նշանակում է «հանգիստ»:

Ս. Գրքում շաբաթ օրվա մասին բազմիցս է խոսվում: Հրեաները ծայրահեղացրել էին շաբաթը սուրբ պահելը: Օրինակ՝ Մակաբայեցիների պատերազմի ժամանակ ապստամբների մի խումբ գերադասեց մեռնել «քար չշպրտելով», քան կռվել շաբաթ օրը, և գլխովին ոչնչացվեց: Այդժամ հավատի համար պայքարի ոգեշնչող քահանա Մատաթիան որոշեց գործել այլ կերպ. «Պետք է կռվենք շաբաթ օրը»,- ասաց նա: Ալեքսանդր Մենը նշում է, որ փարիսեցիների մեջ մեկ անգամ չէ, որ հնչեցին բողոքի ձայներ, հանգստին վերաբերող օրենքները չափազանց ուռճացնելու դեմ: «Շաբաթն է տրված ձեզ, և ոչ թե դուք՝ շաբաթին»,- ասում էր նրանցից մեկը (Մակաբայեցիներ 2:32-41): Հատկապես ջերմեռանդ էին հեսսեականները:

Նրանք գտնում էին, որ եթե շաբաթ օրը փոսի մեջ մարդ կամ կենդանի է ընկել, դուրս քաշել-հանել կարելի է միայն հաջորդ օրը: Շարունակելով արգելքների շարքը՝ նշենք, որ հրեաների մոտ արգելված էր կերակուր պատրաստել, անգամ որոշված էր, թե այդ օրը քանի քայլ կարելի է կատարել, արգելված էր շաբաթ օրով բժշկել, վեր կենալ և վերցնել մահիճը.

«Օրը շաբաթ է և Օրենքի դեմ է, որ վերցնես մահիճդ» (Հովհաննես 5:10),- հանդիմանում էին հրեաները Տիրոջ կողմից բժշկված մարդուն: Օրենքի նախանձախնդիրներն այն աստիճան բծախնդրության էին հասցրել շաբաթը պահելը, որ բարի գործ կատարելու իրավունք չկար, նրանց բնավ չէր ուրախացնում 38 տարվա անդամալույծի բժշկվելը, կարևորը նրանց համար Օրենքն էր խախտվել: Հրեաները հավատում էին, որ շաբաթ օրով կատարված ամեն գործ՝ բարի կամ չար, մեղք էր: Քրիստոս նման տեսակետները դիտում էր որպես Մովսեսի պատվիրանների ոգու խեղաթյուրում:

Կարդացեք նաև

Շաբաթ օրով արգելված էր անգամ հասկ քաղել: Երբ Հիսուսի աշակերտները հասկեր պոկեցին և կերան, փարիսեցիներն ասացին Հիսուսին. «Տե՛ս, Քո աշակերտներն ի՞նչ են անում շաբաթ օրով, մի բան, որ մեր Օրենքով արգելված է» (Մարկոս 2:24): Այս պատճառով Քրիստոս այսպիսի անմիտ ըմբռնողության դեմ զինվեց և նրանց բացատրեց շաբաթվա նշանակությունը: «Հիսուս պատասխանեց նրանց.

– Դուք չե՞ք կարդացել, թե ինչ արեց Դավիթը, երբ պետք էր ուտել, այսինքն՝ երբ ինքը և իր հետ եղողները քաղցած էին: Աստծո տունը չմտա՞վ, երբ Աբիաթարը քահանայապետ էր, չկերա՞վ առաջավորության հացերը և չտվե՞ց նաև իր հետ եղողներին, մի բան, որ ըստ Օրենքի միայն քահանաներին էր թույլատրված:

Ապա ավելացրեց.

– Շաբաթ օրը մարդու համար է եղել, և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա համար: Ուրեմն Մարդու Որդին նաև շաբաթ օրվա տերն է» (Մարկոս 2:25-28):

Մեր Տերը բազում հիվանդների բժշկեց շաբաթ օրով՝ Կափառնայումում մի մարդուց դուրս հանեց պիղծ ոգուն (Մարկոս 1:21-28), այդ օրը բուժեց Սիմոնի զոքանչի ջերմախտը (Մարկոս 1:29-31), բացեց ի ծնե կույրի աչքերը (Հովհաննես 9:1-41), բուժեց չորացած ձեռքով մարդուն (Մատթեոս 12:9-13), կուչ եկած կնոջը (Ղուկաս 13:10-16), ջրգողով հիվանդին (Ղուկաս 14:1-6): Վերջին բժշկության ժամանակ Հիսուսի այն հարցին, թե. «Մեր Օրենքը թույլ տալի՞ս է շաբաթ օրով բժշկել», Օրենքի ուսուցիչները լռեցին (Ղուկաս 14:3-4): Քրիստոս, շաբաթ օրով բժշկություններ կատարելով, հաստատում էր, որ շաբաթ օրով բարիք գործելն արգելված չէր:

Հիսուս փարիսեցիների առջև այսպիսի հարց դրեց. «Եթե ձեզնից մեկի էշը կամ եզը ջրհորն ընկնի, նա այն չի՞ հանի շաբաթ օրով» (Ղուկաս 14:5):

Մեր Տերը ցույց տվեց, որ ողորմածությունն ու գթասրտությունն ավելի կարևոր են, և չորրորդ պատվիրանը պահելը չպետք է վնասի մարդուն:

Ի տարբերություն հրեաների՝ դեռևս առաքելական ժամանակաշրջանից քրիստոնյաների համար սրբագործյալ հանգստյան օրը դարձավ շաբաթվա առաջին օրը` միաշաբթին, որը կոչվեց կիրակի: Այն առաջին օրն է, օրերի սկիզբը, օրերի օրը, այդ պատճառով էլ կոչվում է միաշաբթի: Նրան են հաջորդում շաբաթվա մյուս օրերը՝ երկրորդը, երրորդը և այլն: Միաշաբաթ բառն այսօր գործածվում է ժամակարգության մեջ, օրինակ Առավոտյան ժամերգության «Նորաստեղծեալ» երգի մեջ:

Շաբաթվա մյուս օրերի համեմատ կիրակին քրիստոնյայի համար պատվելի և կարևոր օր է: Քրիստոսով այն սրբագործվեց՝ ստանալով նոր իմաստ. այդ օրը մեր Տեր Հիսուս Քրիստոս հարություն առավ, Քրիստոսի մկրտության օրը` կիրակի էր, ինչպես նաև Քրիստոսի Այլակերպության օրն էր կիրակի, առաքյալներն այդ նույն օրը Վերնատանը ստացան Սուրբ Հոգին, Քրիստոսի Երկրորդ գալուստն այդ օրն է լինելու: Ինչպես նաև կիրակի օրը Նոյը տապան մտավ, Աստված խոսեց Աբրահամի, նաև Մովսեսի հետ Սինա լեռան վրա, և Օրենքը տրվեց: Փարավոնից Իսրայելի ազատության օրը, երբ ծովն անցան, կիրակի էր: Կիրակի նշանակում է «տերունի», քանի որ Տիրոջը միշտ ունի իրենում: Այդ օրը ոչ միայն հանգստանում ենք կենցաղային հոգսերից և թողնում ենք բոլոր մարմնավոր գործերը, այլև նվիրում ենք Աստծուն՝ հետևելով միայն աստվածահաճո գործերին. գնում ենք եկեղեցի, մասնակցում Ս. Պատարագին, աղոթում, շնորհակալություն հայտնում անցած շաբաթվա համար և օրհնություն խնդրում եկող շաբաթվա համար, օգնում աղքատներին, կարոտյալներին: Հանգիստը միայն Աստծուց է և Աստծով: Աշխարհում չենք կարող գտնել այնպիսի հանգիստ, ինչպիսին Աստված միայն կարող է տալ: Աստծուց հեռու եղող մարդու համար հանգիստ չկա: Ահա թե ինչու Քրիստոս կոչ է ուղղում մեզ դեպի Իրեն գնալու և հանգիստ գտնելու. «Եկե՛ք Ինձ մոտ դուք բոլորդ, հոգնածներ և բեռնավորվածներ, և Ես պիտի հանգիստ տամ ձեզ» (Մատթեոս 11:28): Աստված է միայն տալիս սրտի խաղաղություն, Նա է օգնում մեզ, թե ինչպես հաղթահարել ներքին հակասությունները: Աստված և՛ աշխատանքը օրհնեց, և՛ հանգիստը: Այնպես որ ճիշտ աշխատելը և ճիշտ հանգստանալը ոգեշնչում է մարդուն և երիտասարդացնում:

Իսկ շաբաթ օրը քրիստոնյաների կողմից պատվվում է որպես սրբոց հիշատակության օր: Յուրաքանչյուր ոք աստվածային այս պատվիրանին անհնազանդություն է ցուցաբերում, եթե առանց ծայրահեղ անհրաժեշտության աշխատում է կամ էլ ծուլության պատճառով չի գնում եկեղեցի: Այս պատվիրանը խախտում են նաև նրանք, ովքեր անտեղի արգելում են իրենց հարազատներին, ենթականերին և գործակիցներին եկեղեցի գնալ Տիրոջ սուրբ օրը՝ աղոթելու և արարողություններին մասնակցելու: Պատվիրանը չեն պահում նաև նրանք, ովքեր ուղղակի հետաքրքրության համար են գնում եկեղեցի, որոնց մտքերն այս ու այն կողմ են թափառում:

Քրիստոնյաներս այս պատվիրանի նպատակն անգործ մնալու մեջ չենք որոնում, այլ հոգեկան կազդուրման: Աստված մարդուն թելադրում է շաբաթվա մեջ մի օր հատկացնել որոշ նպատակի համար, այս պարագայում՝ Աստծուն:

Կիրակի առավոտյան, երբ սկսում է Ս. Պատարագը, շատ մարդիկ դեռ քնած են: «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո՛վ ծույլ, կամ ե՞րբ պիտի զարթնես քնից»,- ասում է առակագիրը: Նման մարդիկ պատճառաբանում են, թե մի կիրակի է, հանգստյան օր է, երկար ենք քնում: Բայց կիրակի օրն է, որ Ս. Պատարագ է մատուցվում եկեղեցում:

Քրիստոնյա մեր երկրում ինչպե՞ս է տարբերվում կիրակի օրը շաբաթվա մյուս օրերից: Կարելի է ասել՝ ոչ մի բանով: Քանի որ ինչպես մյուս օրերին, այնպես էլ կիրակի օրը հարկի և անհարկի բաց են բոլոր խանութները, առևտրի ու զվարճանքների կենտրոնները:

Այսօր հաճախ մարդկանցից լսում ենք, որ ժամանակ չունեն կիրակին սուրբ պահելու, այսինքն՝ եկեղեցի գնալու, աղոթելու, հոգևոր ընթերցանությամբ զբաղվելու, իսկ մյուս օրերին՝ առավել ևս: Սակայն ամենազբաղված մարդն անգամ, երբ աշխատանքից տուն է վերադառնում, թեև, ցավալի է, որ ժամանակ չունի աղոթելու, սակայն, ժամանակ է տրամադրում հեռախոսով խոսելու, ժամերով հեռուստացույց դիտելու, համակարգչից օգտվելու, թերթեր, ամսագրեր կարդալու և այլն: Այն մարդիկ, ովքեր փորձում են կիրակին սուրբ պահել, ստանում են ավելին. Աստված օրհնում է նրանց աշխատանքը, բազմապատկում է նրանց ուժերը և օգնում, ի տարբերություն նրանց՝ ովքեր իրենց ժամանակն անցկացնում են անգործությամբ և ծուլությամբ: Եվ հակառակը՝ Աստված չի օրհնում այն գործերը, որ կատարվում են կիրակի օրը: Պատմվում է, որ մի գյուղացի իր արտում կարտոֆիլ է ցանում, մի մասը ցանում է կիրակի օրը, իսկ մյուսը՝ երկուշաբթի: Որոշ ժամանակ անց նկատելի է դառնում, որ կիրակի օրվա ցանածները համարյա թե չեն աճել՝ ի տարբերություն մյուս օրվա ցանածի:

Չորրորդ պատվիրանը պահելիս պետք է զգուշանալ չընկնել ծայրահեղությունների մեջ, մի կողմից ինչպես փարիսեցիները, իսկ մյուս կողմից էլ՝ ընդհանրապես ուշադրություն չդարձնել այս պատվիրանին: Քրիստոս, բացատրելով շաբաթ օրվա խորհուրդը, մեջբերում է կատարում Հին կտակարանից. «Ողորմություն եմ ուզում և ո՛չ զոհ» (Մատթեոս 12:7; Օսե 6:6):

Մարդուն մնում է ընտրություն կատարել. «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19): Կենարար դարձի դեպքում ամենաթշվառ չարագործն անգամ գնում է դեպի հույս, մահվան մատնվածը՝ դեպի կյանք (Ս. Գրիգոր Նարեկացի, Բան ԺԱ):

Աստծու սուրբ օրը պահելով՝ ավելի ենք մոտենում Տիրոջը, ճանաչում Նրա կամքն ու կատարում: Եվ Աստծու պատվիրանները պահելը դժվար չեն. «Այն պատվիրանները, որոնք այսօր Ես պատգամում եմ քեզ, ո՛չ դժվար են, ո՛չ էլ՝ քեզ անմատչելի… Քեզ չափազանց մոտիկ է այդ խոսքը. քո բերանում, քո սրտում է, և դու ի վիճակի ես կատարելու այդ» (Երկրորդ Օրենք 30:11; 14): Աստվածային պատվիրանները մարդու հոգևոր և մարմնավոր բարօրության և հավիտենական երջանկության համար է:

Կազմեց Կարինե Սուգիկյանը

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս