Փաշինյանը նույնիսկ կհամաձայնի լինել «Արևմտյան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիևի ձեռքի տակ, միայն թե նստի աթոռին. Քաղաքագետ

Հայաստանում գնալով ակտիվանում են առաջիկա հնարավոր ԱԺ արտահերթ ընտրությունների մասին քննարկումները: Իշխանություններն արդեն իսկ գործի են անցել՝ հող նախապատրաստելու վերջին 5 տարում 4-րդ արտահերթ ընտրությունների անցկացման համար: Դրա վկայությունը Նիկոլ Փաշինյանի «ճամփորդություններն» են՝ հանրապետության մարզային բնակավայրեր:

Իսկ մի շարք ՏԻՄ ընտրություններում իշխող ուժն ամեն գնով պահել է իր քաղաքական ազդեցությունը: ՔՊ-ականներն էլ ակտիվ քայլեր են իրականացնում՝ իրենց ճամբար հնարավորինս մեծաթիվ մարդկանց ներգրավելու համար:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը 168.am-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ գործող իշխանություններին արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են միայն մեկ նպատակով՝ լեգիտիմացնելու իրենց հերթական դավաճանությունը՝ ստորագրելու, այսպես կոչված, «խաղաղության պայմանագիրը»: Իսկ այդ պայմանագիրը, ըստ Համբարյանի, Ադրբեջանը չի պատրաստվում ստորագրել Հայաստանի համար ցանկալի սցենարով:

«Ադրբեջանն ուղղակիորեն պարտադրում է Հայաստանին՝ ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ բաց թողնելով սահմանազատման և սահմանագծման դրույթը: Բայրամովը շատ պարզ ասաց, որ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիր, իսկ սահմանազատումն ու սահմանագծումն իրականացնել հետո: Խնդիրն այստեղ այն է, որ Ադրբեջանի իշխանությունները չեն ցանկանում ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականության 29.800 քկմ-ն, քանի որ իրենք հասել են իրենց ուզածին. ամբողջությամբ կլանել ու հայաթափել են Արցախը, օկուպացրել են ՀՀ-ի համար ռազմավարական տեսանկյունից շատ կարևոր տարածքներ: Ադրբեջանը գրեթե ամբողջությամբ վերահսկում է Սյունիքի ու Վայոց ձորի մարզով անցնող բոլոր ավտոմայրուղիները, խմելու ջրի բավականին մեծ պաշարներ: Ադրբեջանը վերահսկում է կարևորագույն այնպիսի բարձունքներ, ինչպիսիք են Իշխանասարը, Սոթք-Խոզնավար հատվածը, ինչպիսին են Ջերմուկի մատույցները: Պատմության մեջ չի եղել, որ թուրքը լինի Ջերմուկից՝ 2 կմ, իսկ Կապանից՝ ընդամենը 200 մետր հեռավարության վրա: Ադրբեջանը վերահսկում է նաև Ներքին Հանդի տարածքները:

Կարդացեք նաև

Իրենց գործընկերների, հատկապես ԵՄ պաշտոնյա Շառլ Միշելի անմիջական ակտիվ ջանքերի շնորհիվ, Հայաստանն ուղղակիորեն հրաժարվեց Արցախից ու ճանաչեց Ադրբեջանի «տարածքային ամբողջականությունը՝ 86.600 քկմ-ով», ներառյալ նաև Արցախը: Իսկ դրա դիմաց մենք ստացանք «երեք մատի կոմբինացիա»»,- ցավով համոզմունք հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ այդ ամբողջ գործընթացի շարունակության համար ՀՀ իշխանություններին պետք է հերթական անգամ «ապացուցել» իրենց լեգիտիմությունը՝ մեղքը ժողովրդի վրա բարդելով:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ՀՀ սուվերեն տարածք ապօրինի ներխուժման հետևանքով օկուպացրել է շուրջ 200 քկմ տարածք: Այս ամբողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմիցս առաջարկել է ադրբեջանական կողմին՝ զորքերը հայելային ձևով հետ քաշել, սակայն, ադրբեջանական կողմը չի ընդունել այդ առաջարկները:

Իսկ նախօրեին, Թուրքիայի ԱԳՆ-ի հետ հանդիպմանն Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը նաև ասել էր, որ իրենք չեն պատրաստվում հետ քաշել ադրբեջանական զորքերը՝ ՀՀ սուվերեն տարածքից, քանի որ սահմանագծում ու սահմանազատում արված չէ:

«Նիկոլն էլ, ինչպես Արցախի 75 տոկոսը հանձնելուց հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպեց ու վերարտադրվեց իշխանությունում, պարտությունը բարդելով ժողովրդի վրա, այնպես էլ հիմա է անելու: Ասելու է՝ պայմանագիրը ստորագրեցի, դե, թող ժողովուրդը հիմա ասի, թե ում է վստահում: Կրկին կվերարտադրվի իշխանությունում, և դրանով կտրվի ՀՀ 3-րդ Հանրապետության կործանման սկիզբը: Եթե որևէ մեկը երազում է, որ Նիկոլ վերընտրելով և Խաղաղության պայմանագիր ստորագրելով՝ Հայաստանն ազատվելու է բոլոր տեսակի խնդիրներից՝ չարաչար սխալվում է: Պանդորայի արկղը նոր է բացվելու, և թուրք-ադրբեջանական տանդեմն անցնելու է իր հակահայկական նոր ծրագրերին, որի վերջնարդյունքը պետք է լինի հայերի բռնի գաղթն ու ՀՀ տարածքն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը»,- ասաց Գագիկ Համբարյանը:

Հայաստանում հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման դեմ է արտահայտվում նաև ընդդիմադիր թևը՝ հասկանալով դրանց հնարավոր հետևանքները:

Այդուհանդերձ, Գագիկ Համբարյանի գնահատմամբ, այդ ընտրությունների անցկացումը թույլ չտալու համար հակաքայլերը բավարար չեն:

«Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ շատ թույլ է, և իր բոլոր ձախողումներն է՛լ ավելի են ուժեղացրել Նիկոլի իշխանությունը: Ընդդիմությունը շատ լավ գիտի, որ նաև իր վարկանիշն է ցածր: Նաև այդ պատճառով չի ցանկանում, որպեսզի տեղի ունենան այդ ընտրությունները»,- ասաց քաղաքագետը:

Իսկ Փաշինյանն այս ընթացքում արդեն իսկ, կարծես, մեկնարկել է իր քարոզարշավը՝ մարզերում ու գյուղական բնակավայրերում:

«Պատահական չեն նաև Փաշինյանի կողմից տարբեր համայնքներում տարվող իշխանազավթումները: Գիտեք, Ախուրյան համայնքում, դրանից առաջ՝ Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում, Ալավերդիում տեղի ունեցած խայտառակ դեպքերն էլ չենք կարող մոռանալ: Այնպես որ՝ «քայլիստներն» ամեն ինչի դիմում են, որպեսզի ՏԻՄ-երում ուժեղացնեն իրենց դիրքերը, կիրառել վարչական բոլոր ռեսուրսները՝ իշխանությունում վերընտրվելու համար»,- համոզմունք հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանությունների անցկացրած յուրաքանչյուր արտահերթ ընտրություն նոր ողբերգության ու պատերազմի մեկնարկ է դառնում՝ Համբարյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը դրա մասին չի մտածում: Ըստ նրա՝ Փաշինյանի միակ նպատակն իշխանական աթոռը պահելն է:

«Իրենք սարսափում են իշխանության կորստից: Իրենք շատ լավ գիտեն, որ այդ դեպքում իրենց ու իրենց ընտանիքների ճակատագիրն ինչ է լինելու: Ու քանի որ այդ վտանգը զգում են, գիշատչային բնազդով են պաշտպանում իրենց իշխանությունը: Իրենք արհամարհած ունեն և՛ ՀՀ շահերը, և՛ հայ ժողովրդի շահերը, կարևորն իրենք իշխանություն ունենան: Համոզված եմ, որ Փաշինյանը նույնիսկ կհամաձայնի լինել «Արևմտյան Ադրբեջանի» կառավարիչ, Ալիևի ձեռքի տակ, միայն թե ինքն աթոռ ունենա Երևանում: Կապ չունի՝ Երևանը կդառնա «Իրեվա՞ն», թե՞ չէ»,- ցավով արձանագրեց Համբարյանը:

Այս համատեքստում քաղաքագետը պատահական չհամարեց նաև Բաքվում սպասվող առաջիկա նախագահական ընտրությունները: Ըստ նրա՝ դա Ալիևին պետք է կապիտալիզացնելու և ամրապնդելու անցած 3 տարիներին տարած «հաղթանակները», իսկ պարտված հարևանին ստիպելու շարունակել կատարել իր բարձրացրած պահանջները:

«Քանի դեռ իր վարկանիշն ադրբեջանական հասարակության մոտ բավականին բարձր է, քանի որ ինքը համարվում է հաղթանակ տարած ղեկավար, մարդ, ով կատարել է իր խոստումները, ինքը հիմա փորձում է արագընթաց, է՛լ ավելի ամրապնդել իր դիրքերը՝ իշխանության աթոռին: Այսպիսով նա հնարավորություն կունենա նաև շարունակելու իր նեոպանթուրանական ու նեոպանօսմանական ծրագիրը, որի կնքահայրը Թուրքիայի նախագահ Էրդողանն է»,- ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նազելի Ստեփանյան

Տեսանյութեր

Լրահոս