«Բալերինա»-ն երազանքները կիրականացնի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում
Ամանորի առթիվ թե՛ փոքրիկ, թե՛ մեծահասակ հանդիսատեսը կարող է հայտնվել հեքիաթում՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում դիտելով «Բալերինա» վառ, գունեղ երաժշտական ներկայացումը, որում բազմաթիվ դերասաններ են ընդգրկված: Ներկայացման գլխավոր հերոսները թատերասերներին հորդորում են երբեք չհանձնվել, առաջ գնալ ու իրականացնել ամենանվիրական երազանքները:
Առաջնախաղը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Պրեմիերային ընդառաջ «Արմենպրես»-ի թղթակիցը զրուցել է թատրոնի տնօրենի, ստեղծագործական կազմի ներկայացուցիչների հետ:
«Յուրաքանչյուր տարի չորս առաջնախաղ ենք ունենում. մեկը մյուսից հետաքրքիր և ծավալուն են: Գալիս է մի պահ, երբ ցանկանում ես անել մի բեմադրություն, որով ինքդ քեզ կգերազանցես: «Բալերինա»-ն հենց այդ ներկայացումն է: Բեմադրության մեջ շուրջ երեսուն դերասան է խաղում, Պարարվեստի պետական քոլեջին սաներն են, Թատերական ինստիտուտի խորեոգրաֆիայի բաժնի ուսանողները, պարողներ այլ խմբերից: Մեծամասնությունը պարող կազմն է, որովհետև երաժշտական ու խորեոգրաֆիկ աշխատանք է: Չենք ցանկանում ասել մյուզիքլ. դա ազնիվ չի լինի: Մյուզիքլը բեմում կենդանի երգ է պահանջում, իսկ այս դեպքում ձայնագրություն է»,-նշում է թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն ու վստահեցնում՝ հանդիսատեսը գոհ կմնա:
Ներկայացման ռեժիսոր Լիլի Էլբակյանը պարբերաբար համագործակցում է տարբեր թատրոնների հետ. և՛ բեմադրություններ է անում, և՛ հանդես գալիս որպես դերասանուհի, սակայն Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմը նրա համար նոր է:
«Հետաքրքիր ու շատ բարդ է նաև երեխաների հետ աշխատելը: Փորձում ես չդերասանից դերասան ստանալ: «Պապա Կարլո»-ին եմ հիշում. ասես փայտից դերասան ստանաս: Այստեղ ինձ օգնեց նաև դերասանուհու փորձառությունը»,-ասում է Էլբակյանը:
Ռեժիսորի խոսքով՝ սպասվում է ուրախ և գունեղ ներկայացում, որի հիմնական ուղերձը երազանք ունենալն ու դրա ետևից գնալն է: «Հրաշալի պարեր են, կարծում եմ՝ ներկայացումը ստացվել է: Նախնական տևում էր մեկ ժամ քառասուն րոպե, սակայն կրճատելու ենք, քանի որ օրվա ընթացքում մի քանի անգամ են խաղալու»,-տեղեկացնում է նա:
Բալետի պարուհու կերպարում Լիլի Էլբակյանի դուստրն է՝ Էլմիրա Ադիյանը, որը սովորում է Պարարվեստի պետական քոլեջում: Էլբակյանը նրան չի արգելել զբաղվել բալետով, սակայն գիտի, որ այն բարդ մասնագիտություն է: Ըստ նրա՝ եթե ներկայացումը դիտեն մեծահասակները, ծնողները, կտեսնեն, որ երեխային պետք չէ ստիպել մասնագիտություն ընտրել: «Հերոսուհիներից մեկը՝ Կամիլան չի ուզում բալերինա դառնալ, պարում է, քանի որ մայրն է ստիպում: Հաճախ ծնողներն են երեխայի փոխարեն որոշում նրա մասնագիտությունը: Դա ճիշտ չեմ համարում»,-ասում է ռեժիսորն ու հավելում՝ ներկայացման մեջ ընդգրկված երեխաները շատ համառ են, մեղվի պես աշխատում են իրենց նպատակին հասնելու համար:
Էլմիրա Ադիյանը մարմնավորում է Ֆելիսին, որը մոր մահից հետո հայտնվում է մանկատանը: Այնտեղից փախչելով՝ հայտնվում է օպերային թատրոնում:
«Իմ հերոսուհին նպատակասլաց աղջիկ է և գնում է իր երազանքի հետևից: Շատ հետաքրքիր դեր է, ասես ինձ համար գրված լինի: Կերպարն ինձ շատ նման է. ես ևս երազում եմ բեմում հաջողությունների հասնել, ինչի համար պայքարում եմ»,-նշում է դերասանուհին:
Նա առաջին անգամ չէ բեմ բարձրանում. խաղացել է Խամաճիկների պետական թատրոնում «Մարդուկ-ջարդուկ» ներկայացման մեջ, բայց առաջին անգամ է մեծ բեմ բարձրանում, խոստովանում է՝ և՛ վախ կա, և՛ պատասխանատվության մեծ զգացում:
«Պարուհու հմտություններն ինձ շատ օգնեցին այս ներկայացման մեջ խաղալու գործում: Շատ հեշտ էր նաև կերպարը կերտելը, իսկ մայրիկիս հետ աշխատելը բարդ է, քանի որ նա շատ պահանջկոտ է, բայց արդեն սովորել եմ»,-խոստովանում է Էլմիրա Ադիյանը:
«Բալերինա»-ն պատմում է մի աղջկա մասին, որն ընկերոջ հետ փախչելով որբանոցից, մեկնում է Ֆրանսիա՝ բալետի պարուհի դառնալու համար: Կորցնելով ընկերոջը՝ Վիկտորին, մնում է միայնակ և թափառում գիշերային Փարիզով։ Թափառելիս մտնում է մի թատրոն, հիանում՝ տեսնելով բալետի պարուհուն: Հանկարծ թատրոնի պահակը բռնում է նրան ու մեղադրում գողության մեջ։ Մաքրուհին, որի անունն Օդետ է, պաշտպանում է Ֆելիսին: Հենց նրա օգնությամբ է Ֆելիսը հաճախում պարի դպրոց:
Ներկայացման բեմադրիչը Լիլի Էլբակյանն է, բեմադրող նկարիչը՝ Գարեգին Եվանգուլյանը, կոստյումների նկարիչը Մարինա Թադևոոսյանն է, խորեոգրաֆը՝ Արտյոմ Գևորգյանը, երգերի հեղինակը՝ Մարիամ Շահինյանը, գրաֆիկական աշխատանքներն իրականացրել է Մուշ Գարուկյանը:
Թե՛ փոքրիկ հանդիսատեսը, թե՛ մեծահասակները ներկայացումը կարող են դիտել ոչ միայն դեկտեմբերին, այլև հունվարին:
Անժելա Համբարձումյան