Խոշոր բիզնեսներն ու փողերը՝ փոխվարչապետի վերահսկողության տակ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունում նոր սեռի կարդինալ է հայտնվել, որն արդեն հասցրել է խանդի տեսարանների առիթ դառնալ: Խոսքը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթին կառավարական կաբինետից դժգոհություններ են փոխանցվել առ այն, որ փոխվարչապետը Նիկոլ Փաշինյանին զեկուցում է հարցերն ու երեւույթներն այնպես, ինչպես իրեն է հարմար, որպեսզի իր մտերիմները մաքսիմալ օգուտ քաղեն պատեհ իրավիճակից:
Հայաստանի գրեթե բոլոր խոշոր բիզնեսների հետ Գրիգորյանն այս կամ այն կերպ առնչվում է վերահսկողական տեսանկյունից՝ շինարարական մեծ ծրագրեր, «Վիվասել» ընկերության առեղծվածային վաճառքը նոր՝ արդեն աղմկահարույց սեփականատերերին, «Հայփոստի» շենքի վաճառքը, «Ռենշին» խոշոր կառուցապատող ընկերությունը, որտեղ ինքը տարիներ շարունակ տնօրեն է եղել:
Կարճ ասած, մեծ ծրագրերը, որտեղ կան մեծ ֆինանսական հարցեր եւ շահույթ, Մհեր Գրիգորյանի վերահսկողության տակ են: Երիտպաշտոնյաները սկսել են խանդի տեսարաններ նրա շուրջ»: