Գյումրեցի արվեստագետը ստեղծում է հայ հայտնիների ասեղնագործ դիմանկարները
Կտավ, սև թել ու հանգստություն՝ պարտադիր պայմաններ են տարբերվող դիմանկարներ ստանալու համար։ Չունենալով նկարչական կրթություն՝ Մարի Մկրտչյանը կարող է թելերի օգնությամբ լուսանկարներից չտարբերվող պատկերներ ստանալ։ «Իմ ասեղն իմ վրձինն է»,- «Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ նշել է Մարին:
Աշխատանքի մեջ ամենաբարդը հայացքն ստանալն է, երբ հայացքը ստացվեց, ամեն ինչ արդեն դյուրին է դառնում։ Ստվերները՝ հաստ ու բարակ թելակարից է ստանում։ «Դժվարը հայացքը ստանալն է։ Հենց հայացքն է, որ կտավը բնական է դարձնում»,- ասել է արվեստագետը։
Դիմանկարները շատ բնական են, երբեմն նույնիսկ պետք է շատ ուշադիր զննել՝ հասկանալու համար, որ դա սպիտակ կտավի վրա սև թելեով արված ասեղնակար է։
Մասնագիտությամբ գոբելենագործ-ժանյակագործ է։ Ավելի ուշ վերապատրաստվել է որպես դիզայներ մոդելավորող, բայց մյուսներից տարբերվելու ձգտումն ու անվերջ ստեղծագործելու ցանկությունն է, որ Մարիին «ստիպեցին» սեփական ինքնատիպ ձեռագիր-ոճը ունենալ։
Իսկ ամեն ինչ սկսվեց, երբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց Տանը աշխատած տարիներին տեսնում է սաներից մեկի՝ Ավետիք Իսահակյանի դիմանկարը ու որոշում յուրովի՝ ասեղի ու թելի օգնությամբ ստանալ Վարպետի դիմանկարը։ Հետո, արդեն հայտնվում են մյուս հայտնիները՝ Կոմիտաս, Ազնավուր, Մհեր Մկրտչյան, Սևակ, Բաբաջանյան և այլն։ Հեղինակն արդեն դժվարանում է թվարկել՝ ավելի քան քառասունն են։
Թեև նորաձևության ոլորտում է 2002 թվականից, դիմանկարներ սկսել է ասեղնագործել 2016 թվականից։ Անկեղծանում է՝ դեռ շատ հայտնիներ կան, որոնց չի անդրադարձել՝ առաջիկայում մտածում է Մոնթեի ու Սիլվա Կապուտիկյանի դիմանկարների մասին։
Յուրաքանչյուր դիմանկար Մարիից մեկ շաբաթ է պահանջում։ Հայ հայտնիների դիմանկարներից բացի, ստեղծում է նաև հայրենի բնապատկերների ու ճարտարապետական կոթողների գունանակարներ, անմահացած զինվորների նկարներ: Անհատական ցուցահանդեսներ ունեցել է ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում։
Մարին երբեք չի դադարում ստեղծագործել, ասում է, երբ որդիները զինվորական ծառայության մեջ էին, իրեն հենց ասեղնանկարչությունն է օգնել, բայց ասեղը ձեռքն է առնում երբ հոգին խաղաղ է՝ պատերազմի օրերին ստեղծագործել չէր ստացվում. թիկունքի համար անհրաժեշտ իրեր էր կարում։ Մարին ոչ միայն ինքն է սիրում ասեղով ստեղծագործել, այլ նաև սովորեցնել ու հաճույքով սովորեցնում է բոլոր նրանց, ով ցանկանում է տիրապետել այս արվեստին։