Անդրանիկ Քոչարյանը «ժամկետանց» գրությունից հետո անցել է օգնականի միջոցով «անֆայլ նամակով» պատասխանի. ով է նրա օգնականը
Նոյեմբերի 16-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել էր, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին պաշտոնական գրություն է փոխանցվել, որպեսզի նա ներկայանա 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով:
«Լրատվամիջոցները գրում են, որ Սամվել Շահրամանյանը չի պաշտոնավարել այդ ժամանակ, բայց մոռանում են, որ նա մինչև 2020 թվականի մայիսի 29-ը եղել է Արցախի ԱԱԾ տնօրենը»,- շեշտել էր Անդրանիկ Քոչարյանը:
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սամվել Շահրամանյանը համաձայնել է ներկայանալ Քննիչ հանձնաժողով՝ նոյեմբերի 24-ին:
«Անդրանիկ Քոչարյանը մոռացել է 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն եղած Կամո Աղաջանյանին» վերտառությամբ հոդվածում 168.am-ը գրել էր, որ 2020 թվականի մայիսի 29-ից ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում Սամվել Շահրամանյանին փոխարինել էր Կամո Աղաջանյանը, ով 44-օրյա պատերազմի ընթացքում, լինելով ԱԱԾ տնօրեն, շատ ակտիվ և հրապարակային շրջում էր առաջնագծում: Մասնավորապես, 2020 թվականի նոյեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աղաջանյանն այցելել էր մարտական դիրքեր և ԱԱԾ ծառայողների ներկայությամբ ԱԱԾ փոխտնօրեն Նորայր Միրզոյանին հանձնել գեներալ-մայորի ուսադիրները:
Սրանից 2 օր հետո Նորայր Միրզոյանը զոհվում է նույն հատվածում՝ Սղնախ գյուղի պաշտպանության ժամանակ, նաև 2020 թվականի նոյեմբերի 3-ին առաջնագծում ներկա Աղաջանյանի մեկ այլ տեղակալ՝ Արայիկ Գրիգորյանը:
Ավելին, մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ տնօրեն աշխատած Կամո Աղաջանյանի «բացած կամազի ճանապարհով է Հադրութից թշնամին հասել Շուշի»:
Հավելենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ով 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնն էր զբաղեցնում, ասել էր, որ ինքը նախապես տեղյակ չի եղել պատերազմի ժամկետից, և հավելել.
«Հետագայում պարզել եմ, որ ամսի 19-ին, ամսի 25-ին ԱԱԾ պետը՝ Կամո Աղաջանյանը, հստակ ասել է, որ պատերազմ է սկսվելու: Էդ հետո եմ ես ճշտել: Այո, Աղաջանյան Կամոն զեկուցել էր մի անգամ՝ ամսի 19-ին, մի անգամ՝ ամսի 25-ին, և զորքերի մեծ մասը տարել են առաջին գիծ: Հետո եմ դա իմացել»:
Ճշտող հարցին՝ զեկուցվել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՞ն, Սամվել Բաբայանն արձագանքել էր. «Երևի, բա էլ ո՞ւմ»:
168.am-ի վերը նշված հոդվածում մենք անդրադարձել էինք նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին՝ սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 8-ը, ՀՀ ԱԱԾ տնօրեն աշխատած Արգիշտի Քյարամյանին, և նոյեմբերի 8-ին ԱԱԾ տնօրեն նշանակված Արմեն Աբազյանին:
Սակայն մենք այս հարցադրումները ոչ միայն մեր հոդվածում ենք բարձրացրել, այլև գրավոր հարցման միջոցով նոյեմբերի 16-ին ուղղել ենք ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, իհարկե, այլ հարցեր ևս եղել են: Ստորև ներկայացնում ենք դրանք.
– Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրավիրվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողով՝ որպես Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն, որը պաշտոնավարել է նախքան 2020 թվականի պատերազմը: Իսկ Ս. Շահրամանյանին 2020 թվականի մայիսի 29-ից ԱՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնում փոխարինել է Կամո Աղաջանյանը: Չե՞ք պատրաստվում Քննիչ հանձնաժողովում լսել նաև Կամո Աղաջանյանին, ով պաշտոնավարել է 44-օրյա պատերազմի ընթացքում:
– Քննիչ հանձնաժողով չի՞ հրավիրվելու նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, ով ՀՀ ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2020 թվականի հունիսի 8-ին և ազատվել այդ պաշտոնից 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:
– ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին հարցեր ունի՞ հանձնաժողովը, քննարկվե՞լ է նրան հանձնաժողովում լսելու հարցը, ինչպես ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի դեպքում՝ հաշվի առնելով նաև իրավական ինչ-ինչ հարցերը:
Մեր PDF ֆայլով և ստորագրությամբ ուղարկված այս գրավոր հարցմանը նոյեմբերի 23-ին Անդրանիկ Քոչարյանն այս անգամ որոշել է պատասխանել օգնականի՝ Փայլակ Առաքելյանի միջոցով: Ընդ որում, այդ պատասխանը չի ուղարկվել ոչ PDF ֆայլով, ոչ էլ գոնե word ֆայլով, կարճ ասած՝ «տնավարի», որի բովանդակությունն էլ չի տվել որևէ հարցի պատասխան:
«Ի պատասխան Ձեր կողմից ուղարկված 16․11․2023թ․ գրության, տեղեկացնում եմ
Ձեզ, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական
գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ
հանձնաժողովն (այսուհետ՝ Քննիչ հանձնաժողով) իր ձևավորման պահից գործում է
ըստ սահմանված աշխատակարգի, ուստի բոլոր որոշումները, այդ թվում Քննիչ
հանձնաժողովի լսումներին հրավիրյալների հարցը, քննարկվում է Քննիչ
հանձնաժողովի փակ նիստերի ընթացքում՝ ըստ ձեռքբերված տեղեկությունների և
պաշտոնական փաստաթղթերի, հետևաբար այդ որոշումները ենթակա չեն նախօրոք
հրապարակման»,- նշվում է Անդրանիկ Քոչարյանի օգնականի մեզ ուղարկված պատասխան նամակում:
Մեր պարզ և կոնկրետ հարցերին ստացել ենք այս հերթապահ պատասխանը, ինչպես ասում են՝ no comment…
Հանուն արդարության նշենք, որ եթե մեկ անգամ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանը պատասխանել է (մնացած դեպքերում՝ օրերի ընթացքում) մոտ 5 ամիս հետո, բայց անգամ այդ դեպքում և սահմանված ժամկետներում, մյուս բոլոր դեպքերում միշտ մեր գրավոր հարցումներին պատասխանել է անձամբ, սեփական ստորագրությամբ և, այսպես ասած, տեխնիկապես պատշաճ, ինչն այս անգամ չկար:
Հիշեցնենք, որ Քննիչ հանձնաժողովի աշխատանքների ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին, և, թերևս, Սամվել Շահրամանյանի՝ նոյեմբերի 24-ի հարցաքննությունից հետո լավագույն դեպքում ևս մեկ հոգու լսեն Քննիչ հանձնաժողովում:
Իսկ մենք մեր հարցման մեջ ընդամենը հարցրել էինք՝ եղե՞լ է քննարկում կամ ցանկություն հարցաքննելու նաև Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Կամո Աղաջանյանին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին: Իսկ նոյեմբերի 16-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Անդրանիկ Քոչարյանն ակնարկել էր, որ ՀՀ ԱԱԾ նախկին և ներկա ղեկավարներից իրենց անհրաժեշտ տեղեկություն ստացել են:
«Ինչ-որ անհրաժեշտ է մեզ տեղեկատվության առումով, հիմնական մեզ հետաքրքրող տեղեկատվությունը մենք ստացել ենք, և կարևոր չէ՝ մարդկանց հրավիրե՞լ ենք, թե՞ ոչ»,- ասել էր նա:
Եվ մեր հարցմանը պատասխանելիս կարող էր կրկնել այս միտքն օգնականի միջոցով:
Ինչ վերաբերում է Անդրանիկ Քոչարյանի օգնական Փայլակ Առաքելյանին, ապա նա այն անձն է, ով 2021 թվականի հունիսին 18-ին տարածել էր Սամվել Բաբայանի ծրագրած Սղնախ-Ավետարանոց օպերացիայի քննարկման տեսանյութը՝ հետևյալ գրառմամբ.
«2020թ. նոյեմբերի Շուշիի օպերացիան (չիրականացված), որը փոխելու էր պատերազմի ողջ ընթացքը: Դատողությունները թողնում եմ բոլոր գիտակից մարդկանց ու «իրար միս կրծող» քաղաքական օղակներին»:
2020 թվականի դեկտեմբերին Սամվել Բաբայանը լրատվամիջոցներից մեկի եթերում մանրամասնել էր, որ Սղնախ գյուղում ադրբեջանցիները ստեղծել էին բազա ու ձգվում էին դեպի Շուշի։
«Օպերացիան հետևյալն էր. երեք գումարտակ՝ 2-ը՝ Հայաստանից, մեկը Ղարաբաղից՝ Առաջաձորի գումարտակը: Խնդիրը հետևյալն էր՝ Ավետարանոց գյուղի դիմացով պիտի նստեին ու բարձունք վերցնեին, հակառակորդին ճանապարհից կտրեին, երկրորդ՝ Սղնախը երկու կողմից շրջապատեին՝ հակառակորդին ստիպելով Շուշիից հետ քաշվել: Շոշ գյուղում գումարտակի հրամանատարներին բացատրվում է օպերացիան, որ Շուշիի խնդիրը կլուծվի։ Նոյեմբերի 5-ի գիշերը ժամը 2-ին ինձ ասում են, որ առաջին հերթին Առաջաձորի գումարտակը հրաժարվում է, հետո Հայաստանի երկու գումարտակներն են հրաժարվում կատարել դա»,- շարունակել էր նա:
Իսկ Փայլակ Առաքելյանի տարածած տեսանյութում Սամվել Բաբայանն ասում է. «Սղնախն արդեն անցնում ես, դրա տակ, Սղնախի էս կողքով գալիս ես այստեղ: Դրանից այս կողմ, կիլոմետր, կիլոմետր ու կես դեպի Քիրսը: Ունե՞ք ճանապարհ, որով փայտ էիք հանում, չգիտեմ ինչ էիք անում, ճանապարհ ունե՞ք»։
Այնուհետև Բաբայանը շարունակում է. «Դա է, հենց այդ ճանապարհը պետք է փակվի: Այս հետևում նստած ժողովուրդը, որ դու գնաս հարձակման, արդեն դառնալու են ավտոմատ ռեզերվ: Ուրեմն խնդիրը հետևյալն է. արդեն հակառակորդը Շուշին շրջափակել է: Վաղվա մեր գործողությունից կախված է ամբողջ Ղարաբաղի ճակատագիրը: Կարողանո՞ւմ եք հասկանալ, թե ինչ եմ ասում: Այսինքն՝ որևիցե մի րոպե հապաղել կամ պրոբլեմներ ստեղծել չկա: Ինչ խնդիր որ ստացել եք, ամեն մարդ իր խնդիրը կատարում է: Որ հակառակորդի թիկունքը փակվի, սնուցման մեխանիզմը փակվի, հակառակորդին կարողանանք ոչնչացնել: Հակառակ դեպքում մենք պիտի այստեղից դուրս գանք ուղիղ Երևան, ասենք՝ Ղարաբաղ, ցտեսություն, հողերը տանք, գնանք: Դեռ հարց է՝ ադրբեջանցին թողնո՞ւմ է, որ մեր զորքերը, ժողովուրդը հանենք: Այսինքն՝ էս օպերացիան ձևական չի»:
Նշենք, որ Շուշիի պաշտպանությունը պատշաճ չկատարելու մեղադրանքով անազատության մեջ է ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը:
Այս տարվա օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկել էր լսել Արզումանյանին:
«Կարծում եմ, որ նրան անհրաժեշտություն կա լսելու, նույն ձևով կարելի է միջնորդել, ինչպես իմ դեպքում արվեց: Կրկնում եմ՝ դրա անհրաժեշտությունը կա, մասնավորապես փակ մասում: Այն շահարկումները, որոնք կան Շուշիի հետ կապված, անընդունելի են, և կարծում եմ՝ ինքը պետք է խոսի»,- շեշտել էր Դավիթ Տոնոյանը:
Հավելենք, որ հուլիսի 6-ին Արզումանյանը հայտարարություն էր տարածել և նշել, որ որպես թիրախ է ընտրվել:
Ինչ վերաբերում է ՊԲ մյուս նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, ապա առաջիկա օրերին պարզ կդառնա՝ Ջալալ Հարությունյանը կկանչվի՞ Քննիչ հանձնաժողով, թե՞ իրավական խնդիրները չեն թողնի: