Անդրանիկ Քոչարյանի «ժամկետանց» գրությունը և աբսուրդային պատասխանը. մի դեպքում նույն հարցը հարցում է համարվում, մեկ այլ դեպքում՝ ոչ

168.am-ը հունիսի 12-ին հարցում էր ուղարկել ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, որտեղ նախ նշել էինք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը մայիսին հայտարարել էր, որ հանրությանը հուզող հարցերի մասին կարող է խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով:

Նույն հարցի մեջ հիշեցրել էինք, որ ինքը՝ Անդրանիկ Քոչարյանը, վստահեցրել էր, որ Տոնոյանի առաջարկը կքննարկվի, սակայն որոշվել է, որ հունիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հրապարակային և բաց ելույթ է ունենալու:

Ելնելով վերոգրյալից՝ հարցրել էինք՝ «Դավիթ Տոնոյանի առաջարկը մերժվե՞լ է, անկախ իր կարգավիճակից, նա հրապարակային ելույթի հնարավորություն կունենա՞»:

Մեր այս գրավոր հարցման մեջ ևս երկու հարց էինք ներառել, դրանք են՝

Կարդացեք նաև

– ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը ե՞րբ է հրավիրվելու Քննիչ հանձնաժողով:

– Հնարավո՞ր է՝ ինչ-որ պահի որևէ կերպ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին լսեն Քննիչ հանձնաժողովում, ի վերջո, անազատության մեջ գտնվող Դավիթ Տոնոյանին հարցաքննելը հնարավոր է համարվել:

Մեր այս հարցման պատասխանը մենք այդպես էլ չստացանք Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովից այս ընթացքում, թեպետ մի քանի անգամ էլ. փոստով դրա ճակատագրի մասին հարցրել ենք: Իսկ հետո հարցերը կորցրեցին իրենց ակտուալությունը, քանի որ հայտնի դարձավ, որ 2023 թվականի հունիսի 20-ին և հունիսի 27-ին Նիկոլ Փաշինյանի՝ Քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին և 2-ին հարցաքննվելու է, ավելին՝ ունենալու է հրապարակային ելույթի և հարցերին պատասխանելու հնարավորություն, ինչը, ըստ էության, տեղի ունեցավ:

Երկրորդ հարցի պատասխանին էլ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցներում հետագայում մի քանի անգամ անդրադարձավ, իսկ 3-րդ հարցի պատասխանն էլ, ըստ էության, ենթադրելի դարձավ:

Բայց նոյեմբերի 6-ին մեկ էլ անսպասելի գրություն ենք ստանում ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից՝ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ և նոյեմբերի 3-ով թվագրված, որտեղ ի պատասխան մեր հունիսի 12-ի հարցման՝ նշված է, թե բարձրացված հարցերն ընթացիկ աշխատանքային հարցեր են, հարցում չեն հանդիսանում:

Այսինքն, մի կողմից՝ ունենք մոտ 5 ամիս հետո ստացված գրություն, մյուս կողմից՝ աբսուրդային պատասխան:

Ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե 2023 թվականի հոկտեմբերի 28-ին ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով ուղարկված մեր հարցին, թե՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին ե՞րբ եք հրավիրելու Քննիչ հանձնաժողով, Անդրանիկ Քոչարյանը նոյեմբերի 2-ին իր պատասխան գրության մեջ չպատասխաներ՝ «ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված է քրեական գործ։ Նա կհրավիրվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստին, եթե այս ընթացքում քրեական գործը փակվի»:

Ինչպես ասում են՝ no comment…

Տեսանյութեր

Լրահոս