«Հիմա մարդը մեղքն այսօր ընդունել է, վաղն ուրիշ բան կասի». ՇՊՀ ռեկտորը սպասում է դատարանի որոշման, իսկ կաշառակերության մեջ իր մեղքն ընդունած ամբիոնի վարիչը շարունակում է պաշտոնավարել
Այս տարվա հունիսի 9-ին Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն հրապարակեց այն մասին, որ Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը 2022-2023 թթ. մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից, որպես կաշառք, ստացել է տարբեր չափերի գումարներ: Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև կաշառքի միջնորդության և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ:
Ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ վերը նշված համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը՝ Ա. Մ.-ն, շուրջ երկու տասնյակ ուսանողների 2022-2023 թվականների ուսումնական կիսամյակի քննությունները դրական գնահատելու, ինչպես նաև մագիստրոսական թեզերը կազմելու և դրանց դիմաց դրական գնահատականներ նշանակելու համար նրանցից ստացել է տարբեր չափերի՝ 60.000-340.000 ՀՀ դրամ կաշառք: Ավելի ուշ պարզվեց՝ խոսքն Արթուր Մկրտչյանի մասին է:
Նոյեմբերի 10-ին էլ Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն տարածեց առ այն, որ այդ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2022 թ. օգոստոսի 23-ից հանդիսանալով «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, իր ծառայողական լիազորություններով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, 2022-2023 թթ. մի շարք ուսանողների օգտին ապօրինի գործողություններ կատարելու համար նրանցից որպես կաշառք ստացել է ընդհանուր ավելի քան 900 հազար ՀՀ դրամ:
19 ուսանողից տարբեր չափերի կաշառք պահանջելու և ստանալու համար Արթուր Մկրտչյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Ներկայացված մեղադրանքում վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Ամբիոնի վարիչին կաշառք տված ուսանողների նկատմամբ էլ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումներ են կայացվել՝ գործուն զղջալու հիմքով:
Այստեղ ընդմիջենք ու վերհիշենք, որ ՇՊՀ ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանից մոտ երկու շաբաթ առաջ՝ մայիսի 24-ին, նույն Հակակոռուպցիոն կոմիտեն նույն կաշառք ստանալու մեղադրանքով ձերբակալել էր ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկանին, նրա տեղակալին, երկու դասախոսի և վերջիններիս կաշառք տված անձանց: Հետո հայտնի դարձավ, որ դեկանը նաև կալանավորվել է:
Իսկ ահա 168.am-ի տեղեկություններով՝ ՇՊՀ տնտեսագիտության ամբիոնի վարիչ Արթուր Մկրտչյանը ոչ միայն ձերբակալվելուց երկու օր անց ազատ է արձակվում, այլև շարունակում պաշտոնավարել իր նույն՝ ամբիոնի վարիչի պաշտոնում:
Այսինքն՝ կաշառակերության մեջ մեղադրվող անձը, ով ներկայացված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք, շարունակում է պաշտոնավարել Տնտեսագիտության ամբիոնի վարիչի պաշտոնում: ՇՊՀ-ում զանազան ասեկոսեներ են պտտվում, թե ինչու ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը և ՇՊՀ բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի դեկան Լևոն Մարտիրոսյանը չեն կարողանում ազատվել Արթուր Մկրտչյանից: Ըստ ՇՊՀ-ի մեր աղբյուրների՝ Արթուր Մկրտչյանը հայտարարել է, որ իրեն նշված անձինք աշխատանքից ազատել չեն կարող:
«Իսկ իրավաբանորեն ո՞նց եք պատկերացնում այդ գործընթացը: Դատարանի որոշում չկա, կա անմեղության կանխավարկած: Երբ կլինի դատարանի համապատասխան վճիռ, այդ ժամանակ նոր կարվի քայլ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ կաշառակերության մեջ մեղադրվող ամբիոնի վարիչը շարունակում է պաշտոնավարել:
Վերջինիս խոսքով՝ գործը հասել է դատարան, և ինքը քննչական մարմիններից Արթուր Մկրտչյանի գործունեությունը սահմանափակելու որոշում չի ստացել:
Ինչ վերաբերում է այն տեղեկություններին, որ Արթուր Մկրտչյանը հայտարարել է՝ իրեն աշխատանքից ազատել չեն կարող, ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը հարցով պատասխանեց՝ «Ի՞նչ է նշանակում աշխատանքից ազատել: Աշխատանքից ազատելու համար պիտի ունենամ հիմք: Դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռ չկա, և կա քննական ընթացքում ընթացող գործ: Եղել է մի հատ հայտարարություն: Կլինի, այդ ժամանակ ոչ ոք իրավունք չունի օրենքը խախտել»:
Դիտարկմանը, որ կա հարցի բարոյական կողմը, երբ մարդն ընդունել է, որ ուսանողներից կաշառք է վերցրել, տվել է ինքնախոստովանական ցուցմունք, սակայն շարունակում է պաշտոնավարել որպես ամբիոնի վարիչ, ՇՊՀ ռեկտորը բավականին ուշագրավ պատասխան տվեց:
«Հիմա մարդը մեղքն այսօր ընդունել է, վաղն ուրիշ բան կասի, երրորդ օրն ուրիշ բան կասի, չորրորդ օրն ուրիշ բան կասի: Բազում նման իրավիճակներ են հանդիպել, և մենք շարժվել ենք օրենքի տառին համապատասխան: Կունենայինք նման որոշում, կկատարեինք այդ որոշումը»,- ասաց ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը: